«Երբ կա ազատություն, քաղաքացիական հասարակությունը կարող է սարեր տեղաշարժել: Երբեմն կառավարությունները կուզենային, որ այդ սարերն իրենց տեղերում էլ մնային, սակայն, երբ քաղաքացիական հասարակությունն ունի բավարար օժանդակություն` մղելու կառավարությանը դեպի հիմնարար փոփոխությունների, դա հստակ նշան է, որ եկել է սարերը տեղաշարժելու ժամանակը»,- երեկ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ով հանդես է եկել «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում» թեմայով դասախոսությամբ: Նա ասել է, որ վերջին երկուսուկես տարվա ընթացքում ճանապարհորդել է Հայաստանի տարածքում եւ հասկացել, որ հայ երիտասարդները հայրենասեր են, նախաձեռնող ու հնարամիտ: «Նրանք երազում են, որ Հայաստանը բարեկեցիկ ապագա ունենա: Իսկ ինչ կլինի այդ երիտասարդների նախաձեռնողական երազանքների հետ, եթե դրանք բախվեն քաղաքական կապեր ունեցող բիզնեսմենների հետ անարդարացի մրցակցությանը, կամ եթե վիճահարույց գաղափարների արտահայտումը հալածանքի վտանգ ստեղծի նրանց եւ նրանց ընտանիքների համար: Ինչ կլինի, եթե անհատները չեն կարողանում կազմակերպել եւ լոբբինգ իրականացնել կառավարության դեմ, կամ էլ եթե առաջնորդների ընտրությունները չեն թվում ազատ ու արդարացի: Ինչ կլինի, եթե նրանք լրատվամիջոցներով չկարողանան լսել եւ ծանոթանալ բազմազան կարծիքների»,- նման հարցադրումներ է ներկայացրել Մարի Յովանովիչը: