Գյումրիում ծնված եւ արդեն 20 տարի Ֆրանսիայում ապրող կինոռեժիսոր Լեւոն Մինասյանն իր «Le Piano»` «Դաշնամուր» կարճամետրաժ ֆիլմը բնութագրում է՝ որպես կինոյում նոր խոսք ասելու հավակնություններից զուրկ, մաքուր ու տրադիցիոն կոմեդիա: Եվ «Դաշնամուրը» մաքուր կոմեդիա լինելով` ոչ միայն ծիծաղելու, այլեւ` մտորելու է դրդում: Ֆիլմի հերոսուհին 13-ամյա համր Լուսինեն է, ով ճակատագրի բերումով ծնվել է 1988 թվականի դեկտեմբերին` ավերիչ երկրաշարժի օրը (նույն օրն էլ կորցրել է իր ծնողներին): Նա իր ողջ կյանքն ապրել է պապիկի հետ` ժամանակավոր կացարան հանդիսացող «դոմիկում» (ուշագրավ է, որ հենց այդ բառն է օգտագործվում ֆրանսիական աղբյուրներում, ինչն էլ երկար մեկնաբանությունների հիմք է տալիս): Լուսինեն տաղանդավոր դաշնակահար է, սակայն դաշնամուր չունի: Եվ երբ ՀՀ Մշակույթի նախարարությունը որոշում է նրան դաշնամուր նվիրել, երջանկության պահեր է ապրում ոչ միայն աղջիկը, այլեւ ողջ Լենինականը: Հսկայական իրադարձություն է տեղի ունենում Գյումրվա բակերից մեկում. հանդարտ ու անշտապ ռիթմով ապրող բնակիչները պարզապես ցնծում ու ցնցվում են, երբ իրենց բակում հայտնվում է մեծ, սպիտակ դաշնամուրը: Եվ պարզվում է, որ մեծ դաշնամուրն ու փոքր տնակը պարզապես անհամատեղելի են, դաշնամուրը չի կարելի ներս մտցնել, եւ հերոսներին մնում է ոչ թե դաշնամուրը, այլ՝ հենց տնակը շարժել: Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում, եթե մարդը չի գնում սարի մոտ, սարն է գալիսգ Նման սյուժետային մեկնակետը հնարավորություն է տալիս իտալական (ինչո՞ւ` ոչ, նաեւ` Գյումրվա) նեոռեալիզմին հատուկ տրագիկոմեդիա ստեղծել: Ինչն էլ եւ արել է սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Լեւոն Մինասյանը, ում համար կատակերգական իրավիճակն ու իրականում սարսափելի կենցաղային պայմանները սոսկ առիթ են` իր սիրելի քաղաքի մասին ֆիլմ նկարահանելու համար: Ֆիլմում պարզ ու շիտակ մարդկանց ապրելակերպն է, հումորն ու թախիծը, Շուբերտի երաժշտությունն ու Գյումրվա «համով» բարբառը, «ազգային հպարտություն» հռչակված համր, տաղանդավոր աղջիկը, ում կատարած երաժշտությունը որքան հիացնում, նույնքան էլ նյարդայնացնում է հարեւաններին (օրինակ, թույլ չի տալիս, որ նրանք հանգիստ սուրճ խմեն կամ էլ ֆուտբոլային հանդիպում դիտեն): Դրամայի ու կոմեդիայի եզրագծում գտնվող այս ֆիլմը շատ սիմվոլիկ ավարտ ունի. Լուսինեն մեկնում է միջազգային մրցույթի, ու նրա համերգի ականատեսն է դառնում ողջ քաղաքը, քանի որ ոչ միայն դաշնամուրը, այլեւ` հարեւանի հեռուստացույցն է տեղադրվում բակում (կրկին չափերի ու տարածքների անհամատեղելիության պատճառով): Եվ այսպես բացօթյա կյանքը՝ բացօթյա համերգի ու միաժամանակ` «բացօթյա» հպարտության է վերածվում: Ֆիլմում նկարահանվել են Ժերար Փափազյանը, Երվանդ Մանարյանը: Լուսինեի դերը կատարում է Ապոլին Պետրոսյանը (դերասաններ Վարդան Պետրոսյանի եւ Անի Համելի դուստրը): Ֆիլմի առավելություններից է ոչ միայն հստակ սցենարը, այլեւ` էպիզոդիկ դերերի առատությունն ու դրանց մշակված լինելը: Քանի որ ֆիլմի իրական հերոսը Գյումրին է, ապա հենց այդ «չարչարված» ու մարդկային ջերմ հարաբերությունները մեծ ջանքերով պահպանել կարողացած քաղաքն էլ երեւում է էկրանին: Գյումրին այլազգի դիտողին որպես տաղանդավոր ու կոլորիտային մարդկանցով բնակեցված էկզոտիկ մի վայր է ներկայանում, իսկ մեզ հիշեցնում է, որ աղետալի վիճակը բնավ էլ հաղթահարված չէ, սակայն մարդիկ շարունակում են ապրել, կատակել, հույսը դնել ապագայի վրա ու սպասել, որ օրերից մի օր կյանքը մարդավայել կդառնա: Անցյալ ամիս «Le Monde» օրաթերթի կողմից սահմանված հեռուստատեսային ֆիլմերի ամենամյա մրցույթում (on-line քվեարկությամբ անցկացված) «Դաշնամուրը» առավելագույն ձայներ հավաքեց եւ դարձավ անցյալ տարվա լավագույն ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմը: Ինչի համար էլ Լեւոն Մինասյանը բոլոր քվեարկողներին «մեծ դաշնամուրի չափ շնորհակալություն» հայտնեց: Շուտով ֆիլմը կմասնակցի ֆրանսիական ազգային կարճամետրաժ ֆիլմերի` Կլերմոն-Ֆերանի մրցույթին, կցուցադրվի Բեյրութում: Հայ հանդիսատեսին ֆիլմը դեռ հասանելի չէ: Ենթադրվում է, որ 26 րոպեանոց «Դաշնամուրը», հայերեն տիտրեր ձեռք բերելուց հետո, կցուցադրվի «Շանթ» հեռուստաալիքի եթերում: