Գույքագրելու են

01/03/2011

«Համատիրությունների աշխատանքը պետք է կայանա համակարգային առումով»,- երեկ ասել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Ըստ Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայության՝ Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել համեմատաբար հաջողված համատիրություններին աջակցելու նպատակով, ինչն իր հերթին խթան կհանդիսանա մյուսների համար: Անդրադառնալով Երեւանում կառուցապատողների կողմից շինարարության ժամկետների խախտումներին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է հետեւողականորեն շարունակել աշխատանքը եւ օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել ժամկետային խախտումները բացառելու ուղղությամբ. «Մեզ համար նախ եւ առաջ պետք է հստակ լինի, թե քանի՞ կառուցապատող կա քաղաքում, ո՞վ է սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ հող վերցրել ու դրանից հետո ժամկետների համար չի դիմել: Գույքագրման արդյունքում լիարժեք պատկեր ունենալուց հետո կառուցապատողների պայմանագրերի մասին տեղեկատվությունը ուղղորդել վարչական շրջաններ եւ հետեւողական հսկողություն իրականացնել պարտավորությունների հետ կապված»,- ասել է նա` ավելացնելով, որ շինարարության ժամկետների պահպանումը լինելու է ոչ թե միանվագ ակցիա, այլ կրելու է ամենօրյա աշխատանքային բնույթ: