ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամը նոր քննարկումների շարք է նախաձեռնել` «Հարյուր հարց ու պատասխան» խորագրով:
Ամենամսյա պարբերականությամբ այս քննարկումների հյուրերը լինելու են պաշտոնյաներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ եւ այլք: Այս քննարկումները, թերեւս, հետաքրքիր են նրանով, որ քաղաքացիներին է հնարավորություն տրվում անմիջականորեն հարցեր ուղղել հյուրերին: Երեկ տեղի է ունեցել «Հարյուր հարց ու պատասխանի» առաջին քննարկումը, որի հյուրը եղել է հենց ինքը` Վարդան Օսկանյանը: Շոշափվել են տարբեր հարցեր եւ, բնականաբար, անդրադարձ է եղել նաեւ Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին, ու 2008թ. մարտի 1-ին Վ. Օսկանյանի հայտնի ասուլիսին: Հիշեցնենք, որ միակ պաշտոնյան, ով այդ օրը ասուլիս հրավիրեց ու ամեն ինչ բարդեց ընդդիմության ու ժողովրդի վրա, հենց Վ. Օսկանյանն էր: Երեկ անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերին ու իր հայտնի ասուլիսին, Օսկանյանն ասել է. «Մարտի 1-ը մեծ դժբախտություն էր, մեծ խնդիրներ բերեց ներքին եւ արտաքին կյանքում: Մարտի 1-ին ասուլիս ունեցել եմ, որովհետեւ զգում էի քաղաքական պատասխանատվություն, լռությունը շատ վտանգավոր էր այդ պահին»: Վ. Օսկանյանը, պարզվում է` իրեն ոչ թե այդ դեպքերի մեղսակից է համարում, այլ` «կանխարգելող», ով նույնիսկ հանդգնել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առջեւ պայման դնել: Իսկ թե ինչո՞ւ «կանխարգելող» Օսկանյանն իր «պայմանը» չկատարելու դեպքում անմիջապես հրաժարական չի ներկայացրել, հայտնի չէ: «Ես նախագահի առաջ մարտի 1-ին մի պայման եմ դրել` նախագահը հենց այդ պահին կնստի երկխոսության ընդդիմության հետ: Ես այդ օրը մեղսակից կամ խաբեբա չեմ եղել, ես կանխարգելող եմ եղել: Ներողություն կարող եմ խնդրել, բայց անազնիվ կլինի ներողությունը, եթե ես սխալ բան չեմ արել, եթե սխալ լիներ, չէի անի»: Ի դեպ, Վ. Օսկանյանի վերոհիշյալ «ազնիվ» մտքերի շուրջ երեկ ակտիվ քննարկում էր ծավալվել սոցիալական ցանցերում, եւ նրա այս հայտարարության տակ այցելուներից մեկը շատ դիպուկ բնորոշում էր թողել. «Ժպիտից բացի, ուրիշ բան չի առաջացնում այս միտքը: Ի՞նչ է նշանակում՝ «մարտի 1-ին մի պայման է դրել», արդյոք հասկանա՞նք, որ կողմ է եղել ջարդելուն, բայց դրանից հետո երկխոսության պետք է նստեին ընդդիմության հետ»: Անդրադառնալով իրեն հասցեագրվող դերակատարությանը, թե հանդիսանում է Ռ. Քոչարյանի խոսափողը, Վ. Օսկանյանն ասել է. «Մարդիկ, որ ասում են` իմ բերանով Քոչարյանն է խոսում, պարզապես իրենց արշինով են չափում ու հասկացողությամբ են դատում»: Նաեւ հավելել է, թե` «Ռոբերտ Քոչարյանին լավ ճանաչելը չի նշանակում` կարող եմ ներթափանցել նրա մտքերի մեջ»: Նա խոսել է նաեւ կոալիցիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին. մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից կոալիցիայի նոր հուշագրի ստորագրման մասին ասել է. «Ես ամենեւին միակ հույսս ԲՀԿ-ն չէի համարում, պարզապես, եթե ԲՀԿ-ն ինքնուրույնություն պահեր, հնարավորություն կստեղծեր հակակշիռների արդի քաղաքական դաշտում: Սա սահմանափակ գործիքներից է, որ ժողովրդավարությունն է տրամադրում»: Ըստ նրա` ԲՀԿ-ն կարող էր «մեծացնել հակակշիռների մասը հաջորդ ընտրություններում: Իսկական կոալիցիա կլինի, եթե կուսակցություններից մեկը բացարձակ գերիշխող չլինի»: «Կանխարգելող» Վ. Օսկանյանն, ի դեպ, երեկ դարձյալ խուսափել է քաղբանտարկյալ եզրույթն օգտագործել Մարտի 1-ի դեպքերի արդյունքում կալանավայրերում գտնվող անձանց վերաբերյալ` ասելով. «Անազատության մեջ գտնվողներ քաղաքական գործունեության արդյունքում, գուցե սա նույնն է «քաղբանտարկյալի» հետ, բայց ես գերադասում եմ առաջինն օգտագործել: Այս մարդիկ պիտի ազատ արձակվեին նույն օրը, հիմա էլ ուշ չէ»: Ի դեպ, Վ. Օսկանյանը երեկ նաեւ ասել է, թե առաջիկա համապետական ընտրություններին մասնակցելու մասին որոշում դեռեւս չի կայացրել, սակայն նշել է, որ «մյուս տարիներին մենք ավելի մեծ ազդեցություն կունենանք հասարակության խնդիրների վերհանման եւ լուծումներ որոնելու եւ կյանքի կոչման մեջ»: Ավելին, նա ասել է, թե` «ունենալով իմ պատկերացումները երկրի ապագայի եւ զարգացման ուղիների մասին, ես շարունակում եմ նոր լուծումներ փնտրել»: Նա խոսել է նաեւ Եգիպտոսում եւ Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին` ասելով. «Ես չէի ուզենա մեր ժողովուրդը Եգիպտոսում կամ Լիբիայում կատարվածի նման ցնցումներ ապրի: Բայց նաեւ շեշտում եմ, Հայաստանում կան բոլոր խնդիրները, որ ստիպել են արաբական աշխարհի ժողովուրդների ապստամբությանը: Սա պետք է ստիպի իշխանություններին` ձեռնարկել քայլեր նման ցնցումները Հայաստանում կանխելու համար»: