Դատական ակտերի հարկադիր կատարողների (ԴԱՀԿ) սեպտեմբերի 13-ի աճուրդին ներկա գտնվելուց հետո մեծ ցանկություն առաջացավ նորից մասնակցել: Հաջորդ աճուրդը հոկտեմբերի 4-ին էր: Այդ երկու աճուրդներն իրար շատ նման էին. նախկինի նման վաճառվեց լիքը ապրանք, եւ դա տեւեց ընդամենը կես ժամ:
Մեկ-երկու լոտ ունեին երկու գնորդ, մնացածը վաճառվեց առանց մրցակցի ու մեկնարկային գնից շատ չնչին բարձր արժեքով: Նախորդի նման այս անգամ էլ մասնակիցները խուսափում էին իրար հետ շփվելուց եւ շատ խորհրդավոր հայացք ունեին: Բայց մինչեւ աճուրդի սկսվելը բոլոր մասնակիցները ԴԱՀԿ ծառայողների հետ ինչ-որ քննարկումների մեջ էին. զգացվում էր, որ ծառայողները նրանց անընդհատ բացատրում էին, քաջալերում էին: Այս երկու աճուրդների միակ տարբերությունն այն էր, որ երկրորդի ժամանակ ոսկեղեն չվաճառվեց, բայց վաճառվեց մի քանի անշարժ գույք: Հիշեցնենք, որ անցած աճուրդին ներկայացված ոսկեղենը բավական էժան եւ առանց մրցակցի գնեց մի հոգի: Ըստ երեւույթին, տարբեր ժամանակներում բռնագրավված ոսկին հավաքվել եւ ներկայացվել է մի աճուրդի ժամանակ, եւ գնել է նախապես հայտնի գնորդը: Այս անգամ ուշադրության արժանի էր անշարժ գույքի վաճառքը: Օրինակ, Արաբկիրի 25 փողոցի 2-րդ շենքի 1 սենյականոց բնակարանի մեկնարկային գինը 5 մլն 845 հազար դրամ էր: Հայտ էր ներկայացրել մի հոգի եւ գնեց` ընդամենը մեկ քայլ կատարելով: Այդ բնակարանի վաճառքի գինը մի քիչ բարձրացավ, բայց չհասավ 5 մլն 900 հազար դրամի: Այսինքն, վաճառվեց մոտ 13.400 դոլարով: Մինչդեռ Արաբկիրը համարվում է Կենտրոնից հետո «ամենաթանկ» համայնքը, ուր բազմաբնակարան շենքի բարվոք վիճակում գտնվող (բնակարանի նկարագիրն այդպիսին էր) մեկ սենյականոց բնակարանի շուկայական միջին արժեքը մոտ 20.000 դոլար է, եթե ոչ ավելի: Միանգամայն պարզ էր, որ գնորդը նախապես հայտնի է եղել: Մանավանդ, որ աճուրդավարը լոտերը ներկայացնելիս ինչ-որ ներքին զգացողությամբ անմիջապես գտնում էր գնորդին: Վերջինս մինչեւ կներկայանար՝ կբարձրացներ իր համարը, աճուրդավարն առանց սխալվելու արդեն նայում էր նրա ուղղությամբ: Այս աճուրդի ընթացքում մի քանի «արտակարգ իրավիճակներ» եղան. մասնակիցներից մի երկուսի փաստաթղթերում անճշտություններ կային, որը կարող էր աճուրդին չմասնակցելու պատճառ դառնալ: Նույնիսկ մեկի հայտը գրանցված չէր, բայց աճուրդավարը դա հաշվի չառավ ու հորդորեց շարունակել մասնակցությունը: Իսկ պատահական գնորդի դեպքում, հավանաբար, դա աճուրդից հեռացնելու գտնված պատճառ կլիներ:
Մեր զրուցակիցը մեքենա գնելու համար մի քանի անգամ մասնակցել է ԴԱՀԿ աճուրդներին, սակայն նրան չի հաջողվել ցանկալի ապրանքը ձեռք բերել:
«Ես պատահաբար կարդացի «Հարկադիր կատարողի» տեղեկագիրը եւ տեսա, որ աճուրդով վաճառվում է «Գազ 31-10» մակնիշի մեքենա,- պատմում է մեր զրուցակիցը: -Հայտ ներկայացրի, որ այդ մեքենան գնեմ, բայց վերջին պահին պարզվեց, որ աճուրդից հանված է: Մեզ պատճառաբանեցին, որ պարտապանը վճարել է իր պարտքը, ու մեքենան հանել են: 21 օր հետո, հաջորդ աճուրդին, տեսա, որ նույն մեքենան նորից աճուրդի է դրվել: Ուզեցի նորից հայտ ներկայացնել, այս անգամ էլ ասացին, որ դա տպագրական սխալ է եղել եւ մեքենան աճուրդի չի դրվելու: Որոշեցինք նորից մասնակցել, բայց մեր կողմից երկու հայտ ներկայացրեցին եւ ներկայացան ընկերուհիներս: Այս անգամ էլ գալիս է երրորդ անձը եւ գինը բարձրացնում է: Ենթադրվում է, որ այդ հաղթողը մեքենան պետք է գնի: Բայց ես սկսեցի կասկածել աճուրդի անցկացման օրինականության վրա եւ նորից գնեցի տեղեկագիրը: Այդ մեքենան նորից ներկայացվել էր աճուրդի, փաստորեն չէին գնել: Իսկ հաղթելու եւ չգնելու դեպքում` հայտ ներկայացնողը պետք է կորցներ նախօրոք մուծած լոտի արժեքի 5 տոկոս կանխավճարը: Բայց մենք չիմացանք, թե նա այդ 5 տոկոսը նախօրոք վճարե՞լ էր, թե՞ ոչ, մանավանդ, որ չէին էլ թաքցնում, որ նա իրենց աշխատակիցն է: Մեզ ասում էին՝ իզուր էլ մի մասնակցեք, այդ մեքենան դուք չեք կարողանա գնել: Մենք էլի մասնակցեցինք, այս անգամ իրենց կողմից էլ մեկ ուրիշ մարդ էր մասնակցում: Գինը բարձրացրին այնքան, որ շուկայականից անցավ, մենք պարտվեցինք: Իսկ մեր մուծած կանխավճարը մեծ դժվարությամբ հետ ստացանք»:
ԴԱՀԿ ծառայությունում բացառեցին, որ իրենց աշխատակիցը ստվերային համագործակցություն ունենա գնորդի հետ: Ծառայության պետ Հմայակ Նավասարդյանը փորձում էր համոզել, որ հարկադիր կատարողի մասնակցությունն աճուրդի կայացման ընթացքի վրա հավասարեցված է «մինիմալի»: Իսկ աճուրդների համակարգման եւ գույքի իրացման բաժանմունքի պետ, նաեւ` աճուրդավար Ենոք Անդրեասյանն այդպիսի դեպքերի «մեղավորին» համարում էր հենց պարտապանին:
«Այդպիսի բան հնարավոր չէ,- ասում է Ենոք Անդրեասյանը: -Հնարավոր է, որ պարտապանն ինքն է մասնակցում աճուրդին եւ չի թողնում, որ իր մեքենան կամ տունը վաճառվի: Ճիշտ է, նա իր կանխավճարը կորցնում է, բայց հետո կարող է հնարավորություն ունենալ իր մեքենան ետ վերադարձնել: Ասեմ, որ մեզ համար պարտապանը սովորական հայտատու է: Ճիշտ է, եթե մենք նրա մոտ գումար տեսնենք, կբռնագանձենք, եւ նա չի կարողանա կանխավճարը տալ: Բայց եթե նրա կողմից այլ անձ է մասնակցում, մենք ոչինչ չենք կարող անել»:
Որպես կանոն` հարկադիրի աճուրդին ներկայացված լոտերի (ապրանքների) գինը շատ ցածր է լինում, դա որոշում է ԴԱՀԿ ծառայության հետ պայմանագիր կնքած, այսպես ասած, անկախ փորձագետը: Իսկ հարկադիր կատարողները, պարզվում է, ոչ մի իրավունք չունեն կասկածելու նրա սահմանած արժեքի համապատասխանությանը:
«Դա մեր գործունեության մեջ մեծ սողանցք է,- ասում է Հմայակ Նավասարդյանը: -Կառավարությունում հիմա ուսումնասիրվում է այդ անկախ փորձագետներին ընտրելու մրցույթի կարգը, որը մինչեւ տարվա վերջ պիտի որոշվի: Այդ դեպքում արդեն կողմերից յուրաքանչյուրն իրավունք կունենա վիճարկել փորձագետի սահմանած գինը: Իսկ այս նոր կարգով ու արդեն ընդունված օրենքով հարկադիր կատարողի ստվերային գործունեությունը հասցվել է զրոյի»:
Պարոն Նավասարդյանն այդ «նորամուծություններից» մի օրինակ բերեց, որ հարկադիր կատարողն իրավունք է ստանում գնորդ գտնել եւ լոտը վաճառել նաեւ ուղղակի ձեւով եւ հարկադիրը դառնում է նաեւ վաճառող: Եվ պարոն Նավասարդյանն այստեղ իրավացի է, այո, հարկադիրի ստվերային գործունեությունը կրճատվում է, իսկ ավելի ճիշտ՝ ստվերային անօրինական գործունեությանը օրինական գործունեության հնարավորություններ է տրվելու:
Ինչեւէ, ուղղակի շրջանառվող կարծիք կա, որ էժան ապրանքի ու տան երջանիկ գնորդը կամ ԴԱՀԿ ծառայողների ծանոթ-բարեկամն է, կամ էլ գնորդն, ի վերջո, այդ ապրանքի համար կվճարի շատ ավելին, մոտիկ շուկայական արժեքին, ուղղակի լրացուցիչ գումարն արդեն կտա ԴԱՀԿ ծառայողին: