Պարզվում է` սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողը ո՛չ ՀՀ իշխանություններն են, ո՛չ էլ եվրոպական կառույցները: Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողն ԱԻՄ-ն է: Երեկ հրավիրած ասուլիսում նման բացահայտում արեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Եվ այսքանից հետո զարմանալի չէ, որ ԱԻՄ-ն «այո» է ասում առաջարկվող փոփոխություններին: Երեկվա ասուլիսում սակայն Պ. Հայրիկյանը խոսեց առաջարկվող փոփոխությունների միայն բացասական կետերի մասին: Դրանք նույնիսկ ԱԻՄ-ի կողմից Եվրոպական Մարդու իրավունքների դատարանին ուղղված դիմումի նյութ են դարձել, քանի որ առաջարկվող նախագծով Հայրիկյանի համոզմամբ` խախտվում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան: Բայց դե նման մանր-մունր թերություններն, իհարկե, չեն չեզոքացնում այն հսկայական առաջընթացը, որն ապահովում է առաջարկվող նախագիծը: Հայրիկյանի համոզմամբ՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հավերժական է, ու նա երեկ ներկայացրեց նաեւ որոշ դրույթներ, որոնք պատրաստվում են ներառել սահմանադրական հաջորդ փոփոխությունների մեջ, սակայն թե ինչն է խանգարել իրենց նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների մեջ ներառել այդ դրույթները, նա չմասնավորեցրեց: Կհարցնեք, ինչպե՞ս է ԱԻՄ-ը մասնակցելու հանրաքվեի քարոզարշավին: «Լիարժեքորեն՝ նախաձեռնողի եւ տիրոջ իրավունքով»,- ավետեց Հայրիկյանը եւ պատրաստակամություն հայտնեց ղեկավարել «այո» քարոզարշավի աշխատանքն ու իր «հսկայական ու աննախադեպ» փորձը փոխանցել Մհեր Շահգելդյանին: ԱԻՄ-ը պատրաստվում է ստորագրել «այո» քարոզող 22 կուսակցությունների ստորագրած հայտարարությունը: Իսկ ինչո՞ւ են հապաղում: «Կյանքի օրենքն է՝ հայրիկը պետք է սպասի, համբերությամբ հետեւի, թե ինչպես են զավակներն ընկալել իր մատուցած գաղափարները, ինչպես են զարգացնում դրանք, եւ վերջում միայն ասի իր խոսքը»,- հայրաբար ասաց Հայրիկյանը: Վերջինս «համեստորեն» շեշտում է, որ «այո» քարոզարշավի ծանր գործն իրենից լավ ոչ ոք չի կարող ղեկավարել: Նա նաեւ չի ընդունում այն մեղադրանքները, որ իրենք «այո» քարոզելու հարցում միացել են իշխանություններին: «Իրենք են մեզ միացել»,- հայտարարեց ընդդիմադիր Հայրիկյանը: «Ընդդիմության մեջ կան մարդիկ, որ ասում են՝ պետք է խորհրդարանական հանրապետություն ունենալ: Դա պետականագիտության տեսանկյունից տգիտություն է»,- Շավարշ Քոչարյանի բոստանը քար գցելով` իր ասելիքը եզրափակեց Պ. Հայրիկյանը: