ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը երեկվա ասուլիսում անդրադառնալով նախօրեին ՀՀ կառավարության շենքի առջեւ տեղի ունեցած միջադեպին, ասել է, թե այն «ապացուցեց հայ ոստիկանների անօգնականությունը եւ անգրագիտությունը»: Ըստ նրա` հայ ոստիկանները դեռեւս չեն գիտակցում, որ ժամանակները վաղուց փոխվել են, եւ մարդկանց հետ կոպտորեն վարվելու խորհրդային միջոցներ կիրառել այլեւս չի կարելի: «Երեւում է, Ոստիկանության հետ ԵԱՀԿ սեմինարները ոչ մի արդյունք էլ չեն տվել, նրանց դեռեւս ոչինչ չի հասել: Վայ ինձ, եթե իմանայի, որ մեր բոլոր ոստիկաններն են այնքան անգրագետ, որքան երեկ կառավարության դեմ շղթա կազմածները: Բայց լավ է, որ դա այդպես չէ: Եթե մի անձ տեղյակ չէ, որ անմեղության կանխավարկածը ոտնահարելը հանցանք է, ինչպե՞ս պետք է պաշտպանի քաղաքացուն»: Ի դեպ, երեկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ասուլիսում` խոսելով վերոնշյալ միջադեպի մասին, ասել է, թե այդ միջադեպը «Ժառանգություն» կուսակցության կողմից կազմակերպված PR ակցիա էր: Ըստ նրա` PR ակցիա էր նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ «Ժառանգության» պատգամավորների` ՀԱԿ հանրահավաքին մասնակցելը: Ադիբեկյանի խոսքով` ՀԱԿ-ը սկսել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, եւ հանրահավաքից հանրահավաք պետք է կարողանա ներկայացնել նոր թեզեր, գտնել նոր թերություններ իշխանությունների գործելակերպում: Ի դեպ, Ադիբեկյանի համար անհասկանալի է, թե ո՞ւմ էին հասցեագրված ՀԱԿ ներկայացրած 15 պահանջները: «Ընդդիմությունը շատ լավ գիտի, որ իշխանությունը չի արձագանքում նման կոչերին, դա ՀԱԿ-ը մեզանից լավ է հասկանում, նրանք դրա միջով անցել են, եւ հարցը բաց է մնում` ո՞ւմ է հասցեագրված»,- ասել է նա: