«Մենք եկել ենք եւ ներկա ենք լինելու այս ու նման բոլոր հանրային միջոցառումներին: Ինքներս կնախաձեռնենք միջոցառում եւ ակնկալում ենք, որ ժողովուրդը մեկը կդառնա, հատվածական անցյալից կվերանա ու կդառնա համազգային ուժ»,- մարտի 1-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին ու երթին մասնակցելուց հետո մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին` միանալո՞ւ են ՀԱԿ-ին կամ նրա կազմակերպած ակցիաներին: Հիշեցնենք, որ ավելի քան երկու տարի «Ժառանգությունը» չէր համագործակցում արտախորհրդարանական ընդդիմության` ՀԱԿ-ի հետ: Եվ բավականին անսպասելի կերպով Ր.Հովհաննիսյանն ու նրա կուսակիցները մասնակցեցին մարտի 1-ի հանրահավաքին: «Ժառանգության» հիմնադիրը նաեւ ավելացրել է, թե եկել են եւ ներկա են լինելու այդ ու նման բոլոր հանրային միջոցառումներին: «Ու մենք պիտի դուրս գանք ինքնակարեւորման եւ սեփական գերակայությունը փաստելու այս արդեն տապալված բարդույթից»,- ասել է Ր.Հովհաննիսյանը: