«Սարը տեղաշարժելու ժամանակը»

01/03/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Երբ կա ազատություն, քաղաքացիական հասարակությունը կարող է սարեր տեղաշարժել: Երբեմն կառավարությունները կուզենային, որ այդ սարերը հենց իրենց տեղերում էլ մնային, սակայն, երբ քաղաքացիական հասարակությունն ունի բավարար օժանդակություն՝ մղելու կառավարությանը դեպի հիմնարար փոփոխություններ, դա հստակ նշան է, որ եկել է սարը տեղաշարժելու ժամանակը»,- երեկ ԵՊՀ-ի Պալյանների անվան դահլիճում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը՝ «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում» քննարկման ժամանակ: «Ժողովրդավարության խորացումը եւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, որոնց մասին խոսեց նախագահ Սարգսյանը, պահանջում են խորը եւ արմատական փոփոխություններ: Կպահանջվեն բարեփոխումներ Հայաստանի օրենքներում, հաստատություններում եւ քաղաքական մշակույթում՝ մեծացնելու անձի ազատությունը, իրավունքները եւ պատասխանատվությունը»,- ասաց տկն. Յովանովիչը: Ներկաները, մեղմ ասած, զարմացել էին կարմրազգեստ տիկնոջ՝ «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում» խորագրով ելույթից, որում դիվանագիտական ձեւակերպումներով ներկայացվում էր Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակը: «Իրական անվտանգությունը սոսկ բռնության բացակայությունը չէ, այլ հնարավորությունների առկայությունը: Հնարավորություններ ունենալ՝ լավ գործ ունենալ, ինչպես նաեւ հնարավորություն՝ մասնակցել քաղաքական գործընթացին: Ճիշտ այնպես, ինչպես տնտեսությունը չի կարող ծաղկում ապրել, երբ նոր գաղափարների մենաշնորհը կառավարության պաշտոնյաների ձեռքին է, այնպես էլ երկիրը կհայտնվի լճացման մեջ, եթե ողջ իշխանությունը կառավարության ձեռքին է»,- ասաց դեսպանը: Ըստ նրա՝ քաղաքացիական հասարակությունն ու կառավարությունը պետք է աշխատեն նավակի 2 թիերի պես: «Եթե թիերից միայն մեկն է գործի դրված, ապա նավակը կորցնում է ուղղությունը, եւ չգիտես, թե ուր կգնա»,- ասաց Մ. Յովանովիչը` մատնանշելով նորագույն պատմությանը հայտնի կառավարության եւ քաղաքացիական հասարակության միջեւ անհավասարակշռության օրինակները՝ 20-րդ դարի ամբողջատիրական ռեժիմներից մինչեւ մեր օրերի ձախողված պետություններ: «Այսօր առավել տարածված խնդիրը քաղաքացիական հասարակության օրինական գործունեության հանդեպ կառավարության կողմից խիստ սահմանափակումների կիրառումն է եւ պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես դրսեւորվող հալածանքները»,- հայտարարեց Մ. Յովանովիչը՝ հանգամանորեն խոսելով քաղաքացիական հասարակություն ձեւավորելու անհրաժեշտության մասին: Ըստ դեսպանի՝ քաղաքացիական հասարակությունը բնութագրում է քաղաքական եւ տեղեկատվական միջավայրերը: Անդրադառնալով ԶԼՄ-ների ազատությանը, տեղեկատվության անարգել տարածմանը, երիտասարդների նախաձեռնող ու պայքարող լինելուն՝ դեսպանն ասաց. «Իսկ ի՞նչ կլինի այդ երիտասարդների նախաձեռնողական երազանքների հետ, եթե դրանք բախվեն քաղաքական կապեր ունեցող բիզնեսների հետ անարդարացի մրցակցությանը, կամ, եթե վիճահարույց գաղափարների արտահայտումը հալածանքի վտանգ ստեղծի նրանց եւ նրանց ընտանիքների համար: Ի՞նչ կլինի, եթե անհատները չեն կարողանում կազմակերպել եւ լոբբինգ իրականացնել կառավարության հանդեպ, կամ էլ, եթե առաջնորդների ընտրությունները չեն թվում ազատ ու արդարացի»: «Դրա համար կպահանջվի, որ կառավարությունը, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ոստիկանությունը, քաղաքական կուսակցությունները ապահովեն հետագա ընտրությունների համապատասխանատվությունը ոչ միայն միջազգային ստանդարտներին, այլ նաեւ դրանց համապատասխանատվությանը Հայաստանի ժողովրդի պահանջներին եւ ակնկալիքներին»,- նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը՝ անդրադառնալով քաղաքացիական հասարակության կարեւորագույն պարտականությանը, որն է՝ սեփական տանը կարգ ու կանոնի հաստատումը: «Դուք չեք կարող ապրել ձեր ուզած երկրում, եթե չգործեք: Դուք կարող եք պարզ քայլեր ձեռնարկել, օրինակ՝ հարեւանների հետ կազմակերպել եւ մաքրել մոտակա այգին կամ շենքի մուտքը, կամ ավելի ծանրակշիռ քայլեր, օրինակ՝ հանդես գալ ի պաշտպանություն ԶԼՄ-ների մասին առավել առաջադեմ օրենսդրության: Երկու դեպքում էլ, երկու արարքներով էլ կառուցվում է ավելի լավ Հայաստան»,- ելույթն այսպես եզրափակեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանը: «Դուք պետք է որոշեք՝ ինչպիսին պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում: Մենք կարող ենք խորհուրդներ տալ, առաջարկներ ներկայացնել, բայց, ի վերջո, մենք չենք որոշողը: Նույն Սաուդյան Արաբիայում, Լիբիայում, Հայաստանում կամ որեւէ տեղ մենք չենք որոշում կայացնողը, այլ այդ երկիրը»,- ԼՂ-ի բանակցային գործընթացին վերաբերող ներկաներից մեկի հարցին ի պատասխան՝ ասաց դեսպանը: Ուսանողներից մեկին հետաքրքրում էր, թե, օրինակ, տիկին դեսպանը ԼՂ-ի եւ Կոսովոյի հակամարտությունների միջեւ տարբերություններ տեսնո՞ւմ է, եւ ինչո՞ւ է միջազգային հանրությունը ճանաչել Կոսովոյի ինքնավարությունը եւ չի ճանաչում ԼՂ-ի ինքնավարությունը: «Կարծում եմ՝ այս տիպի ցանկացած հակամարտություն եզակի է, առանձնահատուկ: Կոսովոն ՄԱԿ-ի պաշտպանության ներքո է գտնվում, ինչպես գիտեք: Կարող եմ բոլոր մանրամասներին անդրադառնալ, թե ինչով են այս երկու հակամարտությունները տարբեր: Եվ պետք չէ ֆիքսվել, թե այս հակամարտությունը նման է Կոսովոյին: Մենք բոլորս կարծում ենք, որ խնդիրը միայն քաղաքական լուծում կարող է լինել, եւ այն կարող է լուծվել միայն բանակցությունների ճանապարհով: Բանակցություններ, որոնց պարագայում կլինեն փոխզիջումներ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների միջեւ: Եթե 2 երկրները չկարողանան պաշտպանել այդ լուծումը, ապա այդ լուծումը չի կարող տեւական լինել»,- ասաց Մ. Յովանովիչը: Ուսանողներից մեկը` հիշեցնելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական խոստումը Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին, հարցրեց` «Ե՞րբ է դա լինելու»: «Նախագահ Օբամայի դիրքորոշումը հայտնի է բոլորին, եւ նա կորոշի՝ ինչ է ասելու: Դա նախագահ Օբամայի որոշումն է, նա է սահմանում Միացյալ Նահանգների քաղաքականությունը, եւ ինքը կորոշի, թե ինչպիսին է լինելու իր հետագա քայլը»,- ասաց դեսպանը, ով հանդիպման ավարտին չմոռացավ իր հետ վերցնել «Կոկա-Կոլայի» շիշը, որը դահլիճ էր տարել՝ գրավելով ներկաների ուշադրությունը: