«Երեւանն այսօր» ծրագրի շրջանակներում Մամուլի ազգային ակումբը հանդիպում էր կազմակերպել Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ: Երեւանն այսօր Նարեկ Սարգսյանին, պարզվում է, չի գոհացնում, եւ նա առաջարկում է քաղաքաշինական դիկտատուրա հաստատել, որպեսզի մարդիկ հրաժարվեն սեփական ճաշակին եւ հնարավորություններին համապատասխան շինարարություն իրականացնելուց: Այս հայտարարությունից հետո պրն Սարգսյանը հարկ համարեց փաստել, որ քաղաքի գլխավոր ճարտարապետը ոչ մի կապ չունի այն հողահատկացումների հետ, որ անում է քաղաքապետարանը: Փաստորեն, Նարեկ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում արված հողահատկացումների առիթով, հատկապես՝ կանաչ տարածքների կրճատման հաշվին, հնչած ողջ թուքումուրը՝ հասցեագրված գլխավոր ճարտարապետին, անտեղի՞ է եղել: Ն. Սարգսյանն ասում է, որ ինքնակամ ընդունել է բոլոր այդ քննադատությունները. «Որովհետեւ ես որեւիցե մի տեղ չեմ փախել եւ միշտ պատասխանել եմ քննադատություններին, գործել եմ թափանցիկ, դրա համար էլ մարդիկ ինձ են ճանաչել ու մեղադրանքներն ինձ են ուղղել»: Քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետը խոստովանեց, որ թեեւ պաշտոնավարման ընթացքում ինքը զերծ չի եղել սխալներից, սակայն ճակատագրական ոչ մի սխալ թույլ չի տվել: Առհասարակ Երեւանի քաղաքաշինության մեջ, 1924թ. ի վեր, Ն. Սարգսյանն ընդամենը ճակատագրական երեք սխալ է տեսնում՝ Թամանյանի նախագծած օղակաձեւ զբոսայգու ոչ լրիվ կառուցումը, որը 15 հա կանաչ տարածքի կորուստ է բերել, Պատկերասրահի շենքի կառուցումը, որով փակվել է ապագա Հյուսիսային պողոտան դեպի Հրապարակ, եւ երրորդը կարող է լինել քաղխորհրդի այն որոշման իրագործումը, որով նախատեսվում է պատմաճարտարապետական արժեք ունեցող շենքերը ապամոնտաժել եւ տեղայնացնել Արամի փողոցի վրա: «Սրանով էլ Գլխավոր պողոտան ընդհանրապես կփակվի, եւ փաստորեն Կենտրոնական փոստից մինչեւ Վ. Մամիկոնյանի արձան՝ 1,5 կմ երկարությամբ տարածքը, որ Երեւանի գլխավոր բոլոր հատակագծերում նախատեսված է եղել որպես կանաչ գոտի, իսպառ կվերանա»,- ասում է Ն. Սարգսյանը՝ ոչ մի բացատրություն չգտնելով, թե ինչպես «որոշ ճարտարապետներ, որ նախկինում դեմ էին նման խնդրի քննարկմանն անգամ, հիմա կողմ են արտահայտվում այդ նույն ծրագրին»: Նախկին գլխավոր ճարտարապետի հավաստմամբ` իր պաշտոնաթողությունից հետո իր կողմից մերժված բազմաթիվ նախագծեր են կյանքի կոչվում, որոնցից մեկն էլ Արամի փողոցի կառուցապատման ծրագիրն է: Իր կողմից հաստատված բազմաթիվ նախագծեր էլ կյանքի են կոչվում խեղաթյուրումներով, ինչպես, օրինակ, Կամերային երաժշտության տան հարակից այգու կառուցապատումը, իսկ Օպերայի շրջակայքի աղմուկ հանած սրճարաններն այնքան են շեղվել հաստատված նախագծերից, որ պրն Սարգսյանն Օպերայի տարածքում ոչ մի սրճարան չի հաճախում: «Սկզբունքորեն ես չեմ հաճախում այն տեղերը, որտեղ իմ նախագծերը խախտվել են»,- ասաց պրն Սարգսյանը: Իսկ եթե նկատի ունենանք նաեւ Նարեկ Սարգսյանի այն հայտարարությունը, որ իր հեղինակած՝ 5 տարի առաջ հաստատված Երեւանի գլխավոր հատակագծի նախագծի իրականացման քննարկումներին իրեն նույնիսկ չեն հրավիրում, ապա կարելի է ենթադրել, որ մի օր Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետը սկզբունքորեն լքելու է Երեւանը:
Ն.Ա.