Պահանջելու են հեռացնել

05/03/2011

Երեկ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են մարտի 3-ին ՀՀ կառավարության շենքի առջեւ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ կառավարության շենքի մոտակայքում բացօթյա առեւտրով զբաղվող առեւտրականների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների եւ պատգամավորների միջեւ բախում է տեղի ունեցել: Ըստ ցուցարարների, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ քաշքշել է Զարուհի Փոստանջյանին: Ի դեպ, քաշքշոցի հետեւանքով վատացել էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել էին հիվանդանոց: «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ում նույնպես ոստիկանները քաշքշում էին այդ ակցիայի ժամանակ, երեկ հայտարարել է, որ իրենք դիմելու են դատարան եւ ծառայողական քննություն են պահանջելու որոշ ոստիկանների հանդեպ: «Եթե երեկ ոստիկաների կողմից «Ժառանգության» հանդեպ թույլ տրված գործողություններն արժանի պատասխան չստանան, եւ հարցը չլուծվի մինչդատական շրջանակներում, ապա կուսակցությունն անխոս դիմելու է դատական համակարգ: Մենք նաեւ ծառայողական քննություն ենք պահանջելու եւ ակնկալում ենք, որ դրա արդյունքում Ոստիկանության համակարգից օրենքը խախտած ոստիկանները կհեռացվեն»: Ա. Մարտիրոսյանի խոսքով` կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան բացառապես խաղաղ բնույթ է կրել, եւ, իր գործողություններում ապօրինի որեւէ արարք չի եղել: «Դուք նույնիսկ Ոստիկանության կողմից արված նկարահանումներում չեք կարող գտնել մի կադր, ուր իմ մասնակցությամբ անօրինական դրվագներ լինեն, որոնք նախորդած կլինեին Ոստիկանության գործողություններին»,- ասել է նա: «Բարոյականությունից որքա՞ն զուրկ պիտի լինի ոստիկանը, որ կանգնի ու հայտարարի, որ Անահիտ Բախշյանը հայհոյել է իրեն»,- հավելել է նա:

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ասել է, թե կարեւորը ոչ թե միջադեպի պատասխանատուներին հայտնաբերելն է, այլ այն, որ հետայսու բացառվի նման միջադեպերի կրկնությունը: Ըստ Գ. Սահակյանի` պատգամավորները տարակուսած են տեղի ունեցածից, քանի որ իրավապահներն, անկախ հանգամանքներից, պետք է պատշաճ վերաբերմունք դրսեւորեին պատգամավորների նկատմամբ, «սակայն, իրենց հերթին էլ, պատգամավորները պետք է մեղմեն ժողովրդի դժգոհությունները` փորձելով խնդիրները լուծել իշխանությունների հետ»: Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության կողմից ԱԺ նիստերը բոյկոտելու սպառնալիքներին, Գ. Սահակյանն ասել է, թե դա չի բխում պետության եւ հենց կուսակցության շահերից: «Ժառանգությունը» մեզ փոքր-ինչ ձանձրացրել է, բայց մենք ի վիճակի ենք լսել կառուցողական քննադատություն»,- ասել է նա: