Նույնիսկ սիրուհին

01/03/2011

Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադաֆիի ուկրաինուհի բուժքույրը վերադարձել է հայրենիք: Այս մասին հայտնել է «Associated Press» գործակալությունը: 38-ամյա Գալինա Կոլոտնիցկայան ժամանել է Կիեւ կիրակի առավոտյան, նույն չվերթով, ինչ Ուկրաինայի 122 եւ այլ երկրների 68 տարհանված քաղաքացիներ: Կոլոտնիցկայայի հարազատ քաղաքում հին «խրուշչովյան» շենքի բակն այժմ շրջապատված է հեռուստալրագրողներով եւ պապարացիներով, ովքեր հույս ունեն լուսանկարել հայտնի դարձած ուկրաինուհուն կամ իմանալ Կադաֆիի ճակատագրի մասին վերջին նորությունները: Բուժքույրն առայժմ հրաժարվում է շփվել լրատվամիջոցների հետ: Միայն նրա մայրն է մերթընդմերթ վիճում լրագրողների հետ` պահանջելով դադարեցնել բնակարանի շրջափակումը: Այս ուկրաինուհու շուրջ հետաքրքրությունը պայմանավորված է մամուլի հրապարակած այն տեղեկություններով, որ նա եղել է Կադաֆիի սիրուհին: