«Չնայած մի շարք ոլորտներում, ընդ որում` առավել հաճախ թղթի վրա, քան իրականում, արձանագրված առաջընթացին` Հայաստանում բարեփոխումները շատ դանդաղ են առաջ գնում, ինչը խարխլում է ժողովրդի հույսերն ու նկրտումները»,- ասված է Մեծ Բրիտանիայի հեղինակավոր փորձագիտական կենտրոններից մեկի` «Foreign Policy»-ի զեկույցում: Ուսումնասիրելով Հայաստանի ներքաղաքական կյանքի ու արտաքին քաղաքականության վերջին զարգացումները` կոռուպցիայի դեմ պայքարից, կոալիցիոն նոր հուշագրից մինչեւ հայ-թուրքական հաշտեցում ու ղարաբաղյան խնդրի կարգավորում, փորձագետները հինգշաբթի օրը հրապարակած զեկույցում հայտարարել են. «Չնայած բարեփոխումների մասին Սերժ Սարգսյանի վերջին բավական կարեւոր հայտարարություններին, իշխող կուսակցության քաղաքականությունը դրանց իրագործման համար վստահություն չի ներշնչում: Մտավախություն կա, որ փոփոխությունները հիմնականում կոսմետիկ բնույթ կկրեն` գալիք ընտրություններից առաջ իշխանության դիրքերն ամրապնդելու համար»: Ուսումնասիրության ղեկավար Ադամ Հագը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է. «Կարծում եմ` միջազգային հանրությունն ակնհայտորեն արդարացված կասկածներ ունի ՀՀ իշխանությունների կողմից հայտարարված բարեփոխումների վերաբերյալ` հաշվի առնելով այն, ինչ կատարվել է մինչ օրս: Նայեք, օրինակ, թե ինչ է կատարվում մամուլի ազատության ոլորտում` կրճատվում է հեռուստաալիքների թիվը, սահմանափակվում է ընդդիմախոսների` եթերում երեւալու եւ լսելի լինելու հնարավորությունը, շարունակվում են հարձակումները լրագրողների նկատմամբ… Այս ամենը վստահություն չի ներշնչում, թե իշխանության կողմից բարեփոխումների մասին արված հայտարարությունները անկեղծ են»: Փորձագիտական խմբի համոզմամբ, սեփական ժողովրդի եւ միջազգային հանրության վստահությունը վերագտնելու համար պաշտոնական Երեւանը պետք է առաջին հերթին էական փոփոխություններ իրականացնի երեք առանցքային ոլորտներում` արդարադատության համակարգ, խոսքի ազատություն եւ ժողովրդավարության զարգացում: «Կոալիցիոն կուսակցությունների ստորագրած վերջին հուշագրի արդյունքում խորհրդարանի միակ ակնհայտ ընդդիմադիր կուսակցությունը` «Ժառանգությունը», բոյկոտեց եւ լքեց նիստերի դահլիճը: Սա առողջ զարգացում չէ Հայաստանի ժողովրդավարացման համար, եւ եթե նախագահ Սերժ Սարգսյանն իսկապես անկեղծ է եվրոպական չափանիշներին հավատարիմ լինելու` իր հավաստիացումներում, ապա պետք է ճանապարհ գտնի` ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ երկխոսություն սկսելու համար»,- ընդգծել է փորձագիտական խմբի ներկայացուցիչ, «Հայաստանը` լուսարձակի տակ» ուսումնասիրության ղեկավար Ադամ Հագը: