Ցանկանո՞ւմ էին, թե՞ ստիպված էին

03/03/2011

«Երբ որեւէ մեկն ազատվում էր, ասում էին, թե դա այն չէ, որ իշխանությունը ցանկացավ, այլ այն է, որ մենք, եվրոպական կառույցները ստիպեցինք, եւ իշխանությունները ստիպված ազատեցին: Բազմաթիվ անգամ ասել եմ՝ եկեք դրանից հետո գոնե չխոսենք: Եթե մեկը ազատվել է, մենք դա ողջունենք եւ ցանկանանք, որ մյուսներն էլ լինեն ազատության մեջ: Հենց ասում ենք, որ՝ ստիպեցինք, ճնշեցինք, իշխանությունը ստիպված գնաց այդ քայլին, դա նշանակում է, որ հետաձգում ենք մյուսների ազատումը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը` անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին ու հնչեցրած պահանջներին: Հիշեցնենք, որ այդ պահանջներից մեկը քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Նա նաեւ հնարավոր էր համարել, որ նշված պահանջների զգալի մասի կատարման դեպքում ՀԱԿ-ը երկխոսության կգնա իշխանությունների հետ: «Եթե դա երկխոսության առաջարկ է, ապա վստահ եմ, որ դա կգնահատվի իշխանությունների կողմից: Եթե դա վերջնագիր է, ապա ընդամենը անարդյունք է մնալու»,- ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: