«Աշխարհում 1000 երեխայից 4-ը ծնվում է խուլ: Դա նորմալ վիճակագրություն է՝ ոչ ավել, ոչ պակաս»,- օրեր առաջ մեզ հետ զրույցում ասաց «Ձայնային աշխարհ» ( «The sound world») կազմակերպության հիմնադիր-նախագահ, «Caro& Co» նորաձեւության ընկերության նախագահ Ռոզալիա Ալփերտը (Rozalia Alpert): Նրա հաշվարկներով՝ 2010թ.Հայաստանում 45.000 նորածնից 200-ի մոտ հայտնաբերվել է խլություն: Ռոզիի փոխանցմամբ՝ այս ցուցանիշը չի վկայում, թե Հայաստանը վատ երկիր է: «Եթե Կառավարությունը, այսպես ասած՝ բուժում է տարեկան 2 երեխայի, դա ոչինչ է, մի կաթիլ է մեծ օվկիանոսում»,- ընդգծեց Ալփերտը: Վերջինս Հայաստան էր եկել իր 2 գործընկերների հետ: Ռոզալիան Ավստրալիայից է եւ երկար տարիներ բնակվում է Ռուսաստանում: 2007թ. հիմնել է «Ձայնային աշխարհ» ռուս-ավստրալական կազմակերպությունը, որը բացառապես նպատակ ունի բարեգործական միջոցներով օգնել խուլ երեխաներին: Հիմնադրի փոխանցմամբ՝ իրենք իրենց բուն գործունեությունը սկսել են նախորդ տարվանից, եւ միայն Ռուսաստանում վիրահատել են 3 երեխայի: «Մենք օգնեցինք ծանր վիճակում գտնվող երեխաներին»,- ընդգծեց կազմակերպության հիմնադիրը, ով խոսում է շատ պրագմատիկ ու անմիջական: Ասում է ծանոթ-բարեկամ կապերի օգտագործումն իր կազմակերպության դեպքում բացառվում է, որովհետեւ իրենց նպատակը սոցիալապես անապահով խավի երեխաներին օգնելն է: «Մենք որոշեցինք օգնել Հայաստանին ոչ թե այն բանի համար, որ Հայաստանը փոքրիկ ու աղքատ երկիր է, այլ այն պատճառով, որ մեր ընկերները Հայաստանից են: Իրենք խնդրեցին օգնել հայ երեխաներին»,- նշեց Ռ. Ալփերտը՝ մատնացույց անելով իրենց կայք-էջում գրանցված 3 հայ երեխաներին, որոնց մասին կազմակերպության ղեկավարը խոսում էր հանգամանորեն: «Սեյրան Պետրոսյանը 2 տարեկան է: Նա Գյումրիից է՝ Հայաստանի երկրորդ մեծ քաղաքից, որ մեծապես վնասվեց 1988թ. աղետալի երկրաշարժից: Սեյրանի լսողությունը երկկողմանիորեն վնասվել է, ինչը հայտնաբերվեց, երբ նա 5 ամսական էր»,- պատմեց զրուցակիցս՝ անդրադառնալով մյուս 2 երեխաներին՝ Ռուբեն Թանգյանին եւ Անի Կարապետյանին: Ռոզիի կարծիքով՝ վեբ-կայքում (http://www.thesoundworld.org/ thekids. html) ներկայացված 3 հայ երեխաներն էլ վիրահատության կարիք ունեն: «Վիրահատությունն արժե 17.000 եվրո, ինչը բավական թանկ արժե այս ընտանիքների համար, հատկապես, երբ Կառավարությունը որեւէ կերպ չի օգնում»,- նկատեց կազմակերպության հիմնադիր-նախագահը: Նրա փոխանցմամբ՝ Հայաստանում իրենք նպատակ ունեն օգնել առայժմ 10 երեխայի: «Ռեաբիլիտացիան ինքնին դժվար գործընթաց է: Ձայնը, որ երեխան լսում է, նյարդայնացնում է նրան, որովհետեւ այն հնչում է ամպրոպի, անձրեւի պես: Իսկ չէ՞ որ ձայնը բաղկացած է նաեւ բառերից: Խուլ երեխաների մոտ ձայնը բաղկացած չէ բառերից: 3 տարեկանից սկսած իմպլանտացիա անցած երեխաները ռեաբիլիտացիայի կարիք ունեն: Իսկ ռեաբիլիտացիան՝ վերականգնումը, կրկնվող գործընթաց է, որովհետեւ բուն գործողությունն աբիլիտացիան է: Այսինքն՝ նրանց խոսելու հմտություն հաղորդելը»,- ասաց Ռ. Ալփերտը: Ըստ նրա՝ այսօր խոսելու հմտություն սովորեցնող մասնագետների խնդիր կա: Ընդ որում՝ մասնագիտական նման փորձ կուտակվել է Իսրայելում եւ Գերմանիայում: «Ռուսաստանում այդպիսի փորձ չկա, եւ մենք սարսափելի բարդությունների հետ բախվեցինք: Հայաստանում, ինչպես գիտեք, սուրդոլոգներ կան, ովքեր, սակայն, դեռեւս սովորելու, վերապատրաստվելու կարիք ունեն: Բայց քանի որ գոյություն ունի հայկական սփյուռք, ուստի մենք կարող ենք համապատասխան մասնագետներ բերել, օրինակ, Լոս Անջելեսից, ովքեր կաշխատեն այդ երեխաների հետ»,- ընդգծեց Ռոզալիա Ալփերտը: Նրա ասելով՝ Հայաստանում առայժմ փոքր երեխաներին են օգնելու, ովքեր աբիլիտացիայի կարիք չունեն, եւ որոնց բուժօգնության արդյունավետությունը կլինի 100 տոկոսով: «Երբ մենք հասնենք ավելի մեծ բարդություններ ունեցող երեխաներին, հույս ունենք, որ թե՛ ՀՀ կառավարությունը, թե՛ հայկական Սփյուռքը կմիանան մեր նախաձեռնությանը: Այդ ժամանակ Հայաստանում մենք կհիմնենք ռեաբիլիտացիայի կամ աբիլիտացիայի ինստիտուտ: Դա դեռ երկար ժամանակ կպահանջի»,- նշեց «Ձայնային աշխարհն» կազմակերպության հիմնադիրը` հավելելով, թե Հայաստանում նման ինստիտուտի հիմնումը չի նշանակում, թե իրենք սահմանափակվում են մեկ պետությամբ: Ըստ նրա՝ հրաշալի կլինի, եթե առաջիկայում Հայաստանում ադրբեջանցի երեխաներին էլ վիրահատեն, քանի որ, ինչպես ասաց զրուցակիցս, Ադրբեջանի կառավարության կողմից ընդհանրապես օժանդակություն չի ցուցաբերվում այդ երեխաներին: Ավելին՝ Ռոզալիա Ալփերտի փոխանցմամբ՝ ռեաբիլիտացիայի կամ աբիլիտացիայի ինստիտուտը, որ նպատակ ունեն հիմնել Հայաստանում, Կովկասյան երկրների համար կլինի աննախադեպ կենտրոն: Ընդ որում՝ նրանք նպատակ ունեն նմանատիպ կենտրոն բացել Իսրայելում՝ պաղեստինցի երեխաների համար: «Մենք պարզապես բուժում ենք փոքր խնդիրը, որովհետեւ խլությունը ասթմայի պես է: Դա փոքրիկ խնդիր է, որը կարելի է տեղայնացնել եւ բուժել»,- նկատեց Ռ. Ալփերտը: Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ ծնողները վախենում են իրենց երեխաներին վիրահատելուց, բայց, ի վերջո, ըստ կազմակերպության ներկայացուցիչների, վիրահատությունը բավական դյուրին է, որեւէ վտանգ չի կարող առաջացնել, եւ երեխան կարող է լիարժեք կյանքով ապրել: «Ընկերուհիներիցս մեկը միշտ կատակում է՝ ասելով, թե երբ հանում ես լսողության այդ սարքը, չես լսում, թե կողքից ինչպես են խռմփացնում»,- ժպտալով պատմեց նա` եւս մեկ անգամ հիշեցնելով, որ իր կազմակերպությունը եվրասիական մշակույթի հոգեբանությամբ չի շարժվում՝ բարեգործական ձեռնարկների դեպքում առաջնահերթություն տալով ծանոթ-բարեկամներին: «Իհարկե, լավ է բարեգործություն անել, բայց մենք, իսկապես, նպատակ ունենք օգնել նրանց, ովքեր լիովին արժանի են դրան»,- ընդգծեց Ռ. Ալփերտը: