Եվս երկու նավ

03/03/2011

Նախօրեին ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը Լիբիայի ափեր է ուղարկել եւս երկու նավ` ծովային հետեւակազոր ձեւավորելու համար, որի նպատակն «անհրաժեշտ տարհանման կազմակերպումն ու օգնության ցուցաբերումն է»: Միաժամանակ Գեյթսը նշել է, որ ԱՄՆ ռազմական ուժերը պատրաստ են կատարել Լիբիայի վերաբերյալ նախագահի ադմինիստրացիայի ցանկացած հրաման: Ըստ արեւմտյան լրատվամիջոցների` ծովահենության դեմ պայքարի նպատակով Սոմալիի ափերի մոտ տեղակայված` ԱՄՆ ՌՈՒ Enterprise ավիակիրը նույնպես ներկա պահին շարժվում է դեպի Սուեզի ջրանցք` ընթանալով դեպի Լիբիա: Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտնել էր, որ Լիբիային սպառնում է քաղաքացիական պատերազմ, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սյուզան Ռայսն ասել է, որ միջազգային հանրությունը կշարունակի ճնշում գործադրել Մուամմար Կադաֆիի նկատմամբ այնքան ժամանակ, մինչեւ որ նա հրաժարական կտա: Ս.Ռայսի խոսքով` ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ քննարկում է Լիբիայի շուրջ ստեղծված իրավիճակին հնարավոր ռազմական միջամտությունը, սակայն դեռ պատրաստ չէ երկրի ընդդիմությանը նյութական օգնություն ցուցաբերել` նրա տարանջատված լինելու պատճառով: