Հելլադայի դիվանագիտական որոգայթները։ Հայացք XXI դարից

03/03/2011 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հելլենները գետնի վրա եւ գետնի տակ

Հին հույներն իրենց կենցաղն ու կացութաձեւը չեն պատկերացրել այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում եւ զգում: Նրանք ապրել են «երկու աշխարհներում»` գետնի երեսին եւ գետնի տակ` վստահ լինելով, որ կյանքը չի ընթանում միայն այստեղ` երկրի վրա, այլ այն կա նաեւ նրա խորքերում, որտեղից ամեն կենդանի էակ սնվում է, եւ ուր վերադառնում է մեռնելուց հետո: Բայց կապը վերեւի հետ չի կտրվում: Հույները համոզված էին, որ hողի աստվածուհի Դեմետրայի աղջիկը՝ Պերսեփոնեն, որին հափշտակել էր ստորգետնյա աշխարհի տիրակալ Հադեսը, ամեն ամառ գալիս է իր մորը տեսության: Այնպես որ, մահը պարզապես վերադարձ է ի շրջանս յուր եւ բնական երեւույթ է: Եվ ահա թե ինչ եղավ նրանց հետ, ովքեր խախտեցին այդ օրենքը:

Պելոպոննեսյան պատերազմի ժամանակ հունական նավատորմը Արգուզյան կղզիների մոտ ջախջախեց Սպարտայի նավատորմը: Ստրատեգների 10 անդամներից բաղկացած զորավարների խորհուրդը, որի գլխավոր գերագույն հրամանատարը վերընտրվում էր ամեն տարի, շտապեց Լեսբոս կղզի եւ թողեց մի նավ, որը պետք է հավաքեր սպանվածներին` հայրենիքում թաղելու համար: Սակայն նավապետն ուժեղ փոթորիկի պատճառով չկարողացավ կատարել հանձնարարությունը, ինչը չներվեց աթենքյան հասարակության կողմից, քանզի մեռելներին չթաղելը սրբապղծություն էր, ավելի մեծ մեղք, քան վիրավորներին անուշադրության մատնելը: Անգամ կռվից հետո կողմերի միջեւ զինադադար էր կնքվում զոհվածներին հուղարկավորելու համար: Մահացածին ստորգետնյա աշխարհ ուղեւորելը կենդանի մնացածների սրբազան պարտքն էր: Այն չկատարելը մեծագույն մեղք էր, հանցագործություն: Այդ իսկ պատճառով զոհված նավաստիներին չթաղելու այս դեպքը վերածվեց համազգային հարցի, ստացավ հասարակական հնչեղություն: Սպանվածների ազգականները վրեժ էին տենչում, ողբալով` թե հանգստի կարոտ անթաղ հոգիները դեռ թափառում են ստորերկրյա թագավորության մուտքի մոտերքում, եւ դա, ըստ ավանդույթի, կարող է տեւել հարյուր տարի: Այնժամ աթենքյան դեմոկրատիան նահանջեց՝ իր տեղը զիջելով վրեժխնդրության կույր բնազդին: Ստրատեգների պաշտպանության կամպանիան, որը գլխավորում էր Սոկրատեսը, կոպտորեն մերժվեց: Ծովային անմեղ հրամանատարներին բերման ենթարկեցին ու կախեցին: Նրանց մեջ էր նշանավոր հետերա Ասպազիայի երիտասարդ տղան: Իսկ հետո հասկանալով գործված անիրավությունն ու անողոքությունը՝ ողբացին կատարվածի համար, եւ ընկնելով հակառակ ծայրահեղության մեջ՝ աստվածացրին զոհվածներին: Բնորոշ երեւույթ՝ ամբոխի հոգեբանության տեսանկյունից, մանավանդ, որ խոսքը վերաբերում է հույներին, որոնց հատուկ է սուր զգայական խառնվածքը: Ի դեպ, ամեն տարի միջին հաշվով տասը ստրատեգներից երկուսը մահապատժի էին ենթարկվում:

Հելլենները հանդերձյալ կյանքի վերաբերյալ ունեին իրենց փիլիսոփայությունը: Նրանք ծանր էին տանում այն հանգամանքը, որ հարազատներն ընկել են խավարի թագավորություն, ուր նրանք զրկված են ամեն հաճույքից: Սակայն ողջերը մխիթարվում էին այն մտքով, որ եթե հանգուցյալն արդար է, մաքուր եւ անմեղ (ամեն մարդ մտածում է, որ իր հարազատը հենց այդպիսին է), ահեղ դատաստանից հետո ուրախ-զվարթ զբոսնում է Ելիսեյան դաշտերում: Հոմերոսն այնպես է նկարագրում այդ դաշտերի կյանքը, որ ակամայից նախանձում ես այնտեղ ապրողներին: Ըստ նրա հանճարեղ գրչի, անդրշիրիմյան այդ աշխարհը հրաշագեղ մի հանգստավայր է, կատարյալ դրախտ` եդեմ:

«Ո՛չ ձմեռ են տեսնում այնտեղ, ո՛չ էլ անձրեւ, կարկուտ կամ ձյուն, // Զեֆիրոսը Օվկիանոսից բարձրացնում է թեթեւ քամի, // Զովացնելով այնտեղ ապրող բոլոր մարդկանց երանավետ»:

«Ոդիսական», Երգ չորրորդ, թարգմ. Ս. Գրքաշարյանի

Իսկ մեղավորները, չարերն ու անազնիվները տանջվում են Տարտարոսի դժոխքում: Դրա հետ մեկտեղ՝ ամեն մի ընտանիք հավատում էր, որ մեռած նախնիները հաղորդակցության մեջ են մտնում իրենց հետ: Եվ իրենք պարտավոր են հիշել հանգուցյալներին, նրանց գերեզմաններն օծել եւ զոհեր մատուցել: Ստորգետնյա աստվածների համար մատուցվող զոհը (ցուլ, ոչխար, այծ, խոզ) թաղում էին հողի մեջ, որպեսզի շուտ հասնի հասցեատիրոջը:

Ամեն տարի ատտիկյան օրացույցի անտեստերիոն ամսին (փետրվարի 7-ի եւ մարտի 8-ի արանքում) հույների մեռելոցն էր: Ըստ ավանդության, այդ օրը ստորգետնյա աշխարհը բացվում էր եւ ննջեցյալների ոգիները բարձրանում էին վեր` միանալու հարազատներին: Այցելուներին հյուրասիրում էին ցորեն, գինի, ձիթապտղի յուղ, մեղր: Հիմնականը, սակայն, պանսպերմիան էր` քաղցր շիլան` պատրաստված հատիկաբույսերից եւ լոբազգիներից: Այն պատրաստողներն իրենք չէին ուտում, այլ բաժանում էին:

Այդ սովորույթն այսօր էլ գոյություն ունի Հունաստանում: Մատաղի արարողություն շատ ազգեր ունեն: Այն մեր` հայերիս մոտ, չգիտես ինչու, վերածվել է կերուխումի արարողության, մինչդեռ եկեղեցական կանոնների համաձայն՝ մատաղը մատուցվում է ուրիշներին` հատկապես աղքատներին:

Հանգուցյալների նկատմամբ հույների պաշտամունքը սերտորեն կապված էր ընտանեկան օջախի պաշտամունքի հետ, որի մեջ արտահայտվում էր ընտանիքի միասնականության գաղափարը` սերնդից սերունդ: Մարդիկ ծնվում եւ մեռնում են, իսկ ընտանիքը շարունակում է ապրել այնպես, ինչպես օջախում միշտ վառվում է կրակը, թեեւ վառելիքը փոխվում է: Եվ եթե մեկը հեռանում, գնում է տնից մի նոր տեղ, նա պետք է իր հետ տանի հայրենի օջախից մխացող ածուխը, որպեսզի նոր տեղում կրակ վառի նախկին աղբյուրից: Եվ երբեք չմոռանա անցավորներին: Այս ավանդույթը փոխանցվել է այլ ազգերի եւ աննշան փոփոխություններով հասել մեր օրերը: Կարծում եմ, մենք` հայերս, բացառություն չենք կազմում:

Աստվածների եղբայրական պանթեոններ հունական գաղութներում

Հունական դիվանագիտության կողքին հեթանոսական կրոնը՝ իր դոգմաներով, սկզբունքներով եւ կանոններով, մեծապես նպաստում էր կայսերապաշտական-էքսպանսիոնիստական քաղաքականության իրագործմանը: Ես նկատի ունեմ այն, որ հույները նվաճելով նոր տարածքներ (խաղաղ, իսկ որտեղ պահանջվում էր՝ զենքի ուժով), ոչ միայն չէին մերժում, չէին նվաստացնում, չէին հալածում տեղական կրոններն ու նրանց կրողներին, այլեւ ընդհակառակը՝ միանգամայն ուշադիր ու հարգալից վերաբերմունք էին ցուցաբերում նվաճված ժողովրդի աստվածների եւ ոգիների նկատմամբ, այսինքն, իրենց` նվաճած ժողովրդի նկատմամբ: Սա բխում էր հեթանոսության փիլիսոփայությունից, որը մեծ հաշվով հանդուրժողական էր (տոլերանտ) մյուս կրոնների նկատմամբ: Անտիկ աշխարհում գոյություն ուներ բոլոր ժողովուրդների աստվածների կատարյալ համերաշխություն, բարիդրացիական հարաբերություններ, երանելի էգալիտար մի միջավայր: Այնտեղ աստվածներն իրար լավ հասկացել էին եւ օգնում էին մեկմեկու, որից խորամանկորեն եւ ճարպկորեն օգտվում էին քաղաքական գործիչներն ու դիվանագետները:

Սակայն աստվածների ներդաշնակությունն ամենեւին չի նշանակում, որ գաղութարար-նորեկներին ընդունում էին գրկաբաց եւ նրանց ու բարբարոսների միջեւ, այդպես էին անվանում հույները բոլոր այն ժողովուրդներին, ովքեր հունարեն չէին խոսում, հաստատվել էր հեքիաթային հովվերգություն (իդիլիա): Ամենեւին: Ե՛վ արցունք էր թափվում, եւ՛ արյուն: Հին աշխարհի ավանդապատումներում եւ զրույցներում մենք հանդիպում ենք գաղութարարության դեմ բարբարոսների ընդվզման բազմաթիվ դեպքերի: Սակայն պետք է ասել, որ այդ քաղաքականությունը վարվում էր ավելի խելացի մեթոդներով ու տակտով, քան արվեց հետագա դարերում, արվեց շատ ավելի դժվարին եւ ցավագին ձեւերով: Փոխվում էին ժամանակները, պայմանները, կրոնները: Հետո ծնունդ առավ բոլոր ժամանակների ամենամեծ կրոնը` քրիստոնեությունը` սկզբնավորելով տարբեր ազգերի նոր տիպի փոխհարաբերություններ, որոնցում, ցավոք սրտի, իր հաստատուն տեղը գտավ կրոնական անհանդուրժողականությունը: Քրիստոնեությունը ժառանգելով հրեիզմի բացառիկության փիլիսոփայությունը, առանձնացավ այլ կրոններից եւ իր հավատացյալներին անվանեց «Քրիստոսի հոտ», «երրորդ ցեղ», «ընտրյալներ»: Քաղաքական եւ մի շարք այլ շարժառիթների կողքին կրոնը որոշակի դեր խաղաց մարդկային կոտորածների եւ ողբերգությունների մեջ: Խաչակրաց արշավանքներ, Բարդուղիմեոսյան գիշեր, հուսյանների ապստամբություն, Կոնստանտինապոլսի ջարդ. կրոնական պատերազմների ցանկը շատ ավելի երկար է, քան թվարկվածը: Վերջին հաշվով դժվար է չհամաձայնել անգլիացի անվանի պատմաբան Էդուարդ Գիբոնի հետ, որ քրիստոնեության ազդեցության տակ սկզբում անհետացավ հռոմեական հնամենի ոգին, հետո կայսրությունը: Իսկ VII դարում իսլամի հայտնությունը միանգամայն աղավաղեց համաշխարհային էկումենիկ շարժման առանց այդ էլ երերուն ներդաշնակությունը: Այդ կրոնի ընդերքում գլուխ բարձրացրեց ծայրահեղականությունը (էքստրեմիզմը) եւ արմատականությունը (ֆունդամենտալիզմը), դառնալով քաղաքակիրթ հասարակությանը սպառնացող ամենամեծ վտանգներից մեկը: Իսլամ ֆանատ ծայրահեղականն այսօր էլ այն խելքին է, որ ով իր հետ չէ, մահվան է արժանի: Սպանի՛ր անհավատին, ինքդ էլ սպանվիր, բայց կհայտնվես դրախտում: Ալլահը երաշխավորում է դրախտ հանդերձյալ կյանքում: Մի՞թե հնարավոր է գտնել ավելի վտանգավոր բարոյախոսություն, քան իսլամական այս սենտենցիան է: Կրոնական ֆանատիզմը երբեք էլ չի լքել իսլամը: Այնպես որ, համաձայնվելով, որ 1915 թվականի Հայկական մեծ եղեռնը, ինչպես նաեւ՝ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ հայ-ադրբեջանական առճակատումը հիմնականում քաղաքական ֆենոմեններ են, բացառել դրանցում կրոնական գործոնը, գոնե, անմիջական դերակատարների մակարդակով, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ:

Դիվանագետների նախահոր բարոյաքաղաքական դիմապատկերը

Կրոնի ու միստիկայի, իրականության ու դիցաբանության մեկ ամբողջականության մեջ ընկալումը հին աշխարհի մարդուն բերել է այն եզրահանգման, որ դիվանագետները, ինչպես նշեցինք, ոչ ավել, ոչ պակաս, նույն իրենք` հրեշտակ-կապավորներն են երկնքի ու երկրի միջեւ, ովքեր էլ բանակցություններ են վարում աստվածների հետ: Իսկ քանի որ աստվածները հնում շատ-շատ էին` հարկ եղավ նրանցից մեկին ընտրել շեֆ, որպեսզի տիրություն աներ հրեշտակ-դիվանագետներին: Եվ ընտրությունն ընկավ Զեւսի որդի Հերմեսի (Hermes, լատ.) վրա: Լա՛վ հիշեք այդ անունը: Այս Հերմեսը բազմաշնորհ եւ բազմապրոֆիլ էր: Նա հայտագործությունների եւ գյուտերի աստվածն էր, ճանապարհորդների հովանավորը, իսկ երբ մարդիկ մեռնում էին՝ կազմակերպում էր նրանց մեկնումը դեպի Հադեսի տխուր թագավորություն: Այսինքն, աշխատեցնում էր թաղման բյուրոյի նման մի բան: Հերմեսի իրավասության տակ էին գտնվում շատ ուրիշ բնագավառներ եւս. մարդկանց քունը, երազը, խաշնարածները, առեւտուրը, երիտասարդության, սպորտի, մշակույթի, գիտության ու կրթության գործերը:

Մենք էլ էինք ժամանակին, հավանաբար՝ Հունաստանի օրինակով, համատեղում սպորտի, երիտասարդության եւ մշակույթի նախարարություն:

Այս բոլորը դեռ ոչինչ: Բանը նրանումն է, որ Հերմեսը եղել է նաեւ… գողերի եւ խաբեբաների աստվածը: Կերպարվեստի գործերում նա, ձեռնածուների նման, պատկերվում է սրածայր մորուքով եւ երկար թիկնոցով, փոքրիկ փայտիկը ձեռքին, որպեսզի մարդկանց մոտ ստեղծի իլյուզիա, հիպնոսացնի նրանց, մի խոսքով՝ «գլուխներն արդուկի»: Եվ այդ աճպարարը, խաբեբաների եւ գողերի ավագը որոշում է ընդարձակել իր տիրույթները, դրանց ավելացնելով մի նոր ոլորտ եւս: Այն էլ ի՜նչ ոլորտ: Դիվանագիտությունը: Մարդուն դուր են գալիս միջազգային հարաբերություններն ու արտաքին քաղաքականությունը, եւ նա ցանկանում է լինել դիվանագետներին «նայողը»: Իսկ ի՛նչ է, հիմա դիվանագիտության նկատմամբ հետաքրքրությունը նվազե՞լ է: Ամենեւին:

Փոքր Հայաստանն այնքան դիվանագետ է «արտադրում», որ եթե մենք դեսպանատներ բացենք Բարբադեսում եւ Պապուա Գվինեայում, դարձյալ դիվանագիտական գործազրկություն կլինի հանրապետությունում: Իսկ Հերմեսի համար ցանկանալը նշանակում է՝ ունենալ: Նրա սրտի ուզածը տեղն ու տեղը կատարվում է, քանի որ նա, ոչ ավել, ոչ պակաս, գլխավոր աստված Զեւսի տղան է: Այսինքն՝ նրա դեմ խաղ չկա` ոչ գետնի վրա, ոչ էլ երկնքում: Ցավելու աստիճան ծանոթ տեսարան է, այնպես չէ՞: Նշենք, որ այդ Զեւսը եւս, ըստ երեւույթին, առանձնապես չի փայլել իր բարոյական նորմերով: Նման եզրակացության ես գալիս, երբ տեղեկանում ես, թե ինչ չափանիշներով է նա որոշում տղային կարգել դիվանագետների «տանիք»: Զեւսին հիացնում է, օրինակ, Հերմեսի ճարպկությունն ու աչքաբացությունը, երբ վերջինս իր ծնված օրը նշում է ավազակությամբ: Նա գողանում է եղբոր` Ապոլոնի կովերը:

Դրանից հետո Հերմեսը դարձավ կովերի մոտ եւ փութկոտ նրանց ավելի հեռու քշեց: Կովերից երկուսը զոհաբերեց աստվածներին, հետո ոչնչացրեց զոհաբերության բոլոր հետքերը, իսկ մնացած կովերին թաքցրեց քարանձավում: Կովերին անձավ մտցրեց ետ-ետ մղելով, որպեսզի հետքերն այնպես ցույց տային, թե կովերը ոչ թե մտել, այլ դուրս են եկել այնտեղից:

Կատարելով այդ ամենը, Հերմեսը հանգիստ վերադարձավ անձավ, իր մոր՝ Մայայի մոտ, եւ, փաթաթվելով իր բարուրի մեջ, կամացուկ պառկեց օրորոցում:

Դժվարն առաջին քայլն է: Մի ուրիշ անգամ կատակի համար նա «թռցնում է» Ապոլոնի ոսկե նետն ու աղեղը, մյուս եղբոր` պատերազմի աստված Արեսի թուրը, ծովերի աստված Պոսեյդոնի եռաժանին եւ հոր` Զեւսի գավազանը: Սա արդեն, համաձայնեք, ոչ կատակ է, ոչ էլ կլեպտոմանիա: Եթե Հերմեսը ուժեղ «մեջք» չունենար, վրան, հաստատ, քրեական գործ կսարքեին: Մինչդեռ այս ամենն այնքան է ոգեւորում հայրիկին, որ նա Հերմեսին հետագայում տալիս է նոր, ավելի վտանգավոր հանձնարարություններ: Հայր-որդի յուրօրինակ համագործակցությունից հիշենք հանրահայտ դիպվածը` շարադրված ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի:

…Հերան հաճախ է վիրավորանքներ կրում իր ամուսնուց` Զեւսից: Այնպես պատահեց, որ Զեւսը սիրեց գեղեցիկ Իոյին, ուղղակի խելքամաղ եղավ եւ Հերայի աչքերից թաքցնելու համար, նրան կով դարձրեց: Բայց դրանով շանթարձակը (Զեւսը) չկարողացավ փրկել Իոյին: Հերան տեսավ ձյունահեր Իո կովին եւ Զեւսից պահանջեց, որ իրեն նվիրի այդ կովը: Զեւսը չկարողացավ մերժել Հերային: Իսկ Հերան, դառնալով Իոյի տերը, նրան հանձնեց հարյուրակնյա հսկա Արգուսի հսկողությանը, որի հարյուր աչքերի կեսը երբ քնում էր, մյուս կեսը շարունակում էր արթուն մնալ: Տառապում էր դժբախտ Իոն, ոչ ոքի հետ չէր կարող խոսել իր տառապանքների մասին. կով դառնալով` նա զրկվել էր խոսելու ձիրքից:

Անքուն Արգուսը հսկում էր Իոյին, եւ սա չէր կարող թաքնվել որեւէ տեղ: Զեւսը տեսնում էր նրա տառապանքները: Եվ նա իր մոտ կանչեց որդուն՝ Հերմեսին, ու հրամայեց, որ նա փախցնի Իոյին: Հերմեսը մի ակնթարթում սուրաց դեպի այն լեռան գագաթը, ուր հարյուրակնյա Արգուսը հսկում էր Իոյին: Նա իր խոսքերով քուն բերեց Արգուսի աչքերին: Ճարտասանությունը դիվանագետի կարեւոր հատկություններից է: Ու հենց որ նրա հարյուր աչքերը փակվեցին` Հերմեսը դուրս քաշեց կեռ սուրը եւ մի հարվածով կտրեց Արգուսի գլուխը: Իոն ազատության մեջ էր: Իսկ քիլլերությունն անհարիր է դիվանագիտությանը:

Հերմեսի արկածները սրանով չեն ավարտվում: Նրա մատը խառն է այլ մութ գործերում եւս: Թեկուզ Պանդորայի դեպքը:

…Պանդորան հունական դիցաբանության ամենօժտված կանանցից էր, աստվածների կողմից ստեղծված գեղեցկուհի: Ըստ դիցաբանության՝ նրա մարմինը ստեղծեց Հեփեստոսը: Աֆրոդիտեն պսակեց այն սքանչելիքներով: Զեւսն այդ գեղեցկուհուն երկիր ուղարկեց` Պրոմեթեւսի եղբոր կինը դառնալու: Պանդորան իր հետ տարավ մի արկղ, որ լիքն էր մարդկության համար բազում դժբախտություններով: Պանդորան չի անսում իրեն արված նախազգուշացումները, բացում է այդ չարաբաստիկ արկղը եւ շուրջբոլորը սփռում բյուր չարիք, հիվանդություն ու մահ: Վերջանում է դրախտը երկրի վրա, ավելի ճիշտ՝ Հելլադայում, եւ մարդիկ ստիպված են լինում չարքաշ աշխատանքով վաստակել հանապազօրյա հացը: Կա մեկ այլ վարկած, որ արկղը բացում է Պրոմեթեւսի եղբայր Էպիմեթեւսը: Սակայն դժբախտության էությունը դրանից չի փոխվում: Մարդիկ առ այսօր տառապում են այդ կնոջ երեսից: Իսկ որ Հերմեսը, բառիս լայն իմաստով, փչացրել է Պանդորային, հայտնի փաստ է եւ՛ երկնքում, եւ՛ երկրում: Դիվանագետների հայրը նրա սիրտը փոխել է շան սրտով: Եվ նա սկսել է շնանալ, խաբել, գողանալ, դարձել է որկրամոլ, անզուսպ զարդերի ու սեքսի նկատմամբ: Մի խոսքով, հայր ու որդի արժեն իրար: Իսկ Հերմեսի սիրային արկածները` հազար ու մի գիշեր է, որը օրինակ է հանդիսացել եւ ոգեւորել է հետագա սերունդների բոլոր կազանովաներին, դոնժուաններին եւ լովելասներին միասին վերցրած: Նա բազմաթիվ «անցողիկ» սիրուհիներ ուներ, չհաշված պաշտոնապես երկուսը. Պերսեփոնեն եւ Աֆրոդիտեն: Առաջինի հետ նա հանդիպում էր, երբ մեռյալներին ուղեկցում էր ստորգետնյա աշխարհ, քանի որ այդ աստվածուհին տիրուհի էր այնտեղ: Այսինքն` չարաշահում էր պաշտոնական դիրքը եւ ժամանակ չէր կորցնում գործուղումների ժամանակ: Իսկ Աֆրոդիտեի հետ` հարց չկար` ամեն տեղ եւ ամեն առիթով: Հոմերոսը «Ոդիսականում» նկարագրում է, թե ինչպես է Աֆրոդիտեի կաղ ու խորամանկ ամուսինը` Հեփեստոսը, իր ձեռքով պատրաստած ցանցի մեջ գցում Արեսի հետ իրեն դավաճանած կնոջը: Հեփեստոսը, ըստ երեւույթին, սիրահարներին խայտառակելու նպատակով դեպքի վայր է հրավիրում բոլոր կարեւոր աստվածներին, որոնք տեսնելով այդ տեսարանը` ծիծաղից թուլանում են: Ինչպիսի՜ ցինիզմ: Հետո Ապոլոնը հարցնում է Հերմեսին, թե կուզե՞ր արդյոք Արեսի տեղը լինել: Եվ, կարո՞ղ եք պատկերացնել, ինչ է պատասխանում ավագ դիվանագետը.

«Երանի՜ թե այդպես լիներ, ո՜վ նետաձիգ իմ Ապոլոն. // Թող սրանից եռապատիկ կապանքներով ինձ կապեին, // Եվ դուք, բոլոր աստվածներդ, այսպես գալով ինձ տեսնեիք. // Բայց երջանիկ կզգայի ինձ Աֆրոդիտի հետ քնելով»:

Հոմերոս «Ոդիսական», Երգ ութերորդ, թարգմ. Սիմոն Գրքաշարյանի:

Կարդալով Հոմերոսին՝ գալիս ես այն եզրակացության, որ Հերմեսը հաստատ ունեցել է սեռական շեղվածություն: Նախ` նրա վրա ամենեւին չի ազդում, որ սիրուհին ուրիշի հետ է, հետո նա տառապում է էքսհիբիցիոնիզմով, այսինքն՝ ուզում է ի ցույց դնել այն, ինչն ուրիշի աչքերի համար չէ, հետն էլ փաստում է, որ աստվածները սիրում են Այդ նայել, հետեւաբար նրանք էլ վույերիստ են: Սա էլ ձեզ հին աստվածները:

Շարունակելի