Սպասենք մարտի 17-ին

03/03/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ Կոնգրեսի ու հանրահավաքի անունից 14 կետից բաղկացած պահանջներ ներկայացրեց Հայաստանի իշխանություններին:

«Կարծում եմ, բացատրելու կարիք չկա, որ սա պարզ քաղաքական հայտարարություն չէ, այլ համաժողովրդական պայքարի ներկա հանգրվանի ուղենիշ-ծրագիր, որին պարտավոր են ենթարկվել ոչ միայն Կոնգրեսի անդամները, այլեւ վերջինիս նախաձեռնած զանգվածային միջոցառումների բոլոր մասնակիցները՝ գիտակցելով, որ գործի հաջողությունը մեծապես կախված է մեր շարքերի ու համակիրների կարգապահությունից, ինքնագործունեության ու չհամաձայնեցված գործողությունների դրսեւորումներ թույլ չտալու ունակությունից»,- հայտարարել էր ՀՀ առաջին նախագահը:

Հիշեցնենք, որ պահանջվում էր մինչեւ մարտի 15-ը` մինչեւ Հայաստանի հարցով ԵԽ համազեկուցողների երեւանյան այցը, ազատել քաղբանտարկյալներին, ստեղծել մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող անկախ միջազգային հանձնաժողով կամ վերականգնել Փաստահավաք խմբի գործունեությունը: Փոխհատուցել մարտի 1-ի ոճրագործությունից տուժած քաղաքացիների նյութական վնասները, վերականգնել «Ա1+» հեռուստաընկերության գործունեությունը, վերականգնել ԼՂ-ի որպես բանակցային կողմ հանդես գալու իրավունքը: Նաեւ պահանջ էր ներկայացվել ապաշնորհության համար պաշտոնից ազատել վարչապետ Տիգրան Սարգսյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների: Կային նաեւ տնտեսական ու սոցիալական առաջարկներ` նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար, գործազրկության նպաստը` 100 դոլար, միջին կենսաթոշակը՝ 112 դոլար եւ այլն: «Նշված պահանջների կամ նրանց զգալի մասի կատարման պարագայում հանրահավաքը լիազորում է ՀԱԿ-ին՝ գործնական երկխոսություն սկսել իշխանությունների հետ, օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը»,- ավելացրել էր Լ.Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ առաջնորդի այս ելույթին երեկ արձագանքել են կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները, անգամ՝ վարչապետ Տ.Սարգսյանը: Վերջինս ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե կառավարությունների հրաժարականի պահանջը քաղաքական պայքարի տրամաբանական ձեւ է, եւ ընդդիմությունը մշտապես այս ձեւն օգտագործում է: Նա նաեւ ավելացրել է, թե կոալիցիան նույնպես պայքարում է ժողովրդի ձայների համար` ապացուցելով ժողովրդին, որ ինքը հենց այն ուժն է, որն ի վիճակի է իր ուսերի վրա տանել առկա հոգսերը եւ լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են պետության առջեւ: «Բնականաբար, մեր ընդդիմախոսները պետք է փորձեն ապացուցել հակառակը… Ես համոզված եմ, որ դա նրանց չի հաջողվելու, որովհետեւ մեր ժողովրդի կարծիքն այդ առումով մեզ համար շատ հստակ է, տեսանելի եւ հասկանալի»,- ասել է Տ.Սարգսյանը:

Փորձեցինք ճշտել, թե ընդդիմության այս պահանջների եւ երկխոսության մասին ի՞նչ կարծիք ունի նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն նրա մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը երեկ չցանկացավ մեկնաբանություններ տալ: ՀԱԿ առաջնորդի ներկայացրած պահանջների մասին չցանկացան մեկնաբանություններ տալ նաեւ ՀՅԴ պատգամավորները: Իսկ կոալիցիոն խմբակցությունները, հատկապես Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները «ուլտիմատում» եւ «վերջնագիր» համարեցին ՀԱԿ առաջնորդի ներկայացրած պահանջները: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը կարծում է, որ նման լեզվով խոսելը նշանակում է, թե՝ «դա մի արեք»: «Վերջնագիրը նշանակում է՝ հակամարտություն: Բայց ամեն դեպքում ես ուզում եմ հավատալ, միգուցե նաեւ որոշակի վստահություն ունեմ, որ իշխանությունը եւ ընդդիմությունը անցել են դառը ճանապարհ, եւ երկրորդ անգամ այդ ճանապարհի մեջ ոչ մեկը չի փորձի մտնել: Խնդիրն այն է, որ պետության մեջ իշխանությունը պարտավոր է հասարակության խնդիրները ընկալել եւ լուծել: Եվ իշխանության այդ կարողությունը շատ կարեւոր է ներքաղաքական կայունության եւ պետության հզորացման համար: Իշխանությունը պետք է կարողանա ականջալուր լինել, գտնել իրական այն խնդիրները, որոնք հուզում են հասարակությանը, պետք է կարողանա լուծել այն խնդիրները, որոնք սուբյեկտիվ գործոնից են կախված: Իսկ եթե խնդիրներ կան, որ օբյեկտիվ գործոններ են, եւ իշխանությունը ոչինչ չի կարող անել, հասարակությանը շատ անկեղծ բացատրի: Բայց ինձ համար անհասկանալի էր զոհերի եւ վիրավորների համար ֆինանսական փոխհատուցում պահանջելը: Դա անսահման ցավ է, բայց ես չեմ կարող հասկանալ, երբ դա որոշակի նյութական գումարով է արտահայտվում: Այդ դեպքում, եթե բանակում, պատերազմի դաշտում որեւէ մեկը զոհվում է, բա ինչո՞ւ չեք պահանջում փոխհատուցում: Դուք ասեք այդ տարբերությունը, ես հասկանամ»,- ասում է Ս.Նիկոյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը կարծում է, որ 2012 եւ 2013 թվականների խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանում շատ է կարեւորվել քաղաքացիական համերաշխության եւ հիմնական քաղաքական ուժերի միջեւ երկխոսության կայացման անհրաժեշտությունը: «Դրա համար եմ ասում, որ մեր իշխանությունների հետ երկխոսության լեզվով խոսելու դեպքում կարող ենք ունենալ առաջընթաց: Ուլտիմատումների դեպքում մենք ոչ մի լավ բանի չենք գալու»,- ասում է Ա.Սաֆարյանն ու ավելացնում` բայց «այնտեղ կադրային հարցեր կային մարդկանց հետ կապված, որոնց մասին ես ունեմ շատ բարձր կարծիք: Դրա համար չեմ կարող կիսել այդ հախուռն, բոլորին անվանարկելու եւ քցելու մոտեցումը: Ինչ վերաբերում է բուն երկխոսությանը, ապա ես կարծում եմ, որ անաղմուկ եւ վստահելի երկխոսությունը լավագույն ճանապարհն է նորմալ 2012 թիվ ունենալու համար»:

Իսկ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը հնարավոր է համարում, որ կոալիցիոն ուժերը քննարկեն ընդդիմության բարձրացրած հարցերը: Նա նաեւ չի բացառում, որ որոշ հարցեր նաեւ լուծում ստանան: «Բոլոր հարցերն էլ պետք է շատ լուրջ քննարկվեն, եւ լիովին համաձայն եմ, որ կարելի է նաեւ որոշներին լուծում տալ»,- ավելացրեց պատգամավորը: