ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «սեւ PR» է համարում ընդդիմության կողմից վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված վերջին քննադատությունները, որոնք արվեցին անցած շաբաթ հ/ը-ին տրված նրա հարցազրույցի պատճառով: ՀՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ վարչապետին ուղղված հարցադրումները բավականին սուր էին, իսկ նրա պատասխանները` շատ հետաքրքիր: «Նրա պատասխաններն ու մտքերը միայն այսօրվա ծրագրերին չէին վերաբերում, կար նաեւ ապագային միտված ծրագրեր: Հանրապետական կուսակցության տնտեսական ծրագիրն այսօր, բնականաբար, վարչապետն է իրականացնում՝ իր կառավարությունով հանդերձ: Սոցիալական խնդիրներ, գոնե այն չափով, որքան բյուջեով է նախատեսված, կատարվում են, կրճատում չի եղել»,- ասում է Ռ.Զոհրաբյանը: Իսկ նկատելի առաջընթաց չունենալու համար պատգամավորը հիշեցնում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: «Ամեն դեպքում միջազգային ճգնաժամը ոչ միայն ազդեց ՀՀ-ի վրա, այլ ողջ աշխարհի վրա: Այս հեղափոխությունները արդյունք են նաեւ այդ ճգնաժամի: Մենք փոքր երկիր ենք եւ ավելի հեշտ դուրս եկանք այդ վիճակից: Ժողովուրդն, իհարկե, իշխանություններից դժգոհելու իրավունք ունի: Իսկ կառավարությունն էլ հնարավորությունների սահմաններում պետք է աջակցի նպաստներով, փոխհատուցումներով»: Առավել սուր մեկնաբանությունների եւ քննադատության արժանացավ Տ.Սարգսյանի այն միտքը, թե Հայաստանն ավելի շատ իր տնտեսությունը պետք է զարգացնի գիտության վրա հիմնված ճյուղերի միջոցով, եւ ոչ թե՝ արտադրության միջոցով: ՀՀԿ փոխնախագահը պաշտպանում է նաեւ այս տեսակետը: «Աշխարհում չկա որեւէ մի վարչապետ եւ չի էլ լինի, որ ասի, թե երկրին արտադրություն պետք չի: Մյուս կողմից էլ՝ ճիշտ է, որ մենք ծանր արտադրություն, մեքենաշինություն չենք կարող ունենալ, ավտոմեքենա չենք կարող արտադրել»,- եզրափակում է Ռ.Զոհրաբյանը: Հիշեցնենք նաեւ, որ այդ հարցազրույցում Տ.Սարգսյանի արտահայտած մտքերը «ապրիլմեկյան կատակ» էր անվանել անկախ պատգամավոր ընտրված Լյովա Խաչատրյանը: