«Ժառանգությանը» տե՞ր եք

01/03/2011

Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը բավական աշխուժություն է հաղորդել խորհրդարանական (եւ ոչ միայն) անցուդարձին: Կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` քննադատելով իշխող կոալիցիայի վերջին հայտարարությունը, հանկարծ պարզել է, որ դա չի արտացոլում հասարակության պահանջները, որ ԱԺ օրակարգը չի բխում հասարակության շահերից: «Իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ ընդդիմադիր այս աթոռների վրա: Հարկ չկա կեղծել հերթական ընտրությունը, ինչպես սուրբ պատարագն է ասում` սիրով, ճշմարտությամբ եւ երբեք հեգնանքով` առեք, կերեք, սա է ժառանգությունը ձեր»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ի նշան բոյկոտի՝ իր խմբակցության անդամների հետ լքել է նիստերի դահլիճը` քննարկելու կուսակցության հետագա անելիքները: Խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը նույնիսկ չի բացառել, որ կարող է որոշում կայացվել պատգամավորական մանդատները վայր դնելու վերաբերյալ: Այս մարտական տրամադրությամբ «Ժառանգության» ներկայացուցիչները մի քանի ժամ նիստ են արել, որից հետո հայտարարել են, թե ամեն ինչ կորոշվի մարտի 6-ին կայանալիք կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում, որի քննարկմանը կներկայացվի «կուսակցության ու նրա խորհրդարանական խմբակցության հետագա ռազմավարության, մարտավարության առաջարկվող տարբերակները եւ կկայացվի համապատասխան որոշում»: Իրականում արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Ընդամենը «Ժառանգությունը» ոչ այնքան հաջող ձեւով առեւտրի մեջ է մտնում առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ: Այլ բացատրություն «Ժառանգության» երեկվա ներկայացմանը դժվար է գտնել: Քանի որ, եթե իրականում «Ժառանգությունն» առաջնորդվեր այն մղումներով, որոնց մասին խոսել է Ր. Հովհաննիսյանը, ապա ԱԺ-ում նրա կուսակցականները մանդատները պետք է վայր դնեին շատ ավելի շուտ, երբ կար դրա եւ քաղաքական, եւ հասարակական պահանջարկը: Անցած երեք տարիներին նման առնվազն մի քանի իրավիճակ Հայաստանում եղել է: Մանդատները վայր դնելու ամենաիրական հիմքերը կային 2008 թվականի մարտի 1-ից հետո: Այն ժամանակ, սակայն, «Ժառանգությունն» այսօրվա նման՝ վարկանիշի եւ առաջիկա ընտրությունների «քարտեզից դուրս մնալու» խնդիր չուներ: Հիմա «Ժառանգությունն» այլեւս նախկինը չէ, իսկ ներկայիս քաղաքական զարգացումներում ուրվագծվող սցենարներում կարծես դուրս է մնում հաջորդ խորհրդարանից: Իսկ այսօր «Ժառանգությունը», նման վերջնագրեր ներկայացնելով, ամենայն հավանականությամբ, ցանկանում է իշխանություններին եւս մեկ անգամ առաջարկել իր ծառայությունները` առաջիկա ընտրություններից առաջ «անցողիկ ընդդիմության» կարգավիճակում հայտնվելու եւ այդպիսով ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները փոշիացնելու համար: Սակայն հազիվ թե այս անգամ այդ հաշվարկներն արդարացվեն, քանի որ մի կողմից՝ արդեն «քաղաքացին տեր չի լինի», մյուս կողմից՝ իշխանություններին դա այնքան էլ պետք չէ: Գոնե «Ժառանգության» կատարմամբ: