Կայծակնային արագությամբ բոլոր լրատվամիջոցներն ու կայքերը տարածեցին «բարի լուրը»` «2011 թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի: Ավելին, սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը կնվազի»:
Իսկ իրականությունն այն է, որ այս լուրը ժամանակավրեպ է. գազը Հայաստանում արդեն իսկ թանկ է. 1000 խմ գազը հայ սպառողը գնում է 380 դոլարով: Համեմատության համար ներկայացնենք Ֆրանսիայում գազի գինը. ըստ «Ինտերֆաքսի»` 1000 խմ գազի համար ֆրանսիացին վճարում է (նկատենք` այն էլ թանկացումից հետո) 331 դոլար: Թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում մարդիկ վաղուց անցում են կատարել ալտերնատիվ վառելիքին: ՀՀ նախագահը, վստահ եմ, իր նախընտրական ծրագրի լուսանցքում գրիչով կարող է նույնիսկ ավելացնել խոստում, որը եւ փայլուն ձեւով կիրականացվի նրա թիմի կողմից` ապահովել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենա մարմնի կայուն ջերմաստիճան` անգամ ամենախստաշունչ ձմեռներին` 36,6: Դրանից բացի` Հայաստանի անտառի պաշարները եւ ընտանի կենդանիների գլխաքանակը դեռեւս թույլ են տալիս տաքություն ստանալ փայտի ու աթարի միջոցով: Իշխանությունները նաեւ հավատացած են (ընդ որում` ո՛չ անհիմն), որ ՀՀ նախագահի խոսնակի շուրթերից հնչած կախարդական խոսքերը` «Մենք բավարարված ենք հանդիպումից» (Մեդվեդեւ-Սարգսյան.- Լ.Ա.), հայ սպառողներին կստիպեն այլեւս հանգիստ շունչ քաշել` իրենց մասին հոգ, այդուհանդերձ, տարվում է: Ցրտից ու հուսահատությունից չարացած մարդիկ միայն կարող են այս խոսքերը չընկալել որպես ջերմության լրացուցիչ չափաքանակ:
Թեմայի տրամաբանական շարունակություն. մայրաքաղաքում կան տուրիստական գործակալություններ` հետաքրքիր առաջարկներով: Այն հայերը, ովքեր ցանկանում են հեռանալ Հայաստանից` անվերադարձ, սակայն ում հեռանալու ցանկությունն ավելի արագ է հասունացել, քան հեռանալու ուղղության ընտրությունը, հնարավորություն ունեն դիմել այդ ընկերություններին: Դրանք զբաղված են հայերին սեփական հայրենիքից փրկելու շնորհակալ գործով: Գործակալին (այս դեպքում` տուրիստական) ներկայանալով որպես պոտենցիալ հեռացող` ճշտեցի հետեւյալը. կարող եմ մատս դնել գլոբուսի ցանկացած կետի վրա, եւ իրենք կապահովեն իմ եւ ընտանիքիս լեգալ մուտքը այդ երկիր: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի տեղափոխումը (անհրաժեշտ փաստաթղթեր, մուտքի վիզա եւ այլն, եւ այլն) արժե 3300-3500 եվրո: «Դիմողները շատ-շատ են: Հիմնականում ընտրում են Շվեդիան, քանի որ այդ երկիրը բաց է միգրանտների համար: Ձեզ էլ ենք խորհուրդ տալիս»:
Տուրիստական գործակալը, որպեսզի փարատի տարակույսներս, տվեց իրենց հին հաճախորդներից մեկի հեռախոսահամարը, ասաց, որ նա կարող է ամեն ինչ մանրամասն պատմել, քանի որ երկու տարի ապրել եւ աշխատել է Շվեդիայում: Վոլոդյան, ում հետ հանդիպեցի, պատմեց, որ Շվեդիա է հասել կնոջ հետ` գրպանում ունենալով 100 դոլար:
Որպես կանոն` այդ երկրում տղամարդիկ աշխատում են որպես պարտիզպաններ: Եվ Վոլոդյան էլ մի շվեդի այգում այգեպանություն է արել` ժամը 15 եվրո աշխատավարձով:
8-ժամյա աշխատանքային օրվա համար նա վարձատրվել է` ստանալով օրը 120 եվրո: Կինը կարկանդակների վաճառքով է զբաղվել: Շվեդիայում Վոլոդյան լեղապարկի խնդիր է ունեցել, նրան պետության միջոցներով վիրահատել են: Վիրահատությունն, ի դեպ, տեւել է մի քանի ժամ: Նման մարդկային վերաբերմունքն իր անձի հանդեպ օտար մի պետության կողմից Վոլոդյային խիստ հուզել էր: Պարզապես տարիքն այնպիսին էր, որ ինքն ու կինը վերադարձել են հայրենիք` այնքան գումարով, որ Երեւանում այժմ բնակվում են հարմարավետ մի առանձնատանը, ունեն իրենց սեփական ավտոմեքենան ու վստահություն, որ իրենց արժանապատիվ ծերությունն ապահովված է` առանց թոշակից կամ նպաստից կախման մեջ լինելու: «Ես տարիքս առած մարդ եմ, ձե՛զ եմ հարցնում` հիմա ո՞րն է իմ հայրենիքը,- հարցնում էր Վոլոդյան,- Այս երկի՞րը, որն ամեն ինչ անում է իր քաղաքացիների դեմ, թե՞ օտար Շվեդիան, ուր ինձ մարդ եմ զգում, ուր կարող եմ աշխատել, բուժվել, ապրել»:
Քանի որ Վոլոդյայի հետ հանդիպել էի` մինչ Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպումը, դեռ չէի կարող լուրջ հակափաստարկ բերել` ցիտելով ՀՀ նախագահի խոսնակի մտքերը` գազի գների մոտիվներով:
Ավելորդ չէ հիշեցնել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի` 2010 թվականի մի վիճակագրություն: Ըստ այդմ` անցած տարվա առաջին տասը ամիսների տվյալներով` «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանից մեկնողների թիվը կազմել է 730.000-ից մի փոքր ավելի, իսկ ժամանել է մոտ 668.000 ուղեւոր: Այսինքն` 2010-ի հոկտեմբերի դրությամբ` միայն ինքնաթիռով եւ մեկնողների եւ ժամանողների տարբերությունը կազմել է 62.000 հոգի:
Ավելի լուրջ վիճակագրություն` ինչ ծավալների է հասել արտագաղթը, գուցե կա, սակայն` ԱԱԾ ինչ-ինչ փաստաթղթերում: Թեեւ անգամ այդ մակարդակում դժվար է իրական թվերը ճշտել: Սակայն վիզուալ արդեն երեւում է` բոլորը փախչում են: Մի հետաքրքիր օրինաչափություն` նրանց, ովքեր օբյեկտիվորեն չունեն պահանջված 3500 եվրոն` լեգալ տեղափոխվել որեւէ այլ քաղաքակրթություն, իշխանությունները կարծես այնպես, իմիջիայլոց` ցույց են տալիս կարճ եւ նյութական քիչ ռեսուրսներ ուզող ճանապարհ` հարեւան Վրաստան:
Վրաստանը, որ կորցրեց Աբխազիան եւ Հյուսիսային Օսեթիան, այսինքն` տարածքային լուրջ կորուստներ ունեցավ, այնուամենայնիվ, հաջողությամբ ձգտում է պետություն դառնալ, իր քաղաքացիների ամեն քայլն աբսուրդի դեմ պայքարի չի վերածում, բիզնես միջավայրը բարենպաստ է այնքան, որ հայ գործարարներից շատերը այնտեղ հյուրանոցային բիզնես են դրել, փորձում են իրենց միջոցները փրկել` դրանք Վրաստանում ներդնելով:
Իսկ մենք, որ հաջողեցինք հաղթանակել Ղարաբաղյան պատերազմում, հաղթեցինք թշնամուն, այդքան անզոր եղանք հենց մեր դեմ. 20 տարում պարտվեցինք ինքներս մեզ: Եվ այդ գահավիժումը շարունակում ենք բոլոր մակարդակներում: Սակայն ինչի՞ մասին է խոսքը, երբ «2011 թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի: Ավելին, սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը կնվազի»: