Միջոցառումներից մեկի ժամանակ Մհեր Հովվյանը հաղորդավարուհի Գոհար Գասպարյանին լուսանկարելով` նրան է ուղարկում լուսանկարները` համագործակցության առաջարկով: Արդյունքում՝ գլամուրային միջավայրում հաճախակի հայտնվող հաղորդավարուհին ներկայացավ բոլորովին այլ կերպարով: Ավերակների, կիսաքանդ կառույցի ֆոնին սեւազգեստ մենություն մարմնավորող Գոհարը կարողացել էր լիովին արտահայտել լուսանկարչի մտահղացումը: Այդ ֆոտոսեսիայից հետո Մհերի հիմնած ֆոտոստուդիան մեծ հետաքրքրություն առաջացրեց` հատկապես ռեժիսորների մոտ, ովքեր սկսեցին Մհերին հրավիրել իրենց նկարահանումների ընթացքը լուսանկարելու: Մհերն այսօր համագործակցում է ռեժիսորներ Հրանտ Մովսիսյանի, օպերատոր եւ ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանի, Սերժ Գաբյանի, Արտակ Ավդալյանի եւ այլոց հետ: Մհերը մտադիր է նաեւ կարճամետրաժ ֆիլմերի շարք նկարահանել: Վերջերս ավարտել է իր առաջին ֆիլմը, որի նկարահանումները տեղի են ունեցել ծննդատանը: «Բեմադրված ծննդաբերության տեսարան ենք նկարահանել: Ինձ մշտապես հետաքրքրել է, թե ինչո՞ւ է երեխան ծնվելիս լաց լինում: Բժշկական շատ վարկածներ կան, իհարկե: Սակայն ինձ հարցի փիլիսոփայական տեսակետն էր հետաքրքրում: Ըստ բժշկական վարկածներից մեկի` երեխան աշխարհ գալով, առաջին անգամ թոքերով շնչելիս ցավ է զգում եւ լալիս Է: Բայց չէ՞ որ նրա սրտիկն էլ է սկսում ավելի ուժեղ բաբախել: Նույնիսկ ասույթ կա` «մարդ լալիս է թոքերով եւ ծիծաղում` սրտով»: Այդ դեպքում ինչո՞ւ ծնվելիս երեխան չի ծիծաղում։ Չէ՞ որ նա լույս աշխարհ է եկել եւ կարող է արդեն զգալ մոր շունչը: Ըստ իս` նա լալիս է, քանի որ սթրես է ապրում: Եվ այդ սթրեսը նա զգում է կյանքի յուրաքանչյուր փուլում»,- իր ֆիլմի մասին պատմում է Մհերը:
Չնայած երիտասարդ տարիքին, նա ունի կյանքի հանդեպ իր ուրույն փիլիսոփայությունը, որի համաձայն՝ քրիստոնեությունը հրեաների համար է, իսկ հայերս ստեղծված ենք հեթանոսության համար: Նման «փիլիսոփայական մտքեր» Մհերի մոտ ի հայտ են եկել դեռեւս բանակում: «Բանակում ազատ ժամանակ շատ ունեի եւ անընդհատ փորձանքների մեջ էի հայտնվում: Որոշեցի գիրք կարդալ, որ մի փոքր ավելի հանգիստ ապրեմ: Աստվածաշնչյան թեմաներով բրոշյուրներ էի կարդում: Իսկ ես տեսակով այնպիսի մարդ եմ, որ ցանկացած տեսակետ ընդունում եմ համեմատությունից հետո միայն: Եվ որոշեցի ուսումնասիրել նաեւ Արարատյան դիցաբանությունը: Ուսումնասիրեցի մինչեւ 301թ. պատմությունը եւ բազում բացահայտումներ արեցի: Երբ փորձում էի Աստվածաշնչում գրած ճշմարտության հետ առնչվող սեփական հարցերի պատասխանները գտնել, ընդհանուր առմամբ պատասխանը միանման էր հնչում` «Մի քննիր Տիրոջ խոսքը»: Ասես փորձում են աչքերդ փակել: Իհարկե, իմ կարծիքով` յուրաքանչյուր կրոն պետական ռազմավարական ծրագիր է: Սակայն, երբ համեմատում էի քրիստոնեությունն ու հեթանոսությունը, հասկանում էի, որ մեր կրոնն ընդամենը կույր հնազանդություն քարոզող ազգային ռազմավարություն է»,- նշում է Մհերը: