«Մարտի 1-ը մեծ դժբախտություն էր, մեծ խնդիրներ բերեց ներքին եւ արտաքին կյանքում: Մարտի 1-ին ասուլիս ունեցել եմ, որովհետեւ զգում էի քաղաքական պատասխանատվություն, լռությունը շատ վտանգավոր էր այդ պահին»,- երեկ հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հիշեցնենք, որ հենց նա էր 2008 թվականի մարտի 1-ին նախագահական նստավայրում հրավիրված ասուլիսում կոչ անում ժողովրդին ցրվել` ըստ էության սպառնալով արտակարգ դրություն մտցնել կամ ուժ կիրառել: Ամենատարօրինակն այն է, սակայն, որ երեկ Օսկանյանն այդ մասին հիշել է այնպիսի շեշտադրումներով, որ կարծես հայ ժողովուրդը դեռ պետք է իրեն շնորհակալություն հայտնի: «Ես նախագահի առաջ մարտի 1-ին մի պայման եմ դրել` նախագահը հենց այդ պահին կնստի երկխոսության ընդդիմության հետ: Ես այդ օրը մեղսակից կամ խաբեբա չեմ եղել, ես կանխարգելող եմ եղել: Ներողություն կարող եմ խնդրել, բայց անազնիվ կլինի ներողությունը, եթե ես սխալ բան չեմ արել, եթե սխալ լիներ, չէի անի»,- ասել է նա: