Երեկ լրատվական կայքերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ ժամից ավելի գտնվել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի առանձնատանը: Ավելի ուշ եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, եւ ՀՀ կառավարությունից հաստատել են այդ փաստը` նշելով, որ դա եղել է «վարչապետի ու ԱՄՆ դեսպանի հերթական ավանդական հանդիպումներից»: Զրույցի մանրամասները, բնականաբար, չեն հրապարակվել: Ակնհայտ է, սակայն, որ Տ. Սարգսյանի այդ կիսաքողարկված այցը պայմանավորված է եղել Մ. Յովանովիչի` ԵՊՀ-ում օրերս տեղի ունեցած հայտնի ելույթով, որն իսկական հիստերիա է առաջացրել մի կողմից՝ ՀՀ իշխանական վերնախավում, մյուս կողմից` ռուսական «փորձագիտական շրջանակներում»: Իրականում Մ. Յովանովիչը ԵՊՀ-ում հնչեցրած իր ելույթում խոսել է այնպիսի ճշմարտությունների մասին, որոնք մի կողմից՝ բխում են ՀՀ Սահմանադրությունից, մյուս կողմից` գոնե հրապարակայնորեն այդ մասին խոսում են ՀՀ իշխանությունները: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի դեսպանը խոսելով քաղաքացիական հասարակության կայացման անհրաժեշտության մասին` կարեւորել էր խորը եւ արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը` ՀՀ-ում ժողովրդավարության խորացման եւ քաղաքական երկխոսության ակտիվացման համար: Ընդ որում, եւ ելույթում, եւ դրանից հետո հնչած պարզաբանման մեջ Մ. Յովանովիչը մեջբերել էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերը, որ «ՀՀ-ի առաջընթացը պահանջում է ժողովրդավարության խորացում, քաղաքական երկխոսության ակտիվացում եւ եվրոպական չափանիշների հետեւողական ներմուծում պետական, հասարակական եւ տնտեսական կյանքի բոլոր ոլորտներ»: Ավելին, իր ելույթից հետո հնչած գնահատականներին ի պատասխան՝ ԱՄՆ դեսպանն ուղիղ ասել էր. «Նա երկրի նախագահն է, եւ դուք վստահաբար համաձայն եք այդօրինակ սահմանման հետ»: Յովանովիչի այս խոսքերի տակ իշխանությունները, եւ, որ ավելի կարեւոր է` ռուսական քաղաքական շրջանակները «հեղափոխության կոչ» են տեսել եւ լծվել են տիկնոջը հակահարված տալու գործին: Իսկ իշխանությունների երեկվա քայլի հաշվարկը շատ պարզ է, ավելի ճիշտ` պարզունակ. նրանք արեւմտամետի համարում ունեցող (հայտնի չէ` ինչի համար) Տիգրան Սարգսյանին ուղարկել են Յովանովիչի մոտ` ստեղծված իրավիճակը «հարթելու» համար: Եթե նույնիսկ ԱՄՆ դեսպանի խոսքերում իշխանական «ինտելեկտուալները» նման վտանգ են տեսել, անթույլատրելի է դրան արձագանքել այսպիսի մակարդակով ու ձեւով: Ընդհուպ այն աստիճանի, որ իշխանության կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը (Գալուստ Սահակյանի անձն այստեղ երկրորդական է, նրան առանց այն էլ լուրջ չեն վերաբերվում) հայտարարում է. «Այն, ինչ դեսպանն է ասում, մեր կողմից մերժելի գնահատականների է արժանի»: Ամենազարմանալին այն է, որ նույն իշխանությունները որեւէ կերպ չեն արձագանքում, երբ տեղից վեր կացող հերթական ռուս պաշտոնյան Հայաստանն անվանում է «ֆորպոստ», դասեր է տալիս անգամ Երեւանի քաղաքային իշխանություններին, կամ, ասենք, կազակներն ուզում են այստեղ «ստանցիա» բացել: