Դպրոցի տնօրենի դեմ քրգործը քննչական գլխավոր վարչությունում է

05/03/2011

Արդեն 2 օր է՝ «168 Ժամի» խմբագրություն են զանգահարում Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտների ծնողներն ու նախկին շրջանավարտները, ովքեր զայրացած պատմում էին ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության կողմից կատարվող խիստ ձեւական ստուգումների մասին, որոնք ընթանում են բացառապես հոգեբանական ճնշումների մթնոլորտում:

Դրան զուգահեռ, ըստ զանգահարող ծնողների, Էջմիածնում լուրեր են տարածվել դպրոցի տնօրինուհի Սուսաննա Նազարյանի նոր հովանավորյալների՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Առաքել Մովսիսյանի (Շմայս), Արման Սահակյանի եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մասին: Ըստ զանգահարողների՝ վերջիններս դիմել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ ՀՀԿ-ական տնօրինուհի Սուսաննա Նազարյանի գործը «փակելու» համար: Հիշեցնենք, որ նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ալբերտի միջոցով բացվեց այդ դպրոցում տիրող բարոյահոգեբանական, մեղմ ասած՝ հիվանդ մթնոլորտը: 14-ամյա տղան մեր նախորդ հրապարակումներից մեկում պատմել էր, թե դպրոցի տնօրենն ինչպես է իրեն հարվածել, ճանկռել եւ հայհոյել:

Ինչեւէ, զանգահարողներին հուզում էր դպրոցի 1200 աշակերտների ճակատագիրը: Երեկ մեզ հետ զրույցում տեսուչների մոտ բառիս բուն իմաստով հարցաքննության ենթարկված երեխաները հանգամանորեն ներկայացրեցին դպրոցում ներկայումս ընթացող շոուները: Ընդ որում՝ դպրոցում հայհոյախոս տնօրինուհուն քծնող որոշ աշխատակիցներ արդեն հասցրել են «ծնողական ժողովների» բեմադրություններ կազմակերպել, որոնց ընթացքում ծնողներին թղթեր են բաժանվել, որպեսզի բնութագրեն իրենց «պաշտելի» տնօրենին, եւ հերքեն այն «հերյուրանքները», որոնք գրված էին ԿԳ նախարարին ուղարկված բաց նամակում: Հիշեցնենք, որ դպրոցի արդեն նախկին աշակերտ Ալբերտ Հարությունյանի մայրը` Անահիտ Հարությունյանը, մոտ մեկ շաբաթ առաջ հանդիպել էր ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հետ եւ նրան էր հանձնել 39 ստորագրություններով հաստատված բաց նամակը, որով ծնողները, աշակերտները ներկայացրել էին դպրոցում տիրող բռնատիրական վիճակը, ներկայացրել տնօրինուհի Սուսաննա Նազարյանի գործունեությունը` պահանջելով նրա պաշտոնանկությունը: Նախարարին հասցեագրված նամակի բազմաթիվ կրկնօրինակները, սակայն, հայտնվել են Ս. Նազարյանի եւ նրա թիմակիցների մոտ: Ս. Նազարյանն իր մարդկանց միջոցով ստիպում է աշակերտներին, որպեսզի տեսչության աշխատակիցներին ասեն, թե ստորագրելիս նամակի բովանդակությանը իրենք չեն ծանոթացել, կամ էլ հայտարարեն, թե ստորագրել են տվել` խաբելով եւ ստիպելով: Ըստ որոշ աշակերտների` նախարարին հասցեագրված նամակը տնօրենին են տվել անձամբ ԿԳՆ Կրթության պետական տեսչության աշխատակիցները: Տեսուչներն էլ, այս օրերին հիմք ընդունելով նամակի բովանդակությունը, երեխաներին բառի բուն իմաստով՝ քննել էին, գաղտնի ձայնագրել եւ պարտադրել գրավոր ձեւով շարադրել, թե իբր երեխաները տեղյակ չէին՝ ինչ բովանդակությամբ նամակի տակ էին ստորագրում:

Երեկ հանդիպեցինք տեսչական ստուգումների կամ, ավելի ճիշտ, հարցաքննության թիրախում հայտնված երեխաներից մի քանիսի հետ: Նրանց խոսքը հասկանալի պատճառներով ներկայացնում ենք՝ առանց կրճատումների եւ սրբագրումների. «Ուսմասվար Հակոբյանը կանչեց, ասաց՝ քննիչները, դե 2 աղջիկ տեսուչները, ուզում են ինձ հետ խոսել: Ասեց՝ մտի քարտուղարուհու սենյակը: Մտա-տեսա՝ ընկերներիցս մեկն էլ էր, միասին մտանք ներս (անուն-ազգանունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում.- Մ.Մ.): Մտանք, հետո էդ աղջիկներից մեկն ասեց՝ բա դուք ստորագրել եք, որ Նազարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել: Ասի՝ մի հատ թուղթ եմ ստորագրել: Հետո բերեց-ցույց տվեց, ասեց՝ էս քո ձեռագիրն ա: Ասեցի՝ չէ, ինձ չեն ստիպել, բայց Նազարյանի սեռական վիրավորանքներ տալու պահը մի քիչ վախեցա ասեմ, որովհետեւ դուրսը կայնած էին: Համ ամաչի, համ քաշվեցի, համ էլ մտածեցի բարեկամներիս մասինգ Ասի՝ չգիտեմ, չէ, չեմ լսել: Հետո էլի հարցեր տվին, թե՝ Ալբերտը ի՞նչ ձեւի երեխա ա, թե մենք ո՞նց ենք բացատրում Ալբերտի՝ տնօրենի ձեռը բռնելու փաստը, ասացի՝ դե Ալբերտը իր ձեւով պաշտպանվել ա: Ասեց՝ է՞դ էլ ա ճիշտ, որ Ալբերտը տնօրենին բրթել ա, ասինք՝ հա: Հետո ասեցին՝ դե գրեք, որ ձեզ ստիպել են, որ ստորագրեք, մենք ասեցինք՝ նորից ենք կրկնում՝ մեզ չեն ստիպել, պրոստո ուզում էինք, որ Ալբերտը նորից գար մեր դպրոց, միասին սովորեինք: Ասեցին՝ շատ լավ, դե դրա մասին գրեք: Հետո հարց տվեց, ասեց՝ սեռական բնույթի հայհոյանքներ լսե՞լ եք էդ դեպքում, ճիշտն ասած՝ էլի վախեցա, հիմա շատ եմ փոշմանել, ասեցի՝ չեմ լսել: Գրեցի-ստորագրեցի, ու իմ ստորագրածի տակ ընկերս էլ ստորագրեց»,- հուզմունքով պատմեց աշակերտներից մեկը: «Դե ես գիտեի, որ իրանք (նկատի ունի տեսուչներին.- Մ.Մ.) ընկեր Նազարյանի կողմնակիցներն են, համ էլ իրանք ասացին, որ չի ձայնագրվում, բայց սենյակից դուրս եկածներից իմացա, որ տեսուչները ձայնագրում են թաքուն: Դե եթե իրանք ձայնագրում էին թաքուն, էդ նշանակում ա, որ իրանք մեր կողմից չէին, ես խի՞ պիտի իմ խաղաքարտերը բացեի, ասեի՝ ինչ գիտեմ, որ իրանք էլ մեր դեմ օգտագործեին»,- նկատեց մեկ այլ աշակերտ: Աշակերտները թվարկեցին տեսուչների մոտ հարցաքննության գնացած ծնողների եւ աշակերտների անունները՝ նշելով, որ նրանք հատկապես ընտրել էին այն մարդկանց, ովքեր կժխտեին կատարվածը: Աշակերտների փոխանցմամբ՝ իրենք կատարվածի ճշմարտությունը կասեն միայն նախարար Արմեն Աշոտյանին: «Նախ ուզում եմ, որ իմ ընկերոջ անունը չընկնի, ու արդարություն լինի, եւ երկրորդն էլ, որ մեր համար էլ լավ լինի»,- ասացին աշակերտները, ովքեր եւս մեկ անգամ հաստատեցին, որ դպրոցի տնօրինուհու կողմից սեռական հայհոյանքներ ու վիրավորանքներ դպրոցում շատերի հասցեին են եղել: «Երեխեքին կանչում են, հարցաքննում են: «Տղաս զանգեց, ասեց՝ մամ, դու նամակն ո՞ւմ ես հանձնել, ասացի՝ նախարարին: Հետո ասաց՝ լավ, ուրեմն՝ ինքն ա տվել Նազարյանին, որովհետեւ էրեխեքին հերթով կանչում են, ասում են՝ ինչի՞ եք ստորագրել: Տղաս ասեց, որ 2 դասընկերուհիներ լացելով դուրս էին եկել, վախենում էին, որ իրենց կհանեն դպրոցից: Հետո ես զանգեցի, ասեցի՝ ես գալու եմ, ինչի՞ եք սթրեսի ենթարկում երեխաներին: Ասեցին՝ էստեղ ոչ մի սթրես էլ չկա»,- ասաց Ա. Հարությունյանի մայրը` Անահիտ Հարությունյանը: Ըստ նրա՝ տեսուչներն իրեն ասել էին, որ երեխաները չգիտեին, թե ինչ նամակի տակ էին ստորագրել: «Ծնողներից մեկը՝ Եղիազարյան Մարինեն, ով ցանկություն էր հայտնել ստորագրել նամակի տակ, գնացել էր նախարարության աշխատակիցների մոտ, գրել էր, թե ինքը կարծել է, որ նախարարին դիմում էին դպրոցի վերանորոգման համար: Հետո երեկոյան զանգել ենք նույն կնոջը, ասաց՝ չէ, ես էդպես չէի գրել: Հետո 2 րոպե անց զանգեց, ասաց՝ խնդրում եմ, ինձ էդ գործին մի խառնեք, էրեխես դեռ 2 տարի էդ դպրոցում սովորելու ա, ինչ արած՝ ստիպված էդպես եմ գրել: Իսկ տեսուչների մոտ այնպիսի տպավորություն կար, թե մենք այդ բաց նամակի ստորագրությունները կեղծիքով էին հավաքել: Ես էլ ասեցի՝ եթե իրենք կարծում են, թե մենք կեղծել ենք, պատասխանատվության ենթարկեն մեզ»,- նկատեց Ա. Հարությունյանը: Երեկ Կրթության պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաիսա Գալստյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես կարող են տեսուչները հոգեբանական ճնշումների ենթարկել երեխաներին: «Տեսուչները աշակերտների հետ աշխատում են միանգամայն առանձին, որեւէ մարդ էնտեղ չի ներկայանում: Քանի որ տեսուչները նաեւ մանկավարժ են, իրենք շատ լավ կարողանում են աշակերտների հետ աշխատել: Եթե տեսուչների մոտից դուրս գալուց հետո խոսեք աշակերտների հետ, նրանք կասեն Ձեզ»,- ասաց Ռ. Գալստյանը: Ի դեպ, օրեր առաջ Վաղարշապատի քննչական վարչությունից Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն:

Փետրվարի 22-ին Ս. Նազարյանը խիստ նկատողություն է ստացել նաեւ ՀՀ ԿԳՆ նախարարից: Կրթության պետական տեսչության այս գործելաոճը եւ նախարարին ուղղված բաց-նամակի` նրանց կողմից արված արտահոսքը վկայում է այն մասին, որ «կրիմինալ» այս տնօրինուհին ԿԳՆ-ում իսկապես հովանավորներ ունի: Այլապես ի՞նչ իրավունքով են նրանք նախարարին ուղղված նամակը տվել տնօրենին: Ավելին, տեսուչները, փաստորեն, քննիչի դեր ստանձնելով` ճնշումներ են գործադրել աշակերտների եւ ծնողների վրա: Աշակերտների ծնողներն այս դպրոցում տիրող վիճակի մասին բաց նամակ են պատրաստվում գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Կրթական համակարգի բարելավումների շրջանակում որեւէ կերպ չի տեղավորվում Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրինուհի Ս. Նազարյանի նման կերպարը, ով կարող է իրեն թույլ տալ որեւէ աշակերտուհու վիրավորել` «Հեռախոսդ կվերցնեմ ու կմտցնեմ մամայիդ համապատասխան վայրը» եւ նման այլ արտահայտություններով: Եվ ով կարող է հայտարարել` «Իմ դեմ խաղ չկա»: Ծնողները համոզված են, որ ՀՀ նախագահն այս խնդրին վերջնականապես լուծում կտա, այլապես ստիպված կլինեն բոլորը միասին իրենց զավակներին պարզապես հանել այդ դպրոցից: