Բարկացել է

01/03/2011

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մի շարք փոփոխություններ է կատարել կառավարության կազմում, այդ թվում՝ ՆԳՆ, ԱԳՆ եւ ՊՆ ղեկավարության շրջանում: «Վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ մենք որոշել ենք վերակազմավորել այն նախարարությունները, որոնք պատասխանատու են անվտանգության եւ դիվանագիտության համար»,- հայտարարել է Սարկոզին ժողովրդին հղած իր ուղերձում, որը կիրակի երեկոյան հեռարձակվել է ֆրանսիական հեռուստաալիքի եթերում: Նա տեղեկացրել է, որ արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել Ալեն Ժյուպպեն, ով մինչ այդ գլխավորում էր Պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության նախարար է դարձել Սենատում իշխող «Ազգային շարժման միության» խմբակցության ղեկավար Ժերար Լոնգեն: Իսկ Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Կլոդ Գեանը նշանակվել է ներքին գործերի նախարարի պաշտոնում: Սարկոզիի ելույթից ժամեր առաջ հրաժարական էր տվել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Միշել Ալյո-Մարին, ում խստորեն քննադատում էին Թունիսի նախկին վարչակազմի հետ իր կապերի պատճառով: Միաժամանակ Ալիո-Մարին պնդել է, որ որեւէ վատ բան չի արել, եւ իր հերթին խստորեն քննադատել է լրատվամիջոցներին: Հիշեցնենք, որ մամուլում բացահայտումներ էին արվել Թունիսի նախկին նախագահ Զին Էլ-Աբիդին Բեն Ալիի հետ Ալիո-Մարիի եւ նրա ընտանիքի կապերի մասին, ինչպես նաեւ պարզվել էր, որ Ֆրանսիայի արտգործնախարարը Սուրբ Ծննդյան արձակուրդը Թունիսում էր անցկացրել ճիշտ այն օրերին, երբ այդ երկրում ժողովրդական շարժում էր տեղի ունենում: «Չհամարելով հանդերձ, թե որեւէ զանցանք եմ գործել, ես որոշել եմ ազատվել արտգործնախարարի աշխատանքից»,- ասված է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սակոզիին Միշել Ալիո-Մարիի գրած հրաժարականի նամակում, որի պատճենը ձեռք է բերել «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը: «Արդեն շաբաթներ ես քաղաքական, ապա եւ՝ մամուլի հարձակումների թիրախ եմ, որը կասկածներ հարուցելու համար խեղաթյուրում է ճշմարտությունը եւ դիմում ընդհանրացումների»,- գրել է Ալիո-Մարին` հավելելով, որ վերջին երկու շաբաթներին արդեն իր ընտանիքի մասնավոր կյանքն է «իսկական հետապնդման ենթարկվում որոշ լրատվամիջոցների կողմից»: