«Մենք ավելի շատ պատճառներ ունենք»

03/03/2011

Ավստրիական «Der Standard» թերթին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել թե գոյություն ունի ցյուրիխյան արձանագրությունների վերակենդանացման միայն մեկ ուղի` դրանք պետք է վավերացվեն եւ իրականացվեն առանց նախապայմանների: «Թուրքական կողմի հետ բանակցային գործընթացը բազում խոչընդոտներով լի երկար եւ բարդ գործընթաց էր: Նախարարական մակարդակով տեղի են ունեցել ավելի քան 10 հանդիպումներ: Օրինակ, Դավոսում Թուրքիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հետ վարել ենք 35 ժամ տեւողությամբ բանակցություններ: Մենք վերջապես եկանք համաձայնության եւ Ցյուրիխում 2009թ. հոկտեմբերին Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական Միության եւ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների ներկայությամբ ստորագրեցինք արձանագրությունները: Ստորագրելուն պես Թուրքիան դրանց վավերացման համար առաջ քաշեց նախապայմաններ»,- ասել է Նալբանդյանը: Հարցին` արդյո՞ք թուրքական կողմը հետ կանգնեց գործընթացից` ընտրությունների հետ կապված նկատառումներից ելնելով, նա պատասխանել է. «Թուրքերը հակված են մտածելու, որ միայն Թուրքիայում կարող են լինել ընտրություններ, հանրային կարծիք: Եվ մենք ավելի շատ պատճառներ ունենք նախապայմանների մասին խոսելու համար»: Նաեւ հավելել է. «Խորհրդարանական ընտրություններից հետո կլինեն ուրիշ ընտրություններ: Եթե պատճառ ես փնտրում վավերացումը հետաձգելու համար, ապա միշտ կարող ես այն գտնել: Կարծում եմ, այսօր թուրքական հասարակությունը, մի կողմից, ավելի շատ է տրամադրված աջակցելու կարգավորմանը, իսկ մյուս կողմից` ավելի ըմբռնող է անցյալի նկատմամբ: Բանակցությունների մեկնարկն ու արձանագրությունների ստորագրումը նոր պատուհաններ բացեցին: Անցյալ տարի առաջին անգամ մարդիկ ապրիլի 24-ին հավաքվել էին թուրքական քաղաքներում Հայոց ցեղասպանության օրը հիշատակելու համար: Ավելի քան 30.000 թուրք քաղաքացիներ ստորագրեցին մի խնդրագիր, որով ներողություն էին խնդրում հայ ժողովրդից»:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին Ադրբեջանի հասցրած վնասի առնչությամբ Նալբանդյանն ասել է. «Աշխարհի բոլոր երկրները, բացի մեկից` Ադրբեջանից, աջակցում էին այս գործընթացին: Ես չեմ կարծում, որ Ադրբեջանն իրավացի է: Հարաբերությունների կարգավորումը կարող էր օգտակար լինել ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար: Իսկ Ադրբեջանն այս տարածաշրջանի մաս է կազմում»: Հարցին էլ, թե` ԼՂ-ի «սառեցված» հակամարտությունն ինչպիսի՞ վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասի համար, Էդ. Նալբանդյանը պատասխանել է. «Ադրբեջանի իշխանությունները գրեթե ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են անում եւ սադրիչ գործողություններ իրականացնում: Միայն մեկ տարվա ընթացքում նրանք կրկնապատկել են իրենց ռազմական բյուջեն եւ մերժում են միջազգային հանրության կողմից արված առաջարկները` համաձայնության գալու ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրսբերման շուրջ: Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող էր մեկնաբանել, որ ադրբեջանական իշխանությունների կողմից որդեգրված այդ վարքագիծը վտանգ չի ներկայացնում»: «Բայց արդյո՞ք դուք պետք է լուրջ ընդունեք ձեր կողմից վկայակոչված այդ ռազմատենչ հայտարարությունները, կամ արդյո՞ք դրանք չեն արվում ավելի շատ Ադրբեջանի ներքին սպառման համար» հարցին նա պատասխանել է. «Ուժի կիրառման սպառնալիքը միջազգային իրավունքի խախտում է, եւ ռազմատենչ վարվելակերպին համարժեք արձագանք չտալը հնարավոր է հանգեցնի լուրջ հետեւանքների»: Ի դեպ, անդրադարձ է եղել նաեւ այն փաստին, որ Ավստրիան տարածաշրջանում միակ դեսպանությունը բացել է Բաքվում եւ ոչ թե Երեւանում կամ Թբիլիսիում: ՀՀ ԱԳ նախարարն այս առնչությամբ ասել է. «Վիեննայում մենք մեր դեսպանությունը բացել ենք շատ տարիներ առաջ, որն առաջիններից մեկն էր անկախացումից հետո: Կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ Ավստրիան փոխադարձի համարժեք կերպով եւ ներկայացուցչություն բացի Երեւանում: Մեր նպատակն է մեր հարաբերությունները հասցնել առավել բարձր մակարդակի»:

Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկն իր թեկնածությունն է առաջադրել ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Եվ հարցին, թե` կաջակցի՞ արդյոք Հայաստանը նրան, Էդ. Նալբանդյանը, մասնավորապես, արձագանքել է. «Մենք դեռ որոշում չենք կայացրել թեկնածուների վերաբերյալ: Բայց կապված Թուրքիայի թեկնածուի հետ, մենք հայտնել ենք, որ չենք կարող աջակցել նրան, քանի որ տարբեր միջազգային կառույցներում Թուրքիայի ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ, տարբերվում են իրենց կողմնակալ մոտեցումներով եւ բաց չեն թողնում որեւէ հնարավորություն Հայաստանի դիրքորոշումների դեմ արտահայտվելու համար»: