Այսօր մեր թատրոնում քիչ դերասան կգտնես, ովքեր չեն վախենում իրենց մասնագիտության բոլոր, շատ հաճախ` անհրապույր եւ մռայլ գաղտնիքների մեջ ներթափանցել` գերադասելով միայն փայլուն մակերեսի վրա մնալ ու ինքնագովազդով զբաղվել: Նարինե Գրիգորյանն այն հազվադեպ դերասաններից է, ով ոչ միայն բնատուր (նույնիսկ կարելի է ասել` բջիջների, մոլեկուլների աստիճանի) շնորհք ունի, այլեւ լավ գիտե` թե այդ շնորհքի հետ ի՞նչ է պետք անել: Դերասանի գործիքը հենց ինքն է (իր մարմինը, մտքերը, խոսքերը), եւ Նարինեն կարողանում է այդ գործիքը (ինքն իրեն) այնպես աշխատացնել, որ տպավորություն է ստեղծվում` ավելին անել հնարավոր չէ (նրա ունիվերսալությունն ու օրգանիկան ապշեցնում են):
Նարինե Գրիգորյանը Համազգային թատրոնի դերասանուհի է, ով, սակայն, ակտիվորեն փորձում է ինքնարտահայտման նոր հարթակներ գտնել: Հիմա նա Մնջախաղի թատրոնում խաղում է «Շրջանակից դուրս» իմպրովիզացիոն ներկայացման մեջ (Յուրի Կոստանյանի հետ), Սերժ Մելիք-Հովսեփյանի «Ազատ զույգ» անտրեպրիզային կաֆե-թատրոնի ժանրի բեմադրության մեջ գլխավոր դերն է կատարում, Տիկնիկային թատրոնում ներկայացնում է իր բեմադրած «Թռիչք քաղաքի վրայով» դրաման, որն ի դեպ` ապրիլի 10-ին կմասնակցի Մոսկվայի «Ոսկե դիմակ» միջազգային թատերական փառատոնին:
Նարինեն դասավանդում է, նկարահանվում է կինոյում, եւ միշտ «բաց» է նոր փորձի համար: Նա կարծես չի շտապում, չի փորձում ամեն ինչն ու հենց հիմա ստանալ, այլ` նախընտրում է ինքն իր հետ հաշտ ապրել: Իսկ դա բավականին բարդ գործ է, մանավանդ, երբ ընտրում ես դերասանի (միաժամանակ ծաղրածուի ու քուրմի) մասնագիտությունը: Այդ երիտասարդ դերասանուհին հզոր էներգետիկայի տեր մարդ է եւ լավ գիտի, որ բեմում ֆիզիկայի օրենքներն են գործում: Օրինակ, այս մեկը` որքան շատ ես էներգիա ծախսում, այնքան շատ ես կուտակում: Եթե, իհարկե, չես կեղծում ու քո բնությանը հակառակ հնարքների չես դիմում: Այլապես` էներգիան անհետ կորելու է` միայն դատարկելով դերասանին ու ոչինչ չտալով դիտողին:
– Անձամբ ինձ շատ է հիացնում քո դերասանական տեխնիկան: Կարծես ինչ ուզում ես, կարող ես անել մարմնիդ հետ. «կոտրում» ես այն, ճկում, տգեղացնում` բնավ էլ չմտածելով սեփական անձդ «դիտարժան» ներկայացնելու մասին:
– Կարծում եմ, այսօր դերասանը պիտի տասնապատիկ ավելի հետաքրքիր լինի, քան տարիներ առաջ: Դա, իհարկե, դերասանական պաշարի հարց է: Որքան մեծ է պաշարդ, այնքան ավելի ազատ ու հետաքրքիր ես բեմում: Կոպիտ ասած` բեմում պիտի «շնացած» լինես, որպեսզի կարողանաս հանդիսատեսի ուշադրությունը պահել:
Կան դերասաններ, ովքեր իրենց դերերն ունեն ու միայն այդ իրենց ամպլուայի մեջ են իրենց լավ զգում: Իսկ ինձ հետաքրքիր է ամեն ինչը:
– Իսկ վախ չկա՞, որ բեմում կարող ես տգեղ լինել:
– Վերջերս, օրինակ, մի ռեժիսոր ասաց` Նարինե ջան, ախր դու շատ հմայիչ աղջիկ ես, բայց ինչպե՞ս ես կարողանում «Ազատ զույգ» ներկայացման մեջ այնպիսի կին դառնալ, որ քեզ ոչ ոք չուզի: Կարծում եմ, շատ բան կախված է ապրելակերպից: Կան կանայք, ովքեր ամեն գնով ուզում են ցանկալի լինել եւ դրան հասնելու համար՝ տարբեր արհեստական միջոցների են դիմում` շպարվում, ամեն մի մազը էպիլյացիա են անում եւ էլի հազար ու մի հնարքի են դիմում: Բոլորն ուզում են ավելի սիրուն լինել, քան կան: Դա դիմակ է, որը ընտրելով, արդեն ստիպված ես լինում ողջ կյանքում կրել: Կարծում եմ, դա ավելի սարսափելի է, քան ինքդ քեզ հանգիստ ընդունելը: Մեր կյանքում ընդհանրապես շատ է արհեստականությունը: Եվ տպավորություն է, որ մեր թատրոններն էլ են այդպիսի արհեստական վիճակում հայտնվել`«շպարված» են, պաթետիկ են, բայց ոգի չունեն:
Ես սիրում եմ ճշգրիտ գիտություններն ու փորձում եմ ներկայացումներն ու դերերն էլ կառուցել ճշգրտությամբ: Իմ բոլոր ներկայացումները մաթեմատիկական հաշվարկներ են հիշեցնում, նույնիսկ այն դեպքում, երբ ամբողջովին հիմնվում են իմպրովիզացիայի վրա (Ֆիզմաթ դպրոցում սովորելու տարիները հարստացրեցին ինձ): Չգիտեմ` ինչո՞ւ, բայց ինձ ազատ եմ զգում բեմի վրա միայն այն ժամանակ, երբ ամեն մի մանրուք հաշվի է առնված: «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը բոլորից գերկենտրոնացում է պահանջում: Հնչյունային ռեժիսորն, օրինակ, միանգամից մի քանի միկրոֆոնների հետ է աշխատում, քանի որ պետք է տարբեր հարթությունների վրա գտնվող ձայնային պարտիտուրա ստանա: Կա երազ, իրականություն, երեւակայական շերտ, որոնցից յուրաքանչյուրը շեշտվում է ձայնով, լույսով ու մանրակրկիտ հաշվարկված միզանսցեններով:
– Դու նաեւ հայտնի լեհ ռեժիսոր Եժի Գրոտովսկու դպրոցում ես սովորել: Քչերին է դա հաջողվում:
– Ինձ համար Գրոտովսկու դպրոցը հսկայական փորձառություն էր: Ցանկացած թրենինգի ժամանակ մեզանից առաջին հերթին պահանջվում էր հենց այդ «presize»-ը` չափի հստակությունը, ճշգրտությունը: Բեմի վրա բոլորի համար գծվում էր ճանապարհ, որը պիտի անգամ փակ աչքերով անցնել կարողանայինք: Դա այն հստակությունն է, որը հենց բնությունն է թելադրում: Բնությունը միայն առաջին հայացքից է քաոտիկ թվում, իրականում բնության մեջ ամեն բան հավասարակշռված ու համակարգված է: Չէ՞ որ ցանկացած մոլեկուլի մեջ մաթեմատիկական ճշտություն կա: Ասեմ, որ Գրոտովսկու դպրոցն էլ գտնվում էր մարդկությունից կտրված մի վայրում, ուղղակի անտառի մեջ, որտեղ մենք լույսը բացվելուն պես սկսում էինք պարապել (մլակներն էին մեզ կծում, ծառի ճյուղերն էին քերծում): Բնության հետ նույնանալը շատ կարեւոր է այս դպրոցում, եւ պատահական չէ, որ Գրոտովսկու լաբորատորիա-դպրոցում մեծ տեղ է գրավում Գյուրջիեւի փիլիսոփայությունը: Թատրոնն, ի վերջո, գիտություն է: Ցանկացած արվեստ էլ` գիտություն է, որը միաժամանակ եւ քաոտիկ, եւ համակարգված է (ինչպես, թերեւս մարդու հոգին): Եվ այդ երկուսի միացման պահին էլ ստեղծվում է լավագույնը: Իսկ Գրոտովսկու դպրոցը ես կարող եմ միայն… բանակի հետ համեմատել (անգամ զուգարան մաքրելն էր ըստ հերթականության ու ցուցակների): Առավոտից մինչեւ գիշեր մենք աշխատանքային դասերի էինք մասնակցում եւ քնելու էինք գնում լրիվ դատարկված ու միաժամանակ` լիցքավորված:
– Կարծում եմ, նման «բանակի» կարիք ունի նաեւ մեր ինստիտուտը, թեկուզ միայն նրա համար, որ ապագա դերասաններից դուրս հանի ավելորդ պաթոսը:
– Եվ ոչ միայն պաթոսը: Կարծում եմ, որ եթե ընտրել ես դերասանի աշխատանքը, ուրեմն պիտի ծառայես մասնագիտությանդ, այլ ոչ թե գրիմանոցներում կամ հեռուստասերիալների տաղավարներում սուրճ խմելով ու մի քանի տող տեքստ սովորելով` վայելես դերասան կոչվելու իրավունքը: Դու զինվոր ես, այլ ոչ թե վայելող:
– Շատ դերասաններ հայտնի են դառնում սերիալների շնորհիվ: Եվ նրանց թվում է, որ, եթե իրենց ճանաչում են, ուրեմն` իրենք լավն են ու հասել են կատարելության: Դու կարծես թե կարողացար խուսափել սերիալային ծուղակից, սակայն միեւնույն ժամանակ` շատերի համար անհայտ մնացիր: Չե՞ս ափսոսում, որ էկրանային փառքը շրջանցեց քեզ:
– Սերիալները փնովել չեմ ուզում, սակայն մի բան հաստատ է. դրանք շատ են վնասում դերասաններին: Ամեն մեկը խաղում է այն, ինչ գիտե, ինչ կարող է: Գործողությունն էլ այնքան է ձգձգված ու դադարներով լի է, որ էկրանին մարդկային հարաբերություններ ստեղծել չի ստացվում: «Ասա, Աննա…»: «Չէ, Վարդան, դու ասա..»: «Չէ, Աննա, դու սկսիր առաջինը»: Եվ այդպես՝ 15 րոպե շարունակ: Վերջում էլ Վարդանն ասում է` դե լավ, հետո կխոսենք, հիմա գնանք քնելու: Սերիալները դերասաններին խաղալու նյութ չեն տալիս: Թեեւ, իհարկե, ես հասկանում եմ, որ դրանք օգնում են դերասանին հեշտ ու արագ ճանաչելի դառնալ: Բայց սերիալները հո միակ ճանապա՞րհը չեն: Վստահ եմ, որ կարելի է չմանրանալով ու աշխատանքդ չարժեզրկելով էլ` սիրելի ու ճանաչելի լինել: Վերջիվերջո, չի կարելի անվերջ ձեռ առնել դերասանի մասնագիտությունը:
– Խաղացանկային թատրոնի դերասան լինելով՝ ի՞նչ բարդությունների ես հանդիպում:
– Մնալով խաղացանկային թատրոնի մոդելի մեջ, մենք շատ չլուծված հարցեր կուտակեցինք: Հասկանալի է, որ խաղացանկային լինելով` թատրոնը փրկության, գոյատեւման շանս է ստանում, սակայն դա դերասաններին ավելի շատ խանգարում, քան օգնում է (տարիներ շարունակ նույն պարտնյորի հետ նույն ներկայացումը խաղալը անտանելի գործ է): Նոր շփումներ, նոր փորձառություն է պետք: Եթե, օրինակ, ես միայն Համազգային թատրոնում խաղալով սահմանափակվեի, իմ կյանքում ոչինչ չէր ավելանա: Բեմեր ու բեմական պարտնյորներ հաճախակի փոխելը երբեք վատ չի անդրադարձել դերասանի վրա: Ես, օրինակ, չգիտեի, որ կարող եմ ինքս բեմադրել, մինչեւ Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանն ինձ այդ հնարավորությունը չտվեց:
– Խաղացանկային թատրոններին անհրաժեշտ են փոքր լաբորատորիա-բեմերը, որտեղ անընդհատ խմորման, «եփման» պրոցես պիտի լինի ու «սնի» խաղացանկը: Եթե փոքր բեմերում ամայություն է, խաղացանկային թատրոնները չեն կարող կյանքից կտրված չլինել:
– Շատ տարօրինակ վիճակ է. մի կողմից՝ խաղացանկային թատրոնը լճացնում է դերասանին (նաեւ` ռեժիսորներին ու դրամատուրգներին), իսկ մյուս կողմից՝ եթե խաղացանկային թատրոն չես, ուրեմն տանջվելու ես: Ներկայացումը մի բեմից մյուսը տեղափոխելը շատ բարդ է. պիտի մտածես դեկորացիայի, լույսի մասին: Սերժ Մելիք-Հովսեփյանն, օրինակ, իր այդ տեղաշարժման արդյունքում «կորցրեց» իր ներկայացումներից մեկը: Ես չգիտեմ` ինչպե՞ս, բայց այն, որ թատրոնին փոփոխություններ են հարկավոր, հաստատ է: Կոլեգաներով, ընկերներով անընդհատ հավաքվում ենք, զրուցում այդ մասին: Շատ ենք ուզում մի կենտրոն ստեղծել, որտեղ տարբեր ներկայացումներ, ցուցահանդեսներ կազմակերպելու հնարավորություն կլինի: Դա շատ կարեւոր է նաեւ դրամատուրգիական նյութի առումով, քանի որ հենց խաղալու ընթացքում ես դրամատուրգիական շտկումներ անում ու, վերջիվերջո, տեսնում, թե ինչպես է տեքստը հնչում բեմից: Թատրոնի հիմքը դրամատուրգիան է, եթե այն չկա, թատրոն էլ չի կարող լինել: Դրանում ես համոզվեցի «Թռիչքի..» օրինակի վրա, պիեսի հեղինակ Անուշ Ասլիբեկյանի հետ մենք անընդհատ փոփոխում էինք ներկայացումը, հատվածներ էինք հանում, ավելացնում: Կարծում եմ, հիմա թատրոնի մարդիկ ոչ թե պիտի բավարարվեն ունեցածով, այլ` անընդհատ ձգտեն նորին: Եթե, օրինակ, դերասանն իրեն հարմար մի հնարք է գտնում ու սկսում է այն անընդհատ օգտագործել, նա շատ արագ սպառվում է եւ այդպես էլ մի հնարքի դերասան է մնում: Մեր թատրոնները հիմա սպառվել են: Մի կետ կա, որտեղից սկիզբ է առնում դատարկությունը: Եվ պետք է հասկանալ, ե՞րբ է սկսվում այդ կետը, որպեսզի ապագայում կրկին չսայթաքենք: Հիմա շատերը կամ հոգնել ու անտարբեր են դարձել, կամ էլ` հպարտության բեռի տակ մնալով՝ կանգ են առել ճանապարհի կեսին: Թատրոնում, ինչպես կյանքում, ամեն բան շատ հստակ է: Եթե հասարակությունը զգում է այդ դատարկությունը, նույնն էլ զգում է թատրոնը: Ես տեսնում եմ, որ շատ դերասաններ պարզապես «կոտրվել» են` տեսնելով, որ այս իրավիճակում անելու բան չունեն:
– «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացման հերոսուհին, օրինակ, կոտրվելու փոխարեն՝ թռչում է:
– Թռիչքի գաղափարին ես շատ երկար եմ եկել: Իմ հերոսուհին կույր աղջիկ է, ով աշխարհն ընկալում է ձայների ու զգացողությունների միջոցով (նաեւ իրեն սիրող բժշկի խորհուրդներին հետեւելով): Եվ երբ ներկայացման երկրորդ մասում նա սկսում է տեսնել, ապա առաջին հերթին փորձում է ինքն իրեն հասկանալ, զգալ իրեն աշխարհի մեջ, այլ ոչ թե շարունակել երեւակայական կյանքն ու երեւակայական սերը: Կյանքի հանդեպ եղած վախը նա հաղթահարում է թռիչքի շնորհիվ: Ես ավելի քան համոզված եմ, որ կյանքը հիասքանչ է իր ամբողջությամբ (եւ տգեղ, եւ գեղեցիկ դրսեւորումներով, որոնք անպայման զգում ես քո մեջ): Եվ եթե ներքուստ պատրաստ ես սիրել կյանքը, ապա… կթռչես: Դա պարզապես սիրուն այլաբանություն չէ, ես իրոք այդպես եմ մտածում:
– Կարծում եմ, այդպես էլ ապրում ես:
– Այո: Եթե չփնթփնթաս, չբողոքես, այլ պատրաստ լինես սիրելու, աշխատելու, շատ ավելի լավ կապրես:
– «Շան աղջիկ» ներկայացման մեջ շուն ես խաղում: Դա շատ տպավորիչ աշխատանք է:
– Այդ դերը ես շատ եմ սիրում: Անվերապահորեն կյանքը սիրելու շան փիլիսոփայությունը շատ մոտ է ինձ: Շունն ամեն պահի պատրաստ է ընդունել իր տիրոջ արածները, նույնիսկ՝ երբ տերն իրեն ցավ է պատճառում: Մի տեղ կարդացել եմ, որ արվեստը սատանայից դեպի Աստված տանող ճանապարհ է: Այսինքն՝ յուրաքանչյուր դերասան պիտի փորձի հանդիսատեսին դեպի լույսը տանել: Նաեւ չմոռանա այդ ճանապարհին ինքն էլ մաքրվել, հասնել կատարսիսի: Ինքնամաքրումը թատրոնի կմախքն է: Եվ նշանակություն չունի, թե քո թատրոնն ինչպիսին է` մերկ, անլույս ու առանց արհեստական ձայնակցությա՞ն է, ինչպես Գրոտովսկու թատրոնն է, թե՞ հարուստ, դեկորացված ու պաթետիկ է, ինչպես մերն է: Կարեւորը լույսն է: