Դատախազի որդին «մի մուշտի է տվել»

29/10/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վերոնշյալ հասցեի բնակչուհի Շողիկ Գալստյանն ասում է, որ իր հետ այդպես են վարվել: Զինվորական դատախազության նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արազի Հովսեփյանը բնակվում է Մամիկոնյանց 58 շենքում, որի բակում ունի մեծ ավտոտնակ եւ այդտեղ, բնակիչների ասելով՝ կանգնեցնում են իր 2 պետական եւ 1 սեփական ավտոմեքենաները: Արազ Հովսեփյանին, սակայն, չի բավարարում այդ ավտոտնակը, նա փորձում է հարակից շենքերի մոտ նույնպես նոր ավտոտնակի տարածք ձեռք բերել: Բնակիչներն ընդվզում են եւ փայտերն առած բոյկոտում, որ իրենց բակում ավտոտնակ չկառուցվի: Դատախազը, հույսը չկտրելով՝ այս անգամ էլ աչք է դնում Մամիկոնյանց 54/1 շենքի բակում գտնվող կիսակառույց ավտոտնակի վրա, որը վարձակալում է Գալստյանների ընտանիքը: Շողիկ Գալստյանն ու իր ամուսին Հայկ Գալստյանը 2003 թվականից պարբերաբար դիմում են գրում Երեւանի քաղաքապետարան, որպեսզի ավտոտնակ կառուցելու թույլտվություն ստանան, սակայն մերժվում են: Օգոստոսին կրկին դիմում են գրում եւ կրկին մերժվում են: Մինչդեռ մեկ կանգառ ներքեւ ապրող մի բնակչի, այսինքն՝ դատախազ Արազի Հովսեփյանին, այդ տարածքում ավտոտնակ կառուցելու թույլտվություն են տալիս: «Մեզ գրում են` ոչ նպատակահարմար, իսկ նրան տալը նպատակահարմար են գտել: 2005թ. սեպտեմբերի 12-ին նրան թույլատրել են այդ տարածքում ավտոտնակ կառուցել, այն դեպքում, երբ նա մեր բակի բնակիչ չէ եւ բավականին հեռու է բնակվում: Նա Զինվորական դատախազության պաշտոնյա է, դրա համար էլ թույլ են տվել: Երեխան էլ կհասկանա, որ պաշտոնի չարաշահում է»,- ասում է Շողիկ Գալստյանը: Բնակչուհին պատմում է, որ Արազի Հովսեփյանի 25-ամյա որդի Ռուբենը եկել իրեն հայհոյել, անպատվել է, իսկ հետո ծեծելու արյունլվա է արել: Տիկին Շողիկը վրդովված ասում է. «Ես խնդրում էի, որ ավտոտնակը չկառուցի, մինչեւ ամուսինս գա, որովհետեւ նա քաղաքում չէր: Դե, պատկերացրեք, տղամարդու հարվածը կնոջ դեմքին: 25 տարեկան լպիրշ ու լկտի անձնավորություն է: Ես դիմեցի ոստիկանություն, գործ են հարուցել, բայց, չգիտես ինչու, լռում են: Հարեւանները վկա են եղել, թե ինչպես է նա ինձ ծեծել, ականջիցս արյունահոսություն սկսվեց, եւ ուղեղի ցնցում ստացա, դա նաեւ հաստատվեց դատաբժշկական փորձաքննության ժամանակ»: Շ. Գալստյանն ասում է, որ այս շենքի բնակիչների համար զարմանալի է, որ որեւէ մեկը չի նկատում դատախազի որդու այդօրինակ պահվածքը: «Մեր շինանյութով պատրաստած կիսակառույց ավտոտնակի վրա պանել է դնում, որ դարպաս էլ դնի ու վերջ: Դուրս եմ գալիս, ասում եմ` «մեր պանելների հետ ի՞նչ գործ ունես, ասում է` պանելիդ փողը կտամ, ասում եմ՝ կքանդեմ, չեմ թողնի իմ գնած շինանյութով կառուցես, ասում է՝ բարձրացի քանդի, որ ընկնես՝ ես քո թաղման ծախսերը կփակեմ: Մենք աշխատավարձով ապրող մարդիկ ենք, այդ շինանյութը տարիների աշխատանքով ենք գնել: Տվեց դեմքս ջարդուփշուր արեց, փախավ: Հետո, որ ասացի Դատախազությունում, Նախագահականում, կառավարությունում դիմումներ եմ գրել, նա պատասխանեց՝ տո նախագահի սենցը, վարչապետի սենցը, նրանք ովքե՞ր են, որ ինձ արգելեն գարաժ սարքել: Մեզ մոտ բանվորներ էին աշխատում, նայում էին ու պլշել էին…»,- պատմում է տիկին Շողիկը: Օրերս դատախազ Արազի Հովսեփյանը եկել է Շողիկի բնակարան ու հայտարարել է, որ որդու գործը կփակի, իսկ ավտոտնակն, այնուամենայնիվ, ավարտին կհասցնի: Իսկ ավելի ուշ որդին ավելացրել է, որ ավտոտնակը կառուցելու է, ապա 6000 դոլարով վաճառելու է:

Դատախազ Արազի Հովսեփյանին մեր հարցադրումները բարկացրին, քանի որ նրա խոսքերով՝ ինքը դատախազ լինելով հանդերձ` օրինականության կողմնակից է: «Ես ուղիղ երկուս ու կես տարի սպասել եմ այդ տարածքի թույլտվության համար: Մեր բակում լիքը ապօրինի ավտոտնակներ կան, տարածք էլ կա, բայց ես ինձ թույլ չեմ տվել անօրինական ճանապարհով տարածք վերցնել, ես ենթարկվել եմ տեղական իշխանության պահանջին, – ասաց նա: -Այդ կինը մեզ շանտաժի է ենթարկում: Որդիս նրան չի խփել, կարող է միայն հրել է, բայց պաշտպանվելու համար է դա արել, որովհետեւ իր նման մի քանի լրբերի հետ հարձակվել է: Նա նույնիսկ գնացել, փորձագետներին ասել է, որ ուղեղի ցնցում ձեւակերպեն, նրան ուղեգիր են տվել, որ բժշկի գնա, հաստատեն, իսկ ինքը չի գնացել, դե եթե նման բան կար, թող գնար»: Հարցիս, թե պրն Հովսեփյանին արդյոք չի՞ բավարարում իրենց բակի ավտոտնակը, որ կառուցում է մեկ այլ բակում, նա պատասխանեց. «Ես կին եւ երկու չափահաս տղա ունեմ, իսկ սահմանադրությունը չի արգելում մեքենա եւ ավտոտնակ ունենալ: Այդ ավտոտնակն իմը չէ, դա ժեշտից, վառված ավտոտնակ է: Եվ հետո ես ավտոտնակ եմ կառուցում Երեւանում, մեր շենքից մի քանի շենք այն կողմ»: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում պրն Հովսեփյանը որդու հայհոյախառն դրսեւորումներին, մասնավորապես, ուղղված նախագահին, վարչապետին եւ այլոց. «Չէ, էդպես լավ չի, նախագահին, նախագահի զոքանչին, քրոջն ու հարազատներին. նման բան չի եղել, դա սովորական շանտաժ է: Ես նույնիսկ գնացի այդ կնոջ տուն, մտածեցի` դատարկ ձեռքով չգնամ, ի վերջո ամեն առավոտ իրար տեսնելու ենք, նույն բակում ենք ապրում, նրանց ասացի, որ, եթե անգամ տղաս իրեն ինչ-որ ձեւով վատ է պահել, ես ներողություն եմ խնդրում, թեեւ տղաս ոչինչ չի արել, նրանք ստում են: Ամբողջ շենքին լարել են մեր դեմ»: Պրն Հովսեփյանի պատմելով՝ շինանյութի համար տղան պայմանավորվել է Շողիկ Գալստյանի հետ եւ համաձայնություն է եղել, որ 30 դոլարի այդ շինանյութի համար իրենք կվճարեն, իսկ երբ մեջբերեցի տիկին Շողիկի բողոքը, որ նա բացարձակապես անտեղյակ է եղել իր շինանյութն օգտագործելու հարցում եւ պատահական է տեսել, որ այն օգտագործվում է դատախազի ավտոտնակի համար, նա նորից կրկնեց. «Ախր հասկացե՛ք, այդ կինն ամեն ձեւով ուզում է շանտաժ անել, նա ամեն ինչի ընդունակ է: Ես օրինական ձեւով ավտոտնակ եմ կառուցում, ես ոչ մի վատ բան չեմ անում»: