Իսկ մեզ մոտ ծորակը բացում ես, հոսում է ջուրը՝ երկրորդն աշխարհում

05/03/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Օրերս մեծ շուքով ազդարարվեց Baku.am կայքէջի բացումը: Ցանկացողները կարող են իմանալ, թե ովքեր են Բաքվում եղել տնտեսության, առեւտրի, մշակույթի, արհեստների զարգացման հիմքում: Հասկանալի է` հայերը: Կարելի է չուշացնել նաեւ համանման բովանդակության մեկ այլ կայքէջի` Tbilisi.am-ի բացումը: Սակայն այդ դեպքում առաջանում է տրամաբանական հարց` իսկ ինչո՞ւ են հարուստ եւ շնորհալի մեր հայրենակիցներն իրենց միջոցներն ու մտավոր հնարավորություններն իրացրել հարեւան հանրապետություններում, բայց ոչ ՀՀ-ում: Այս հարցի պատասխանը նոր կայքէջ է ուզում: Բաքու գնալ հայերն արդեն, հասկանալի է, չեն կարող, սակայն Վրաստանը սկսել է համարվել հայերի համար դրախտ. էլ ուրիշ որտե՞ղ կարելի է համատեղել հաճելի երկու զգացողություն` ա) որ ՀՀ-ում չես, բ) սակայն հայրենիքդ մոտ է: Իմ զրուցակիցներն են պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանն ու «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը:

– Թամարա, ակնհայտ է, որ զարգանում է միտում` Հայաստանից Վրաստան տեղափոխել կապիտալը, բիզնեսը: Դուք ուսումնասիրել եք խնդիրը, եւ որպես փորձագետ` կարող եք փաստերով ներկայացնել իրականությունը:


Թ.Վ.
– Այս վերջին տարիների ընթացքում Վրաստանի կառավարությանը հաջողվեց իրականացնել ֆինանսական ներդրումային դաշտի կտրուկ բարեփոխման միջոցառումներ, առավելագույնս պարզեցվեցին հարկային եւ մաքսային ընթացակարգերը, թեթեւացավ ֆիսկալ ծանրաբեռնվածությունը տնտեսվարող սուբյեկտների համար: Արդյունքում՝ Վրաստանը հրապուրիչ դարձավ ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար: Միայն բավարար է նշել, որ առաջներում գանձվող 22 հարկերից կրճատման արդյունքում մնացել է միայն 6-ը, իսկ 2012թ. նախատեսվում է այն կրճատել մինչեւ 4-ը: Այդ բարեփոխումների շնորհիվ է, որ հայ գործարարների մի որոշ հատված իր կապիտալը Հայաստանից արդեն տեղափոխել է Վրաստան, եւ այդ միտումը շարունակվում է: Այսպես՝ միայն 2010թ. պաշտոնական տվյալների համաձայն, 103 հայկական ընկերություն վերագրանցվել է Վրաստանում, իսկ ոչ պաշտոնական աղբյուրները նշում են վերջին երկու տարիներին մինչեւ 4000 հայկական ընկերության՝ Վրաստանում վերագրանցման մասին:

– Ի՞նչ վտանգներ ունի այդ միտումը. ի վերջո, ազգությամբ հայ գործարարները կկարողանան գումար աշխատել` առանց նյարդային ցնցումների: Եվ հետո, պատմությունը վկայում է, որ հայ գործարարները, առեւտրականները պատմականորեն գերապատվությունը տվել են հարեւան Ադրբեջանին, Թբիլիսիին, եւ ոչ Երեւանին:

Թ.Վ. – Եթե հաշվի առնենք պատմական փորձն ու անդրադառնանք 19-րդ դարի վերջին Անդրկովկասում տեղ գտած նմանատիպ զարգացումներին, ապա կարելի է նաեւ որոշ կանխատեսումներ անել: Այդ շրջանում նույնպես հայ գործարար եւ կարող ուժերը առավելապես հակված էին հաստատվելու ոչ թե Երեւանում, Ալեքսանդրապոլում կամ Էջմիածնում, այլ Թիֆլիսում, որը փոխարքայության կենտրոնն էր եւ ավելի աշխույժ տնտեսական ու մշակութային եռուզեռի մեջ էր գտնվում: Իհարկե, հայկական կապիտալի ուժեղացումը 19-րդ դարի Թիֆլիսում հանգեցրեց թե՛ թիֆլիսահայության հասարակական կյանքի աշխուժացմանը, թե՛ այնտեղի հայության մշակութային ու քաղաքական կյանքի վերելքին, եւ թե՛ Թիֆլիսի ծաղկմանն ու զարգացմանը: Բայց արդյո՞ք դա է մեր նպատակը: Մենք գիտենք, որ հայության հզորացումը Վրաստանի մայրաքաղաքում լուրջ դժգոհություններ առաջացրեց վրացիների, հատկապես, ազգայնական մտավորականության շրջանում արդեն 19-րդ դ. վերջերին ու հատկապես՝ 20-րդ դ. սկզբներին: Այդ տարիներին հրատարակվող վրացերեն «Իվերիա» թերթից մի պատկերավոր մեջբերում ներկայացնենք: Թերթը գրում է. «Ի՞նչ առումով է Թիֆլիսը հայկական քաղաք. աշխարհագրական դիրքո՞վ, տարածքային օրենքո՞վ, թե՞ այլ պետական կամ միջազգային իրավունքով: Որտե՞ղ են հայերը կամ Հայաստանը, իսկ որտե՞ղ Թիֆլիսը: Որտեղի՞ց մինչեւ ո՞ւր են հասնում նրանց ձեռքերը: Արդյո՞ք իրենց են պատկանում գնված տները, թե՞ ոչ. դա դեռ կպարզվի: Բայց Թիֆլիսը գտնվում է Վրաստանի տարածքում…: Այստեղ հայը չի համարձակվի ձայն հանելգ այստեղ հայերին ոչինչ չի պատկանում» (ընդգծումը` Թ.Վ.-ի):

– Այսինքն` պատմական փորձը ցույց է տալիս, որ օտար ափերին կուտակած հարստությունը մենք, վաղ թե ուշ, թողնում ենք այդ երկրի իսկական տերերին:

Թ.Վ. – Անշուշտ: Այդ իրողությունները հստակ ձեւակերպված են Վրաստանում Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Արշակ Ջամալյանի հոդվածներից մեկում, որտեղ նա գրել է. «Նոր տիրողների կամքով Վրաստանը Անդրկովկասի վարչական, առեւտրական եւ քաղաքակրթական կենտրոնը դառնալով՝ դեպի իրեն է քաշել բազմաթիվ ռուսների եւ օտարազգիների հետ նաեւ որոշ քանակությամբ հայեր: Մենք գիտենք, որ Հայաստանը սրանից շատ է տուժել՝ զրկվելով աշխատող ձեռքերից եւ ուշիմ, շինարար տարրից (ընդգծումը` Թ.Վ.-ի): Բայց թե դա Վրաստանի համար ինչ անպատեհություն է ունեցել՝ չգիտենք, քանի որ հայերը Վրաստանում երբեք ուրույն ազգային կամ քաղաքական շահեր չհետապնդելով հանդերձ՝ մեծապես զարկ են տվել այդ երկրի բարեշինությանը: Մտածել միայն, թե ինչ կլիներ վրացիներին հրամցրած այսօրվա Թիֆլիսի վիճակը, եթե այնտեղ հայկական շինարար ձեռքի հետքը չլիներ…»: ՀՀ-ի եւ հայության շահերի տեսանկյունից նմանատիպ տխուր հեռանկար եմ տեսնում նաեւ այժմ՝ 21-րդ դարի ընթացող զարգացումներում:

– Որքանո՞վ է հավաստի տեղեկատվությունը, որ Վրաստանի իշխանությունները որոշել են պարզեցնել Վրաստանի քաղաքացիության տրամադրման գործընթացը: Այդ կերպ` ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է մոտ 20 րոպեում ձեռք բերել Վրաստանի քաղաքացիություն:

Թ.Վ. – Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար 2009թ. վերջին կառավարությունը ներդրեց նոր հարմարավետ համակարգ՝ առգիծ (on-line) կարգով Վրաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը: Վրացական մամուլից տեղեկացանք, որ միայն 2010թ. նոյեմբեր ամսին 177 օտարերկրացիներ Վրաստանի քաղաքացիություն են ստացել, որոնց գերակշռող մասը՝ 154 անձ, էթնիկ վրացիներ են: Նշված 177-ից 3-ը ՀՀ-ի քաղաքացիներ են՝ էթնիկ հայեր: Հայտնի է նաեւ, որ պարզեցված է Վրաստանի քաղաքացու հետ ամուսնանալու դեպքում տեղի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը: Այսօր արդեն կասկած չկա, որ Վրաստանի ղեկավարությունը փորձելու է օգտագործել հայերի ներուժը իրենց երկրի զարգացման համար: Այս հարցում ներկայիս նախագահ Մ. Սահակաշվիլին որդեգրել է վրաց թագավոր Դավիթ Շինարարի մարտավարությունը: Դեռ 12-րդ դարի սկզբներին Դավիթ Շինարարը հրավիրեց հայերին, հիմնականում առեւտրականներին եւ արհեստավորներին, իր երկիրը զարգացնելու եւ հզորացնելու համար: Եվ այդպես էլ եղավ՝ բազմաթիվ հայեր տեղափոխվեցին Վրաստան եւ իրենց եռանդն ու հմտությունները ներդրեցին այդ երկրի բարգավաճման գործին: Այնպես որ, պատմությունը կրկնվում է:

Վ.Ս. – Ավելացնեմ, որ Վրաստանը չունի երկքաղաքացիության ինստիտուտ, եւ Վրաստանի քաղաքացի դառնալ ցանկացողը պետք է նախ հրաժարվի իր քաղաքացիությունից, Վրաստանի նախագահն էլ, օրենքով սահմանված կարգով, նրան շնորհի քաղաքացիություն: Ինչ վերաբերում է 20 րոպեին, ապա անգամ տեսականորեն դա հնարավոր չէ, քանի որ բազմաթիվ հարցեր են առաջանում իրավաբանական դաշտում

Լ.Ա.
Վահե՛, մաքսային օրենսգրքում կատարվեց հայտնի փոփոխությունը, ըստ որի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների` ՀՀ քաղաքացիություն ունեցող տերերն իրավունք ունեն տարվա ընթացքում ընդամենը 2 անգամ` 15-օրյա ժամկետով ժամանակավոր ներմուծել իրենց մեքենաները: Բացի այն, որ վարորդները բողոքում են, որ մաքսազերծելիս վճարված հարկերը կազմում են մեքենայի համար իրենց վճարած արժեքի մինչեւ 30 տոկոսը, Դուք պնդում եք, որ այս փոփոխությունը ծանր հարված է նաեւ ջավախահայությանը:

Վ.Ս.
– Մի փոքր լրացում` օրենքներն ավելի մանրակրկիտ ուսումնասիրեցի, եւ պարզվեց, որ ՀՀ քաղաքացիների համար 15 օրը երկու անգամ չէ. Մաքսային պետական կոմիտեի (ՄՊԿ) կայքում նշված է` մեկ անգամ: Հունվարի 1-ից արդեն գործում է ջավախահայերի համար չարաբաստիկ այս օրենքը: Սրան գումարած` ՄՊԿ-ի կայքէջում փնտրեցի, բայց չգտա այն օրենքը, որ եթե Վրաստանի քաղաքացին իր մեքենայով գալիս է Հայաստան, իրավունք ունի մեր երկրում մնալ 15 օր: Տարվա մեջ 90 օրից ավելի նրանք իրավունք չունեն մնալ Հայաստանում: Հակառակ դեպքում` կտուգանվեն: Կարծում եմ, սա երկու պետությունների իշխանությունների անհամաձայնության հետեւանք է:

– Ո՞ր հարցերում:

Վ.Ս. – Վերջին շրջանում Վրաստանին պարտադրվում է Ռուսաստանի հետ լեզու գտնել, սակայն Սահակաշվիլիի վարչակարգի պայմաններում դա այնքան էլ հնարավոր չէ: Եվ, կարծում եմ, Հայաստանը պետք է այս դեպքում միջնորդի դեր խաղա. Վրաստանի իշխանությունների` օրումեջ մեր երկիր այցելություններն այդ մասին, կարծես, խոսում են, որ ինչ-որ բան Հայաստանից նրանք ակնկալում են: Այսինքն` չի շարունակվում 90-ականների այն դառը ավանդույթը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք մեր բարձրաստիճան պաշտոնյաներն այնքան հաճախ էին Վրաստան այցելում, որ լրագրողները հաճախ ծիծաղում էին` «Պարո՛ն Տեր-Պետրոսյան, չե՞ք ուզում Ձեր նստավայրը Թիֆլիս տեղափոխել»: Բայց այստեղ չպետք է տուժի ջավախահայությունը, որը բազում թելերով կապված է հայրենիքի հետ: Ջավախքցին իր հայրենիքի հետ է եղել բոլոր դժվար պահերին. Արցախի ազատամարտի ժամանակ նրանք մեծ օժանդակություն են ցուցաբերել հայրենիքին: Փաստորեն, ջավախահայը 15 օրից ավելի չի կարող մնալ իր հայրենիքում: Դա հարցի ոչ միայն բարոյական կողմն է, այլեւ նյութական: Շուտով գալու են զբոսաշրջիկներ Հայաստան, ամառը սարի ետեւում չէ:

– Ներեցեք, սակայն հենց ամռանը տեղի է ունենում հակառակը` հայ հազարավոր ընտանիքներ իրենք են մեկնում Վրաստան, իսկ որ Վրաստանից էլ Հայաստան են գալիս, առաջին անգամ եմ լսում:

Վ.Ս. – ՀՀ-ի տեսարժան վայրերը տեսնելու են գալիս օտարերկրացիներ` իրենց ավտոմեքենաներով` Վրաստանի տարածքով: Վստահ եմ, որ 15 օրից ավելի նրանց մեր երկրում մնալ թույլ չտալը նաեւ տնտեսական վնասներ կբերի:

– Դուք Ձեր արմատների բերումով շփումներ եք ունենում ջավախահայերի հետ: Ձեր հոդվածներից մեկում նշել եք, որ արդե՛ն հիասթափության միտում եք տեսնում:

Վ.Ս. – Դա այդպես է. մարդիկ բուժօգնություն էին ստանում Աշոցքի հիվանդանոցում: Մասնավորապես` Վրաստանում ծննդաբերությունը վճարովի է, մեր հայրենակիցները գալիս են Աշոցք: Ուսանողները, ովքեր սեփական ավտոմեքենայով գալիս էին Հայաստան` այստեղ սովորելու, արդեն իսկ բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում: Կարծում եմ` ՀՀ իշխանությունների այս որոշումը շուտափույթ խմբագրման անհրաժեշտություն ունի, այլապես անջրպետը կմեծանա, եւ մենք Ջավախքից կզրկվենք:

– Կա՞ վիճակագրություն` ինչ միտումներ ունի Հայաստանից Վրաստան միգրացիան:

Թ.Վ.
– Առայժմ ՀՀ-ից մեծ չափերի արտագաղթ դեպի Վրաստան չկա, որպեսզի մենք խոսենք միտումների մասին, թեպետ առանձին դեպքեր արձանագրվում են: Բայց եթե փորձենք կանխատեսումներ անել, ապա, ներկայիս իրերի դրության պահպանման պարագայում, անկասկած, արտագաղթ կլինի, քանի որ մեր երկրից Վրաստան արտագաղթող կապիտալն իր հետ կտանի նաեւ մեծ թվով հայաստանաբնակների. գործարարն իր հետ կտանի իր ընտանիքի անդամներին, հետո՝ նաեւ մտերիմներին ու ընկերներին, ինչպես դա սովորաբար լինում է հասցեական արտագաղթի դեպքում: