Նամակ Բան Կի-Մունին

03/03/2011

Երեքշաբթի օրը ՄԱԿ-ում` որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի հղած նամակը: Նամակում դատապարտելով Ադրբեջանի կողմից շարունակվող «ամոթալի քարոզչությունը եւ ապատեղեկատվության տարածումը»` մասնավորապես նշվում է, որ փորձելով ապակողմնորոշել միջազգային հանրությանը՝ Ադրբեջանը շարունակում է խոսել, այսպես կոչված` «անօրինական օկուպացման» մասին` «առանց գեթ մեկ անգամ նշելու, թե ինչն է նախորդել այդ «օկուպացմանը»: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությունում նաեւ ասված է. «Իրականում, դրան նախորդել է Լեռնային Ղարաբաղում այն ժամանակի օրենքներին եւ օրենսդրությանը լիովին համապատասխան անցկացված հանրաքվեն, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ընտրել է ինքնորոշումը: Ի պատասխան ժողովրդի օրինական իրավունքի կիրառմանը, Ադրբեջանի իշխանությունները սանձարզերծեցին լայնամասշտաբ ագրեսիա, էթնիկ զտումներ եւ ի վերջո` պատերազմ: Միջազգային հանրությունը բազմիցս վկայել ու հաստատել է Ադրբեջանի քաղաքներում ապրող անպաշտպան հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կառավարության կողմից իրագործած անթիվ ոճրագործությունները եւ սարսափելի վայրագությունները»: «1988թ. փետրվարին, ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ եւ սահմանադրական պահանջին՝ կիրառելու ինքնորոշման իր իրավունքը, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին ու զինեցին ամբոխը, որն էլ իրականացրեց հայերի ջարդը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Այն զանգվածային սպանությունների առաջին դեպքն էր, որին հետեւեցին խորհրդային իշխանությունների կողմից նախաձեռնած դատավարությունները: Ադրբեջանն իր անկախությունը ձեռք բերելուց անմիջապես հետո ազատ արձակեց դատապարտված մարդասպաններին` հրապարակայնորեն նրանց հռչակելով ազգային հերոսներ»,- ասված է ՄԱԿ-ում տարածված փաստաթղթում: Դեսպանի նամակում նշվում է նաեւ, որ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների զեկույցները վկայում են, որ սումգայիթյան իրադարձությունները նպատակ ունեին ահաբեկել Ադրբեջանի մյուս շրջաններում բնակվող հայերին։ «1988-1991թթ. Բաքվում, Գանձակում եւ այլ բնակավայրերում իրականացված ջարդերն ավելի քան զանգվածային ու բարբարոսական էին, որոնք հանգեցրին էթնիկ զտումների եւ շուրջ կես միլիոն հայերի տեղահանմանը»:

Դեսպան Նազարյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ Ադրբեջանի նախագահի եւ բարձր պաշտոնատարների կողմից այսօր շարունակվում են ռազմատենչ կոչերը եւ ելույթները` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին: «Շփման գծում ադրբեջանական կողմը վերջին շրջանում պարբերաբար եւ միտումնավոր խախտում է զինադադարի ռեժիմը, էլ ավելի սրում արդեն իսկ լարված իրավիճակը: Արդյունքում, զոհված զինծառայողներին նախագահ Ալիեւի կողմից շնորհվում են հերոսի կոչումներ, ու նոր պատերազմի համար աջակցություն ստանալու նպատակով հասարակության շրջանում խրախուսվում են թշնամական եւ պատերազմական տրամադրություններն ընդդեմ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի»,- ընդգծել է նա: «Ադրբեջանի այս արկածախնդրությունը վարկաբեկում է խաղաղ կարգավորումն ու դժվարացնում բանակցությունների ճանապարհով լուծման հասնելու գործընթացը»,- Բան Կի-Մունին գրել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը: