Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011թ. մարտի 1-ի հանրահավաքում

01/03/2011

Սիրելի հայրենակիցներ,

Ելույթի փոխարեն ես առաջարկում եմ այսօրվա հանրահավաքի անունից ընդունել հետեւյալ հայտարարությունը.

«Արձանագրելով, որ Հայաստանի ներկա ավազակապետական վարչախումբը իշխանությունը բռնազավթել է կեղծված խորհրդարանական ու նախագահական ընտրությունների եւ 2008թ. մարտի 1-ի արյունոտ ոճրագործության միջոցով.

Որ անցած երեք տարիների ընթացքում երկիրը կառավարել է բացահայտ բռնապետական մեթոդներով՝ սիստեմատիկաբար սահմանափակելով խոսքի, մամուլի, հավաքների ազատությունն ու կոպտորեն ոտնահարելով մարդու եւ քաղաքացու իրավունքները.

Որ անդառնալի հարված է հասցրել հայ ժողովրդի արժանապատվությանը՝ համաձայնելով Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանն ու ընդունելով Հայաստանում օտարալեզու դպրոցների հիմնադրման մասին հակասահմանադրական օրենքը.

Որ ապաշնորհ ու անսկզբունքային քաղաքականության հետեւանքով գրեթե վիժեցրել է բանակցությունների միջոցով Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման հնարավորությունը եւ հակամարտությունը հասցրել նախապատերազմական վիճակի.

Որ ցինիկաբար ու հետեւողականորեն խափանել է 2008թ. մարտի 1-ին բանակի ու ոստիկանության կողմից կատարված սպանությունների բացահայտումը՝ բացեիբաց ձգտելով դատական պատասխանատվությունից ազատել թե՛ բուն կատարողներին, թե՛ նրանց ետեւում կանգնած պետական պաշտոնյաներին.

Որ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված իրական քայլերի փոխարեն՝ զբաղված է մանր ու միջին գործարարության դեմ ձեռնարկված շարունակական սահմանափակումներով եւ սոցիալապես անապահով խավերի համար նորանոր բարդություններ ստեղծելով.

Որ երկրում ստեղծել է ամենաթողության, անպատժելիության, համատարած կողոպուտի, մոնոպոլիաների սանձարձակ գերիշխանության, պետական պաշտոնյաների ու օլիգարխների հղփացածության եւ ամբարտավանության մթնոլորտ, ինչի հետեւանքով արտագաղթը հասել է պետականությանն սպառնացող աղետալի չափերի.

Որ ժողովրդի մեծամասնությանը մատնելով ծայրահեղ թշվառության՝ նրան զրկել է ոչ միայն արժանապատիվ ու քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունից, այլեւ դրան հասնելու որեւէ հույսից ու հեռանկարից.

Եւ վերջապես, նկատի ունենալով, որ վարչախումբը ոչ միայն տրամադիր, այլեւ ի վիճակի էլ չէ կատարելու որեւէ դրական քայլ թե՛ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, թե՛ ժողովրդավարության ու օրինականության հաստատման, եւ թե՛ արտաքին քաղաքականության խնդիրների լուծման բնագավառներում, ինչը նրա լիակատար սնանկության ապացույցն է,

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՆԵՐԿԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է.

1. Մինչեւ ս.թ. մարտի 15-ը, այսինքն՝ մինչեւ Հայաստանի հարցով Եւրոխորհրդի համազեկուցողների երեւանյան այցը, ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտված անխտիր բոլոր բանտարկյալներին՝ Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին, Հարություն Ուռուտյանին, Արամ Բարեղամյանին, Սարգիս Հացպանյանին, Մուրադ Բոջոլյանին, Արա Հովհաննիսյանին, Շմավոն Գալստյանին եւ Ռոման Մնացականյանին.

2. Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով կամ վերականգնել Փաստահավաք խումբը՝ նրա կազմը համալրելով միջազգային փորձագետներով եւ խնդիր դնելով կարճ ժամանակի ընթացքում լիովին բացահայտել ու դատական կարգով պատժի ենթարկել իշխանությունների կողմից կատարված այդ հրեշավոր ոճրագործության բոլոր մեղավորներին.

3. Լիարժեքորեն փոխհատուցել մարտի 1-ի ոճրագործությունից տուժած բոլոր քաղաքացիների նյութական վնասները՝ մասնավորապես սպանվածներից յուրաքանչյուրի ընտանիքին հատկացնելով 1 միլիոն դոլար, իսկ վիրավորներին՝ առնվազն 100000 դոլար.

4. Դադարեցնել քաղաքացիներին հանրահավաքներից ու ընդհանրապես քաղաքական ակտիվությունից հեռու պահելու նպատակով կիրառվող ոստիկանական զգուշացումներն ու ահաբեկումները, իրազեկող խմբերի դեմ գործվող մշտական սադրանքներն ու բռնությունները, հանրահավաքների օրերին երկրի գլխավոր ճանապարհների շրջափակումները, եւ վերացնել Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման վրա դրված անօրինական արգելքը.

5. Ի կատարումն Եւրոդատարանի կողմից կայացված անբեկանելի վճռի՝ վերջապես վերականգնել «Ա1+» հեռուստաընկերության գործունեությունը, խիստ պատասխանատվության ենթարկել այդ վճիռը ոտնահարող բոլոր պաշտոնատար անձանց, եւ ընդհանրապես վերացնել պետության լիակատար վերահսկողությունը տեղեկատվության էլեկտրոնային միջոցների վրա.

6. Դադարեցնել իշխանությունների որդեգրած ռազմաշունչ ու հոխորտալից հռետորաբանությունը, եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը բնականոն հուն տեղափոխելու նպատակով անհապաղ վերականգնել բանակցությունների նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ.

7. Չեղյալ հայտարարել բացօթյա փողոցային առեւտրի արգելման, երեկոյան ժամը 8-ից հետո փոքր խանութների աշխատանքի դադարեցման եւ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման վերաբերյալ ընդունված չարաբաստիկ որոշումները, ինչպես նաեւ վերականգնել ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների նախկին չափը.

8. Վերացնել անձնական օգտագործման (այլ ոչ թե վաճառքի) նպատակով ներմուծվող ավտոմեքենաների համար Ավելացված արժեքի հարկի անօրինական գանձումը, ինչը, գումարվելով մաքսավճարին ու բնապահպանական հարկին, սպառողի համար դառնում է անտանելի բեռ եւ հազարավոր մարդկանց ստիպում մեքենաները մաքսազերծել հարեւան Վրաստանում.

9. Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար, գործազրկության նպաստը՝ դրա 50 տոկոսը (100 դոլար), իսկ միջին կենսաթոշակը՝ միջին աշխատավարձի 40 տոկոսը (112 դոլար). խոշոր ձեռնարկատերերի սիստեմատիկաբար չվճարվող հարկերը եւ բարձրագույն պետական պաշտոնյաների գրպաններում յուրաքանչյուր ամիս հայտնվող հսկայական գումարները լիուլի բավարար են այդ խնդիրները լուծելու համար.

10. Ազգային Ժողովի օրակարգից հանել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի վերաձեւակերպման առաջարկով քննարկման դրված օրինագիծը, որի համաձայն 6-օրյա աշխատանքային շաբաթ սահմանելու հարցը վերապահվում է գործատուի հայեցողությանը, ինչպես նաեւ համապատասխան փոփոխություն կատարել այդ օրենսգրքում, գործատուին պարտավորեցնելով մարդկանց աշխատանքից ազատելու պարագայում վճարել փոխհատուցում 3-ամսյա աշխատավարձի չափով.

11. Սահմանել կարեւորագույն գյուղմթերքների արտադրության պետական սուբսիդիաներ՝ նկատի ունենալով տվյալ տարում ձեւավորված մթերման շուկայական գինը, մշակման պայմանների գոտիականությունը եւ սահմանամերձ շրջանների հողերի ռազմավարական նշանակությունը. Կենտրոնական բանկի կողմից հաստատել փոխօգնության կարգով գյուղացիներին տրվող վարկերի մեղմացված տնտեսական նորմատիվներ՝ դրանց հիման վրա երկարաձգելով, վերակնքելով կամ դուրս գրելով առեւտրային բանկերի հանդեպ գոյացած ժամկետանց վարկային պարտավորությունները, իսկ նոր վարկեր տրամադրել ցածրացրած տոկոսադրույքով.

12. Հայտարարագրել եւ մամուլում հրապարակել Հայաստանի անկախության շրջանի բոլոր նախկին թե ներկա բարձրագույն պետական պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների ունեցվածքն ու եկամուտները՝ սկսած նախագահներից, վարչապետներից, նախարարներից, փոխնախարարներից, մարզպետներից, քաղաքապետերից, ավարտած՝ դատավորներով, դատախազներով, գեներալներով եւ Ազգային Ժողովի (նախկինում՝ Գերագույն Խորհրդի) պատգամավորներով.

13. Տնտեսության կառավարման եւ օրինականության ապահովման բնագավառներում ցուցաբերած խայտառակ թերացումների, կամայականությունների կամ պարզապես մասնագիտական ապաշնորհության համար անմիջապես զբաղեցրած պաշտոններից հեռացնել՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին.

14. Հանրահավաքը նաեւ անհրաժեշտ է համարում կոչ անել միջազգային կազմակերպություններին, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եւրոմիության երկրների կառավարություններին՝ դադարեցնելու աշխարհաքաղաքական նկատառումներով Հայաստանի բռնապետական վարչախմբին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը, որը ոչ միայն ոչնչով չի նպաստում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, այլեւ ավելի եւս ամրապնդելով ռեժիմի դիրքերը, վերջին հաշվով ուղղվում է ժողովրդի դեմ, ինչը միանգամայն ակնհայտ է դառնում արաբական երկրներում ներկայումս ընթացող իրադարձությունների լույսի ներքո, եւ ինչը խոստովանում են անգամ արեւմտյան քաղաքական գործիչներն ու անկախ վերլուծաբանները.

15. Նշված պահանջների կամ նրանց զգալի մասի կատարման պարագայում հանրահավաքը լիազորում է Հայ Ազգային Կոնգրեսին՝ գործնական երկխոսություն սկսել իշխանությունների հետ, օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը»։

Այժմ խնդրում եմ քվեարկել. համաձա՞յն եք ընդունել այս հայտարարությունը. դե՞մ. ձեռնպա՞հ։ Ընդունվում է ձայների բացարձակ մեծամասնությամբ։

Թե ինչ ընթացք կստանա այս հայտարարությունը եւ ինչպիսի արձագանքի կարժանանա իշխանությունների կողմից, մենք ձեզ հետ միասին կքննարկենք ու համապատասխան եզրակացություններ կանենք հաջորդ հանրահավաքում, որը տեղի կունենա ս.թ. մարտի 17-ին։

Կարծում եմ, բացատրելու կարիք չկա, որ սա պարզ քաղաքական հայտարարություն չէ, այլ համաժողովրդական պայքարի ներկա հանգրվանի ուղենիշ-ծրագիր, որին պարտավոր են ենթարկվել ոչ միայն Կոնգրեսի անդամները, այլեւ վերջինիս նախաձեռնած զանգվածային միջոցառումների բոլոր մասնակիցները՝ գիտակցելով, որ գործի հաջողությունը մեծապես կախված է մեր շարքերի ու համակիրների կարգապահությունից եւ ինքնագործունեության ու չհամաձայնեցված գործողությունների դրսեւորումներ թույլ չտալու ունակությունից։ Ըստ այդմ, այսօրվանից Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու եւ դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ։