«Տիգրանս իսկական հայ տղամարդ է»

03/03/2011

Ասում է Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի դերասանուհի, «4 տարբերակ» խմբի երգչուհի Քնարիկ Զաքարյանը

Փետրվարի 13-ին` Տյառնընդառաջի օրը, դերասանուհի եւ երգչուհի Քնարիկ Զաքարյանն առաջին անգամ զգաց մայրության բերկրանքը: Քնարիկն ու ամուսինը` Կարենը, կարծում են, որ աշխարհ եկած յուրաքանչյուր մարդ պետք է իր «սեփական» անունն ունենա: «Հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն ծնողների որոշմանը, ովքեր իրենց բալիկներին անվանում են` ի պատիվ տատիկի կամ պապիկի, սակայն ես այլ կարծիք ունեմ այդ հարցի շուրջ: Ես եւ ամուսինս մեր որդուն անվանել ենք Տիգրան, քանի որ սիրում ենք այդ անունը: Յուրաքանչյուր օր, նայելով որդուս, համոզվում եմ, որ այդ անունը նրա համար է ստեղծված: Չնայած, դեռ մեկ ամիսն էլ չի լրացել, սակայն Տիգրանս արդեն բոլորիս ցույց է տալիս իր բնավորության գծերը: Եթե որեւէ բան է ցանկանում, չի հանգստանում` մինչեւ չստանա: Եվ որքան էլ խնդրես, ստիպես, երբեք չի անի այն, ինչ չի ուզում: Իսկական հայ տղամարդ է»,- մայրական քնքշանքով նշում է երգչուհին: Քնարիկն ասում է, որ մինչ այժմ չի լուսանկարվել Տիգրանի հետ, սակայն որդուն առանձին լուսանկարել է: «Ամսագրերից մեկի խմբագրությունից, այնքան զանգեցին եւ համառորեն խնդրեցին Տիգրանիս լուսանկարը, որ ամոթից համաձայնեցի: Սակայն կարծում եմ, որ մի փոքր շտապել եմ այդ հարցում»,- ասում է Քնարիկը, ով երկու ամիս հետո պատրաստվում է վերադառնալ բեմ: «Երբ ծննդաբերության այդ ցավալի ընթացքն ավարտվում է լույս աշխարհ եկած երեխայիդ ճիչով, երբ աշխարհի լույսից զարմացած՝ այդ փոքրիկ հրեշտակին դնում են գիրկդ, հասկանում ես, որ Աստված օրհնել է քեզ: Որդուս հետ անցկացրած յուրաքանչյուր օրն ինձ համար տոն է: Բեմ վերադառնալով, ես համատեղելու եմ մայրությունն ու բեմական կյանքը»,- նշում է Ք. Զաքարյանը: