Ովքե՞ր են գնելու

01/03/2011

«Իրանի ավիացիայի արդյունաբերությունը կարողացել է բավարարել եվրոպական եւ ամերիկյան չափանիշները եւ զարգանալ այն մակարդակի, որ կարող է տարեկան իր արտադրության 20%-ը հատկացնել միջազգային պահանջարկին»,- ըստ իրանական IRNA լրատվական գործակալության, հայտարարել է Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավար Մանուչեհր Մանթեղին: Անդրադառնալով իրանական «IRAN-140» ինքնաթիռների արտադրությանը, նա ասել է, որ Իրանը մտադիր է այդ ինքնաթիռները արտահանել միջազգային շուկա: «Հիշյալ ինքնաթիռները շատ լավ արդյունքներ են գրանցել, եւ դրանցից օգտվող բոլոր ընկերությունները գոհ են ինքնաթիռների աշխատանքից»,- ասել է Մանթեղին` չմանրամասնելով, թե հատկապես ո՞ր երկրներն ու ընկերություններն են «IRAN-140» ինքնաթիռները գնելու հայտ ներկայացրել: Լրատվամիջոցների տեղեկություններով, անցյալ տարվա ընթացքում միայն սիրիական մի ընկերություն էր հայտ ներկայացրել այդ ինքնաթիռներից իր չվերթերում օգտագործելու նպատակով: Նշենք, որ ներկայումս «IRAN-140» ինքնաթիռները շահագործվում են իրանական «Iran Air Tour» եւ «Safiran» ավիաընկերությունների կողմից: