Ասմունքող, հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը շուտով կխմբագրի «Cosmopolitan» ամսագրի հայկական տարբերակը: Երբ Հայաստանում «Cosmopolitan» բրենդի պաշտոնական ներկայացուցիչների կողմից Հրաչուհին առաջարկ ստացավ գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնելու համար ներկայացնել իր CV-ն, նա, գիտակցելով աշխատանքի ողջ պատասխանատվությունը, իսկույն համաձայնեց: «Մշտապես սիրել եմ փորձել ինձ տարբեր բնագավառներում` հասկանալու համար: Եվ, բնականաբար, ուղարկեցի իմ CV-ն` աշխատանքային կենսագրությունը, բայց դա երկար ճանապարհի առաջին փուլն էր միայն: CV-ի հաստատումից հետո, ԱՄՆ-ից եկավ առաջադրանքների ցանկը: Առաջադրանքն ուղարկված էր` հասկանալու համար, թե որքանով եմ ընկալում «Cosmopolitan» բրենդի էությունը եւ որքանով կարող եմ ներկայացնել այն Հայաստանում:
Վերջնական փուլերից մեկը Ռուսաստանի «Cosmopolitan»-ի, նախկինում՝ գլխավոր խմբագիր, այժմ հրատարակիչ Լենա Վասիլեւայի հետ հարցազրույցն էր, որից հետո տեղի ունեցավ ` «Hearst Magazines International»-ի ղեկավարների հետ հարցազրույցը: Որոշ ժամանակ անց նամակ ստացանք, որում ասվում էր, որ ուրախ են, որ Հայաստանն այսուհետ «Cosmopolitan»-ի ընտանիքի մեջ է, եւ ես ընտրված եմ՝ որպես գլխավոր խմբագիր»,- պատմում է Հրաչուհին: Հայկական «Cosmopolitan»-ի առաջին համարի շապիկին Քիմ Քարդաշյանն է: «Քիմին ուղղված մեր հարցերից 6-ը հայ ընթերցողներինն է: «A-TV»-ով նախապես տրված մեր հայտարարության մեջ ասվում էր, որ ցանկացողները կարող են իրենց հարցերն ուղղել Քիմին: Հայաստանի «Cosmopolitan»-ն էքսկլյուզիվ հարցազրույց Քիմի հետ չի ունեցել, սակայն մենք կապ ենք հաստատել նրա օգնականի հետ, եւ նա համաձայնել է համագործակցել այս ձեւաչափով»,- նշում է Հրաչուհին:
Ո՞րն էր Քիմին ուղարկված՝ հայերիս հետաքրքրող հարցերից ամենավարկանիշայինը:
– Մեծամասնությանը հետաքրքրում էր, թե ո՞րն է Քիմի այդքան սեքսուալ լինելու գաղտնիքը: Իսկ մյուս հարցերի պատասխանը կիմանաք` ընթերցելով ամսագիրը:
– Չե՞ս վախենում, որ այս բնագավառը քեզ կկլանի այն աստիճան, որ քո մասին այսուհետ կլսենք միայն ամսագրից:
– Ասմունքն իմ արյան մեջ է: Ոչինչ չի կարող գրավել ասմունքի տեղն իմ հոգում: «Cosmopolitan»-ը սկզբնական շրջանում ինձ գրավեց, որպես բրենդ, այնուհետեւ այն ուղղակի կլանեց ինձ: Իմ ներկայիս աշխատանքը չափազանց հետաքրքիր է եւ պատասխանատու, քանի որ ես հանդիսանում եմ համաշխարհային անուն ունեցող ամսագրի հայաստանյան ներկայացուցիչը: Եվ պարտավոր եմ պահպանել այն բարձր մակարդակն ու որակը, որը եղել է ամսագրի ստեղծման օրից: Իսկ այն հանդիսանում է աշխարհում կանանց եւ աղջիկների համար առաջին ամսագիրը:
– Գիտեմ, որ դու քեզ չես համարում գլամուրային մարդ: Վստահ եմ` շատերը եւս: Ինչպե՞ս կարելի է գրել գլամուրի մասին` չլինելով գլամուրի մեջ: Քո կարծիքով` մեր երկրում կա՞ գլամուր կյանք:
– Իրականում մենք չունենք գլամուր: Չգիտես ինչու, փայլն ու փարթիները եւ այդ ամենին մասնակից մարդիկ համարվում են գլամուր: Ես գլամուրի մեջ չեմ, սակայն մեր ամսագիրը եւս գլամուր չէ, այլ երիտասարդ կանանց լավագույն ընկերուհին է: «Cosmopolitan»-ը տալիս է հնարքներ, թե ինչպե՞ս դառնալ էլ ավելի լավը, ինպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը եւ հաղթահարել առաջացած տարատեսակ խնդիրները:
– Կարծում ես՝ կանանց մասին ամսագրերը տարբերվո՞ւմ են իրարից: Այդ ամսագրերն ասես գալիս են ասելու կնոջը, թե որքան թերի է նա եւ, եթե չկարդա ամսագրի խորհուրդները, այդպես էլ թերի կմնա: Եթե գեր ես` նիհարել է պետք, եթե կուրծքդ փոքր է` դիմիր պլաստիկ վիրահատության, ինչպես մեր ամսագրի լուսանկարների գեղեցկուհիները, եթե ամուսինդ այլեւս քեզ ուշադրություն չի դարձնում` սովորիր ճիշտ շպարվել, ինչպես մեր ամսագրում ենք խորհուրդ տալիս, եւ նա, հանկարծահաս սիրուց, ննջասենյակից դուրս չի գա…
– Մեր ամսագիրը տարբերվում է նրանով, որ ամբողջ աշխարհում թիվ մեկ վաճառվող ամսագիրն է: «Cosmopolitan»-ը գիտի, թե ինչ խնդիրներ ունի ժամանակակից կինը` թե հոգեբանության, թե կենցաղային, թե ինքնագնահատման հարցերում: Այն ուսումնասիրում է կնոջը վերաբերող յուրաքանչյուր ոլորտ եւ իր խորհուրդներով հանդիսանում է կնոջը վերաբերող զանազան խնդիրներին եւ հարցերին պատասխանող հանրագիտարան:
– Ովքե՞ր են հայկական Կոսմոյի նյութերի հեղինակները:
– Գոյություն ունի մեկ ընդհանուր բազա, որից օգտվում են «Cosmopolitan» հրատարակող բոլոր 63 երկրների ներկայացուցիչները: Դա է օրենքը ամսագրի հիմնադրման առաջին իսկ օրից:
– Այդ դեպքում ո՞րն է հայերեն տարբերակի իմաստը: Միայն թարգմանությունը եւ լավագույն նյութերի խմբագրո՞ւմը:
– Մենք ոչ թե թարգմանում ենք, այլ ընդհանուր բազայից ընտրելով լավագույն նյութերը` ադապտացնում ենք հայ կանանց եւ աղջիկների համար: Դա ոչ թե իմ քմահաճույքն է, այլ «Cosmopolitan»-ի հրատարակման օրենքը, որը սկիզբ է առել 1886 թվից: Բացի այդ, մենք ունենք նաեւ տեղական նյութեր: