Նորահարսի նման ամոթխած տիկին Սեդայի շուրթերից «բառ» պոկելը գրեթե անհնար է: Խոսում է կցկտուր, կաշկանդված ու անընդհատ շուրջը նայելով: Շուրջն անտանելի է, որովհետեւ այն խրճիթը, որտեղ ապրում են տիկին Սեդան ու նրա հիվանդ ամուսինը` անասնագոմի է նման: Սեղանին դրված է աղ ու կարմիր պղպեղ, որն ամուսինների մշտական կերակուրն է: Հարեւանուհին ասում է. «Երբ եկել՝ տեսել եմ, որ էս մարդիկ հացի մեջ աղ ու բիբար են լցնում ու ուտում են: Ուտելու բան չունեն, նրանց միակ ուտելիքն աղ ու բիբարն ա: Դրա համար ձեզ խնդրեցի, որ գաք, տեսնեք, թե մարդիկ ինչ կյանքով են ապրում: Սիրտս կտոր-կտոր ա լինում, սենց ինչքա՞ն կարան ապրեն: Ախր մեղք են էս մարդիկ»: Հարեւանուհու խոստովանությունից տիկին Սեդան այնպես է շփոթվում, դես ու դեն նայում, որ գլուխը կորցնում է: Անհանգիստ շարժումներով վառարանն է «խառնշտում», կատարում է անիմաստ գործողություններ, որպեսզի այդ թեման մոռացվի, եւ իրեն հարցեր չտան: Սեդա եւ Համբարձում Գրիգորյաններն ապրում են Կոտայքի մարզի Գառնի գյուղում: Ապրել բառն առնվազն շքեղություն է նրանց գոյավորման ֆոնին: Այս խրճիթում բնակվելը նույնն է, թե հանցանք գործելուց հետո հարկադրաբար պատժախցում հայտնվես: Պատիժ է նաեւ երկու որդի մեծացնելուց հետո գործազրկության պատճառով ամիսներով նրանց չտեսնելը:
Տիկին Սեդայի տղաները, հասկանալով, որ երեխաները սովամահ են լինում, ընտանիքներով տեղափոխվել են Արարատի մարզի Մասիս քաղաք: Ամուսինը` Համբարձումը, ասում է. «Ապրելու ձեւ չկա: Երեք թոռ ունենք, տղաներս անգործ էին, էլ ճար չկար, որովհետեւ երեխեքին օրերով հաց չէինք կարում հասցնել: Մասիսում գործ գտան ու տեղափոխվեցին էնտեղ»: Արտակն ու Աշոտը ներկայումս Մասիսում աղբահավաքի աշխատանք են կատարում: 20.000 դրամով տուն են վարձակալել եւ ժամանակավորապես հանգրվանել են այնտեղ: Երկուսն էլ ստանում են առավելագույնը 50.000 դրամ աշխատավարձ, որից միայն 20.000-ը հատկացնում են տան վարձավճարին: Երիտասարդ եղբայրները շատ են ամաչում աղբահավաքության աշխատանք կատարելու համար, բայց համարում են, որ Գառնիում գործազուրկ լինելուց գերադասելի է: Ամուսինները ներկայումս մենակ են մնացել, որի արդյունքում նախընտրում են խավարի մեջ ապրել, բայց էլեկտրականության պարտքեր չկուտակել: Երկուսն էլ հիվանդ են եւ անիմաստ են համարում անփող բուժհաստատություն դիմելը: «Էն դժվար տարիներին երկար տարիներ ավտոբուսի մեջ ենք ապրել: Մենք տուն չենք ունեցել: Մի հատ հին, ջարդուխուրդ եղած ավտոբուս էր: Մի օր երեխայիս տոկը խփեց, պիտի հրդեհ բռնկվեր, հրաշքով փրկվեցինք: Դա պատճառ դարձավ, որ կամաց-կամաց էս չորս պատը սարքենք: Քարերը շարեցինք, բետոնապատեցինք ու տենց էլ մնաց: Քանի գնաց` կյանքն ավելի վատացավ: Հիմա սենց բետոնի մեջ ապրում ենք»,- ասում է 48-ամյա Համբարձումը, ով ողնաշարի հիվանդության պատճառով համարվում է 3-րդ կարգի հաշմանդամ: Նա մշտապես ծանր աշխատանք է կատարել, իսկ վերջին տարիներին Աբովյան քաղաքի «Ճանշինում» (ճանապարհային շինարարություն) աշխատելիս ողնաշարը միանգամից թուլացել է, եւ հասցրել են հիվանդանոց: Ասում է. «Բժիշկներն ասեցին` միակ ճանապարհը վիրահատությունն ա, որի համար երաշխիք չենք տալիս: Կամ կլավանաս, կամ էլ` մարմինդ ամբողջապես կթուլանա ու կդառնաս անկողնային հիվանդ: Նախընտրեցի էսպես ապրել ու չհամաձայնեցի վիրահատությանը: Ոտքս լրիվ մաշվեց, բարակեց»: Համբարձումը տարիների ընթացքում արդեն կորցրել է գոնե ձեռնափայտով շարժվելու ունակությունը: Ամեն օր տասնյակ ցավազրկող դեղորայքով է ցավերը մի քիչ մեղմում: «Որ պրիստուպները բռնում են` սկսում ա ցավից կռռալ, լացում, գոռում, իրան կոտորում ա: Վայ, թշնամուս չեմ ցանկանա էդ տանջանքը»,- ասում է տիկին Սեդան, ով իր մասին խոսելն ավելորդ է համարում: Հարեւանուհին ասում է, որ երկու անգամ վիրահատված այս կինը, մեկ ամսից ավելի է, արյունահոսում է կանացի հիվանդության պատճառով: Թեեւ աստիճանաբար արնաքամ է լինում, այդուհանդերձ, բժշկի չի դիմում դատարկ գրպանով. «Երկու տարի առաջ ճնշումս բարձրացավ. մեր հարազատներից մեկը Աբովյանի հիվանդանոցում ա աշխատում, օգնեց, որ գնամ ստուգման: Բժիշկը հետազոտեց, ասեց` ինֆարկտ ես տարել, դեղեր, սրսկումներ նշանակեց: Արեցի, էլի փառք Աստծու, բայց հիմա էլ սենց արյունահոսում եմ միշտ, չեմ կարում քայլեմ, ոտքերս ցավում են»: Ամուսիններն ապրում են 24.000 դրամ աղքատության նպաստով եւ Համբարձումի 3-րդ կարգի հաշմանդամության համար տրամադրվող 9800 դրամ թոշակով: Մինչդեռ արդեն վեց ամիս է, ինչ Համբարձումին թոշակ չեն տրամադրում` պատճառաբանելով, որ նա պետք է կրկին հիվանդանոցում պառկի եւ բժշկական թղթերը ներկայացնի համապատասխան փորձաքննության կենտրոն: Հարցնում եմ` «Վեց ամիս դուք ապրում եք 24.000 դրամո՞վ, ինչպե՞ս»: «Օդով, հացի մեջ աղ ենք լցնում, ուտում ենք»,- ասում է տիկին Սեդան` վստահեցնելով, որ փաստաթղթերի վերաձեւակերպման պատճառով ներկայումս նպաստն էլ չեն տրամադրել, ուշացնում են: Փաստաթղթերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայանալ Աբովյան քաղաքում գտնվող սոցծառայություն, սակայն տրանսպորտի գումար չունենալու պատճառով տիկին Սեդան առայժմ սպասում է: Հաց թխելու համար մեկ պարկ ալյուր գնելու համար հարեւանից պարտք է խնդրել, որպեսզի նպաստը ստանալուն պես կամաց-կամաց պարտքը մարի: Ասում է.` «Լույսը չենք վառում, որ ամսական 1000 դրամից չանցնի: Գնում, մեքենա ունեցող վարորդներին խնդրում եմ, որ անպետք պակռիշկաները մեզ տան, բերում դրանով փեչը վառում, տաքանում ենք: Էս տարի վառելիք չլինելու պատճառով մեր խնձորի, բալի ծառներն եմ ստիպված կտրել: Ախր ի՞նչ անեմ, ցրտահարվում էինք: Երկուսս էլ հիվանդ ենք, գոնե մի քիչ գոլանում ա»: Տիկին Սեդան վստահեցնում է, որ Գառնիի գյուղապետը լավ մարդ է, շատ է օգնում կարիքավորներին, բայց… «Արդեն ամաչում ենք, ախր ինչքա՞ն կարելի ա խնդրել մարդուն: Անցյալ տարի Համբարձումի թոշակավորման համար իրան դիմեցի` անմիջապես օգնեց: Ախր ինչքա՞ն էսպես կարանք ձգենք, սա ապրել չի, սա տառապանք ա»: Սեդան ու Համբարձումը հասակակիցներ են` 48 տարեկան, բայց խրճիթի խավարի մեջ ծվարած այս մարդիկ զառամյալների տպավորություն են թողնում: Աղբահավաքի աշխատանք գտնելուն պես որդիները նախընտրել են երեխաներին սովից փրկելու համար լքել ծնողներին: Ամուսինները համակերպվել են հանուն թոռների մենակության ու անպաշտպան վիճակում ապրելու հետ: Սակայն այս ձմեռն անհաղթահարելի է: Կտրել են իրենց ունեցած վերջին խնձորենիներն ու բալենիները: Օրվա գոյատեւման պաշարն այլեւս սպառված է: