«Հայաստանը շատ լավ բանակ ունի. հայկական եւ ղարաբաղյան բանակները խորհրդային բանակի արտատիպն են` իր բոլոր լավ ավանդույթներով»,- այդ մասին «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՌԴ պաշտպանության նախարարությանը կից հանրային խորհրդի անդամ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն` պատասխանելով այն հարցին, թե նախկին ԽՍՀՄ երկրներից որո՞նց բանակներն են մարտունակ: Նրա խոսքով, ադրբեջանական բանակը ՀՀ-ին զիջում է բարոյապես եւ մարտական որակներով, սակայն տեխնիկապես ավելի լավ է զինված: Ինչ վերաբերում է հակամարտության ռազմական լուծման հնարավորությանը, ապա, ըստ Կորոտչենկոյի, այդ սցենարը հնարավոր է, սակայն զինված հակամարտությունը «պետք չէ ո՛չ Թուրքիային, ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ ՌԴ-ին, ո՛չ ԱՄՆ-ին»: «Հայ-ադրբեջանական նոր պատերազմ պետք չէ»,- ասել է փորձագետը` ավելացնելով, թե Լեռնային Ղարաբաղում հակամարտություն թույլ չտալու համար անհրաժեշտ է հավասարակշռել կողմերի ռազմական հնարավորությունները: «Մասնավորապես, ես համոզված եմ, որ պետք է Ադրբեջանին C-300-ներ առաքելու պայմանագրի դիմաց անհատույց կամ լիզինգային ծրագրով ՀՀ-ին նման համակարգեր առաքեինք: Ընդ որում, դրանք պետք է գտնվեին հայկական ազգային ռազմական վերահսկողության տակ»,- ասել է Կորոտչենկոն: Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի արդիականացման գործընթացը: Դա յուրահատուկ ռազմական օբյեկտ է, որի օգնությամբ կարելի է հետեւել օդային տարածքին մի քանի հազար կմ հեռավորության վրա, նաեւ հետեւել իրավիճակին տիեզերքում: Օբյեկտը ծրագրում են արդիականացնել մի քանի տարվա ընթացքում: Մանրամասները գաղտնի են պահվում: Միակ բանը, որ չեն թաքցնում սպաները, այն է, որ արդիականացված ՌԼԿ-ն կարողանալու է տեսնել մեկուկես անգամ ավելի հեռու տարածություն եւ հետախուզություն անցկացնել հասարակածից այն կողմ: «Որոշակի պայմաններում եւ աննշան ծախսերի դեպքում մենք պատրաստ ենք աշխատել եւս 10, 15, անգամ 20 տարի նույն ռեժիմով, ինչ այժմ»,- ասել է «Գաբալա» կայանի հրամանատար Վիկտոր Տիմոշենկոն: Նշենք, որ հաջորդ տարի լրանում է ՌԴ կողմից Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության պայմանագրի ժամկետը, եւ առայժմ հայտնի չէ` կերկարաձգվի՞ այն արդյոք, թե՞ ոչ: