Երեւանյան խանութ-սրահներից մեկում օրեր առաջ կայացել է ռեփեր Համոյի եւ երգչուհի E.V.A-ի համատեղ՝ «Մնա» երգի շնորհանդեսը, որը ռոքի եւ ռեփի միաձուլում է: Միջոցառման ընթացքում հնչում էր ինքնասպանության մասին «Մնա» երգը, որում ասվում էր, թե որքան կարեւոր է, որ յուրաքանչյուրիս կողքին անհրաժեշտ պահին լինի մեկը, ով ձեռք կմեկնի եւ ետ կպահի անուղղելի քայլից: Ուշագրավ էր նաեւ ձայնասկավառակի ոճային լուծումը, որտեղ իրար նայող կինն ու տղամարդը` Համոյի կնոջ` դերասանուհի եւ ռեժիսոր Լիլի Էլբակյանի լուսանկարներն էին: Ըստ մտահղացման հեղինակ Լիլիի, կինն ու տղամարդը նույնանում են, երբ օգնության կարիք են զգում: Ամուսնությունից հետո Լիլին հաճախ հանդես է գալիս որպես ռեժիսոր: Ե՞րբ կրկին բեմ կբարձրանա: «Իրականում ես պատրաստվում էի բեմ բարձրանալ, սակայն ինձ փոխարինեցին` հարգելի պատճառներով: Չեմ կարող հիմա հայտնել այդ մասին, սակայն շուտով բոլորդ կիմանաք»,- ասում է լայն շրջազգեստ հագած Լիլին: Ռեփեր Համոյի զոքանչ մայրիկը` դերասանուհի Աննա Էլբակյանը, եւս ներկա էր երգի շնորհանդեսին: «Մինչ Համոյի հետ ծանոթանալը ինձ միշտ գրավել է ռեփ մշակույթը: Կարծում եմ` բավականին ուրույն ոճ է` անկեղծ խոսքն արտահայտելու համար: Իրականում ռեփերներն ավելի անկեղծ են, քան մարդիկ, որոնք շպարվում, պճնվում են եւ գեղեցիկ խոսքերով երգում սիրո, հրաշալի կյանքի մասին, մինչդեռ հոգու խորքում բողոքներ ունեն: Նույնը կարող եմ ասել ռոքի մասին: Ժամանակին ռոքի սիրահար եմ եղել: Եվ կարծում եմ, որ ռոք երաժշտությունից բխող այդ անկեղծությունը շատ անհրաժեշտ է մեր իրականությանը»,- ասում է Ա. Էլբակյանը: