Շաբաթվա կարեւորագույն քաղաքական իրադարձություններից մեկն, անկասկած, նախագահ Քոչարյանի այցն էր Բրյուսել։ «Կարեւորագույն» ասելով, իհարկե, այցի միջազգային քաղաքական հնչեղությունը նկատի ունենք, որովհետեւ կոնկրետ Հայաստանի համար այդ այցի կարեւորությունն ապացուցող փաստեր առայժմ հայտնի չեն։ Փոխարենը` հայտնի է, որ այցի ընթացքում նախագահն անդրադարձել է Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին, իսկ «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում եվրոպացիներին խորհուրդ է տվել մտածել այն մասին, որ Թուրքիան չի ցանկանում ապաշխարել նախկինում կատարած ոճրագործությունների համար։
Այլ կերպ ասած, նախագահ Քոչարյանի այս այցը եւ արտահայտած մտքերը խիստ բարկացրել են Թուրքիային եւ ուրախացրել Եվրամիության այն անդամներին, ովքեր կցանկանային լրացուցիչ փաստարկներ ունենալ` Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի հայտը մերժելու համար։ Թուրքիան բարկացել է, Եվրոպան` ուրախացել, իսկ Հայաստա՞նը։ Այս հարցը միանշանակ պատասխան չունի` այն պարզ պատճառով, որ առ այսօր հայտնի չէ` Հայաստանին ձեռնտո՞ւ է, որ Թուրքիան անդամակցի Եվրամիությանը, թե՞ ոչ։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի, այս հարցում Հայաստանը «հակասական զգացմունքներ» է ապրում։ Մինչդեռ վաղուց ի վեր հայտնի է, որ արտաքին քաղաքական հարցերում «հակասական զգացմունքներով» առաջնորդվել չի կարելի. անհրաժեշտ է կողմնորոշվել եւ հստակեցնել նպատակը։ Ինչեւէ։
Իսկ ներքաղաքական կյանքում կարեւորագույն իրադարձությունն, անկասկած, «Հանրապետություն» կուսակցության բացօթյա համագումարն էր։ Ընդ որում, այս համագումարը կարեւորագույն իրադարձությունների շարքը դասվեց առաջին հերթին հենց նրանով, որ բացօթյա էր։ Այսինքն, եթե իշխանություններն այնքան հեռատեսություն ունենային, որ «Հանրապետությանը» որեւէ դահլիճ տրամադրեին, համագումարը նման քաղաքական հնչեղություն չէր ունենա։ Փաստն այն է, որ բացօթյա համագումարը կայացավ, եւ ընդդիմադիր դաշտի քաղաքական լիդերները հնարավորություն ունեցան եւս մեկ անգամ հիմնավորելու սահմանադրական փոփոխությունները վճռականորեն մերժելու իրենց դիրքորոշումը։ Ընդ որում, տեսակետ կա, թե կառավարությունը միտումնավոր է «Հանրապետությանը» մերժել դահլիճ տրամադրել, որպեսզի վերջինս ստիպված լինի դիմել ակտիվ քայլերի եւ ըստ էության հանրահավաք կազմակերպի։ Ի դեպ, այս միտքը հնչեցրեց նաեւ Արամ Կարապետյանը` նկատելով, թե «իշխանության մեջ էլ մարդիկ կան, որ ասում են` հերիք է դահլիճ, գնացեք փողոց, գործն արեք վերջացրեք, մենք էլ պրծնենք, դուք էլ»։ Կհաջողվի՞ արդյոք ընդդիմությանը նոյեմբերի 28-ին «գործն անել-վերջացնել», թե՞ ոչ` ցույց կտա ժամանակը, բայց փաստն այն է, որ հանրաքվեի ընթացքից չափազանց շատ բան է կախված։
Հետաքրքիրն այն է, որ ընդդիմադիր ճամբարում միավորվելու միտումներ են նկատվում, «այո» ճամբարում խորանում են տարաձայնությունները։ Ըստ էության, պայքարն այստեղ ընթանում է այն հարցի շուրջ, թե սահմանադրական փոփոխությունների «այո»-ն ապահովելու համար ո՞ւմ վրա առաջին հերթին պիտի հենվի նախագահ Քոչարյանը. քաղաքական ուժերի՞, թե՞ ուժային կառույցների ու նրանց տեխնոլոգիաների։ Մի կողմից` «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը փորձում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համազգային տոնախմբության ու համապատասխան շոուի վերածել, մյուս կողմից` ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարում է, թե իրենք դեմ են շոուներին եւ ձգտում են գաղափարական հիմնավորումներով ընտրողներին ստիպել «այո» ասել փոփոխություններին։ Սա իսկապես սկզբունքային հարց է, թեեւ տվյալ դեպքում երկու մոտեցումները համատեղելն առանձնապես մեծ բարդություն չէ։ Ինչպես ժամանակին նկատել է ծագումով իտալացի եւ ԱՄՆ-ում մեծ հաջողությունների հասած մի գործունյա մարդ, «բարի խոսքն ու ատրճանակը միշտ ավելի մեծ արդյունք են տալիս, քան միայն բարի խոսքը»։
Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսական կյանքին, ապա այստեղ վերջին օրերին տեղի ունեցավ առաջին հայացքից ոչ այնքան կարեւոր մի իրադարձություն. ՀՀ Կենտրոնական բանկն առաջարկեց 2006թ. բյուջեի հիմքում ամերիկյան դոլարի փոխարժեքը հաշվարկել 420 դրամով։ Բացատրությունն առնվազն տարօրինակ էր. Հայաստանի տնտեսությունն ավելի արագ տեմպերով է զարգանում, քան զարգացած երկրների տնտեսությունները։ Եվ սա այն դեպքում, երբ ավելի վաղ դրամի նկատմամբ դոլարի անկումը բացատրում էին արտերկրից մասնավոր տրանսֆերտների ձեւով ՀՀ մտնող դոլարի ծավալների աճով (այսինքն` պատճառը ոչ թե Հայաստանի, այլ, ասենք, Ռուսաստանի տնտեսական աճն էր)։
Իսկապե՞ս ՀՀ տնտեսությունը շարունակում է թռիչքաձեւ աճել։ Հայաստանի 300 խոշորագույն հարկատուների ցանկում հայտնի է դառնում, օրինակ, որ ցեմենտ արտադրող ընկերություններն առանձնապես չեն «զարգացել»։ Մինչդեռ, պաշտոնական տվյալների համաձայն, 2005-ին շինարարության ծավալները Հայաստանում մեծացել են մոտ 50 տոկոսով։ Եզրակացությունը միանշանակ է. կամ տնտեսական աճի ծավալներն են կեղծ, կամ կոռուպցիայի ծավալները ոչնչով չեն զիջում տնտեսական աճի ծավալներին։ Պարզ է, որ երկու դեպքում էլ դրամի հետագա ամրապնդումը դոլարի նկատմամբ որեւէ տրամաբանական բացատրության չի ենթարկվում եւ արհեստական է։
Այնպես որ, սպասենք հանրաքվեին։