Մեքսիկացի միլիարդատեր Կարլոս Սլիմը, ով «Forbes» ամսագրի տեղեկությամբ` մեր մոլորակի ամենահարուստ մարդն է, Մեխիկոյում կերպարվեստի թանգարան է բացել: Նորաբաց թանգարանը կրում է հեռահաղորդակցության կապուղիների մագնատ Սլիմի տիկնոջ անունն ու ներկայացնում է 66 հազար ցուցանմուշներից բաղկացած արվեստի գործերի հարուստ հավաքածու: Ցուցանմուշների ցանկում կան եվրոպացի վարպետների` դա Վինչիի, Տինտորետոյի, Ռուբենսի, Մանեի, Էլ Գրեկոյի, Ռենուարի, Մատիսի, Դալիի, Պիկասոյի, Միրոյի, մեքսիկացի նկարիչներ Ռիվերայի եւ Տամայոյի գործերը, ինչպես նաեւ` իսպանացի կոնկիստադորների ոսկե դրամներն ու փաստաթղթերը: Իսկ աշխարհահռչակ քանդակագործ Ռոդենի քանդակների հավաքածուն, որը ցուցադրվելու է «Սումայա» թանգարանում, իր մեծությամբ երկրորդն է` Ֆրանսիայից հետո: Թանգարանի նորակառույց շենքը ոլորապտույտ, ալիքաձեւ խողովակի տեսք ունի ու բաղկացած է բազմաթիվ հարթակներից: 50 մլրդ դոլարի կարողություն ունեցող Կարլոս Սլիմը հայտարարել է, որ «հպարտ է այս շենքն ու հավաքածուն նվիրել քաղաքին ու մեքսիկացի ժողովրդին»: Թանգարանի բացմանը ներկա հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Մարկեսը նկատել է, որ այս թանգարանի մուտքի մոտ տեղադրված Օգյուստ Ռոդենի «Մտածողը» հայտնի քանդակը շատ սիմվոլիկ է: «Այս թանգարանի գոյությունը կարող է լիովին փոխել մեր երկրի իմիջը: Մեքսիկան խոշոր պետություն է, եւ շատ կարեւոր է, որ հենց մեքսիկացիները դա հասկանան»,- ավելացրել է Մեքսիկայի նախագահ Կալդերոնը: