«Չի կարելի վստահաբար ասել, որ Հայաստանն այսօր Ռուսաստանի անվիճելի գործընկերն ու դաշնակիցն է Հարավային Կովկասում»,- երեկ Դոնի Ռոստովում հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը: Նրա կարծիքով, վերջին տարիներին Հայաստանում բարդացել է եւ՛ տնտեսական, եւ՛ սոցիալական, եւ՛ քաղաքական իրավիճակը: Ռեշետնիկովը հիշեցրել է, որ Հարավային Կովկասի երկրներից Ռուսաստան է մեկնել այդ երկրների բնակչության մոտ կեսը, այդ թվում նաեւ՝ մտավորականության զգալի մասը, ովքեր բարեկամաբար են տրամադրված ՌԴ-ի նկատմամբ: «Եթե հասարակ մարդիկ մտահոգությամբ են խոսում Կովկասից Ռուսաստանի հեռանալու մասին, ապա հիմա ՀՀ-ում ապրող մտավորականության ու պետական գործիչների մոտ այլ տրամադրություններ են»,- ասել է փորձագետը: Ռեշետնիկովի ներկայացմամբ, այսօր Հայաստանում ակտիվացել է ԱՄՆ-ը, եւ պատահական չէ, որ ամերիկացիները Երեւանում կառուցել են աշխարհում ամենամեծ դեսպանատունը: «Դա նշանակում է, որ ԿՀՎ-ն այնտեղ տարածաշրջանային նստավայր է կառուցել, եւ դա բոլորի համար հասկանալի է: Դրա համար էլ այնտեղ աշխատում են 300-400 սպաներ՝ դիվանագետների կամ վարչատեխնիկական աշխատակիցների անվան տակ»,- նշել է նա: Նրա դիտարկմամբ` ամերիկացիների նպատակն է՝ հանել այն վերջին օղակը, որը դեռ խանգարում է նրանց` Կովկասում առանց ռուսների ազդեցության գոտի ստեղծելուն: Դրան է միտված նաեւ հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը: «Մի քանի տարի առաջ ես առիթ եմ ունեցել զրուցել ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ներկայացնող մարդկանց հետ: Դեռ այն ժամանակ առանձնազրույցներից մեկում նրանք ասում էին. «Ահա ԱՄՆ-ը հզոր տերություն է, ինչո՞ւ ենք մենք կողմնորոշվում դեպի ՌԴ»: Ես մի բարձրաստիճան գործչի ասացի. «Ախր ԱՄՆ-ը ձեզ փող չի տա զարգանալու համար, նրանք վարկ են տալիս, օրինակ, Երեւանի կոյուղու զարգացման համար, որն օգտագործվելու է առանձին մարդկանց հարստացման համար: Ամերիկացիները դրանով միայն գնում են երկրի բարձրագույն ղեկավարությանը»: Իմ զրուցակցի դեմքից ես հասկացա, որ նա շատ գոհ է, որ ԱՄՆ-ը հենց այդ նպատակներն է դնում իր առջեւ»,- ընդգծել է Ռեշետնիկովը` հավելելով, որ Հայաստանում ՌԴ-ի դիրքերի թուլացումը նկատելի կլինի առաջիկա երկու տարիներին: