ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի համոզմամբ` ՀԱԿ-ի կողմից ներկայացված 15 կետից բաղկացած վերջնագիրը հուշում է, որ այն կազմվել է «գունավոր հեղափոխությունների կենտրոններից մեկում»: Պարզվում է, նա նման ենթադրություն է արել` դատելով հուշագրից, քանի որ այնտեղ «առկա բոլոր գումարները ներկայացված են դոլարային տեսքով». «Հայաստանի նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար, գործազրկության նպաստը` դրա 50 տոկոսը (100 դոլար), իսկ միջին կենսաթոշակը` միջին աշխատավարձի 40 տոկոսը (112 դոլար)»,- հուշագրից մեջբերել է Գ. Մինասյանը: «Սա թույլ է տալիս մտածել առնվազն երկու հնարավոր տարբերակների մասին. կամ այդ 15 կետերը մշակվել են գունավոր հեղափոխությունների կենտրոններում եւ այդտեղից ուղարկվել են Հայաստան, կամ հակառակը` մշակվել են այստեղ եւ ուղղված են այդ գունավոր հեղափոխությունների կենտրոններին, ինչը վերջին հաշվով նույնն է: Ցանկացած քաղաքական ուժ, որը գործում է Հայաստանում եւ գործում է հայ ժողովրդի համար, բնականաբար, իր ազգային դրամով պետք է իր արժեքները ներկայացնի, այն արժեքները, որոնք նա գտնում է, որ պետք է փոխհատուցվեն քաղաքացիներին: Հակառակն ուղղակի աբսուրդ է»,- ասել է նա: