Նաեւ Մանուչարյանը

01/03/2011

Երեկ Մատենադարանին հարող տարածքում կայացել է «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի հրավիրած հանրահավաքը: Հանրահավաքի սկզբում մասնակիցներին բաժանվել են կարմիր քարտեր, որոնց հետեւամասում գրված է եղել «Հայր մերը»: Տիգրան Կարապետյանը բացման խոսքում նշել է, որ մարզային ճանապարհները փակ են եղել, ու բնակիչներին թույլ չեն տվել մասնակցել իրենց հանրահավաքին: Հանրահավաքին մասնակցել են նաեւ «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Տիգրան Խզմալյանն ու Ժիրայր Սէֆիլյանը: Վերջինս նշել է, որ բազմիցս Տ. Կարապետյանի կողմից առաջարկ է ստացել մասնակցելու իր հանրահավաքներին, սակայն միայն երեկ է այդ հրավերն ընդունել, քանի որ ժողովրդին ասելիք ունի, եւ նաեւ՝ այսօր մարտի 1-ն է: Նա նշեց, որ այսօր իրենք նույն նպատակով մասնակցելու են նաեւ ՀԱԿ-ի հանրահավաքին, քանի որ ժողովրդին համախմբելու նպատակ ունեն ընդդեմ բռնապետության: Երեկվա հանրահավաքի ամենահետաքրքիր դրվագը կարելի է համարել «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի մասնակցությունը: Նա նաեւ ելույթ է ունեցել եւ հայտարարել է, թե հիմա հայ ժողովրդի համար ճակատագրական պահ է: «Կյանքն այսպես շարունակել հնարավոր չէ: Մեզ պետք է նոր կյանքի ուղի, իսկ դրա համար պետք է մի խնդիր լուծենք` ինչպես պահպանենք մեր միասնականությունը, որն այսօր այլեւս գոյություն չունի»,- ասել է նա` շեշտելով, թե ամեն ինչ պետք է որոշվի մեկ օրում. «Մեկ օրում հնարավոր է իշխանությունը հանձնել ժողովրդին: Այդ օրը կորոշեն այն ազնիվ մարդիկ, որոնք մտահոգ են ժողովրդի ճակատագրով: Ու այդ օրը կլինի հայ ժողովրդի քաղաքացիների ժողովի օրը: Այս երկրի տերը կամ ժողովուրդն է, կամ շունը»: Տ. Կարապետյանը հավաքվածներին կոչ է արել կարմիր քարտ ցույց տալ իշխանություններին, որոնք այս ընթացքում ոչ մի դրական փոփոխություն չեն արել ի շահ ժողովրդի: Հավաքվածները բարձրացրել են նախապես իրենց բաժանված կարմիր քարտերը: «Մենք թույլ չենք տա, որ անարժանապատիվ, անարդար վարվեն մեզ հետ: Յուրաքանչյուր իշխանավորի քաղցր խոսք կոնֆլիկտ է առաջացնում ժողովրդի մոտ»,- հայտարարել է Տ. Կարապետյանը` կոչ անելով մարտի 21-ին, ժամը 17:00-ին կրկին հավաքվել Մատենադարանի հարթակում, որպեսզի այդ անգամ պահանջեն ոչ թե արտահերթ ընտրություններ, այլ իշխանությունների հեռացում: