Վերջին 20 տարիների ընթացքում ստեղծված հայկական ֆիլմերն ակնհայտ թերություն ունեն. դրանք մարդկային հարաբերություններն անկարեւոր են համարում, եւ որպես դրա հետեւանք` ֆիլմերում ստեղծվում է կամ վերացական ու սյուրռեալիստական, կամ էլ` ծիծաղաշարժ կենցաղային հարթություն: Եվ ստացվում է, որ կամ ինքներս մեզ վրա ծիծաղում ենք (եւ նույնը հրավիրում ենք անել այլազգի հանդիսատեսին), կամ էլ` ինքներս մեզ պարզապես չենք հասկանում, քանի որ էկրանին տեսնում ենք բացարձակապես կյանքից կտրված պերսոնաժների: Եվ պետք է նկատել, որ երկու դեպքում էլ` զուտ կինոմասնագիտության տեսանկյունից (կոմպոզիցիա, կադրի կառուցում, լուսավորում, հնչյունային ձեւավորում, սցենարական աշխատանք եւ այլն), ստեղծում ենք մեծ ծավալի խոտան` քողարկելով դա պսեւդոհեղինակային քողով:
Ժամանակակից հայկական կինոյի մասին խոսելը մեծ հաշվով անիմաստ է, քանի որ չտեսնելով ամբողջական կինոհայացք` միշտ ստիպված ես լինում բավարարվել ինչ-որ մասնիկներ որոնելով: Եվ այդ գտնված մասնիկներն էլ երբեք չեն դառնում ամբողջական «փազլ», քանի որ զրկված են լինում «օդից»` հավաստիության նշաններից:
Սակայն վերջերս մի զարմանալի հայտնություն տեղի ունեցավ: Ի հայտ եկավ ֆիլմ, որն, ըստ կինոգետ Սուրեն Հասմիկյանի` «բոլորի ուշադրությունից պլստացել էր»: Խոսքը Մարտիրոս Փանոսյանի «Քառյակ» գեղարվեստական ֆիլմի մասին է, որը լույս աշխարհ եկավ 1987 թվականին, հասցրեց նեղ շրջանակում ցուցադրվել եւ միանգամից անտեսվեց: Այդ ֆիլմը քիչ մարդ է դիտել, շատ անվանի կինոգետներ` անգամ չեն էլ լսել ֆիլմի մասին: Եվ միայն վերջերս «Նարեկացի» արվեստի կենտրոնի շնորհիվ` «Քառյակը» կրկին էկրան վերադարձավ ու փաստեց, որ հայկական կինոն անհայտ եւ շատ գեղեցիկ էջ է ունեցել: «Քառյակը» իրապես գեղեցիկ ֆիլմ է, որի առանցքում լարային քառյակի երաժիշտներն են` իրենց մտորումներով, ստեղծագործական եւ անձնական խնդիրների միաձուլումով: Նրանք նվագում են, վիճում, հարմարվում միմյանց սոսնձված լինելու փաստի հետ, վերջիվերջո, ապրում են էկրանին` բնավ էլ չխուսափելով ոչ ժամանակի, որ էլ ներքին ձայնի հարցադրումներից: Դրանք հարցեր են, որ յուրաքանչյուր մարդ արարած իրեն տալիս է (կարելի՞ է արդյոք աշխատել կոլեկտիվում ու պահպանել անհատականությունը, եւ որտե՞ղ է զիջումների այն սահմանագիծը, որը հատելով` վերածվում ես անհոգի ռոբոտի ու դադարում ես զգոն պահել սերն ու երաժշտությունը ընկալող զգայարաններդ): Հենց այդ հարցերն են տանջում ֆիլմի գլխավոր հերոսին, որին մարմնավորել է էլեգանտ, բարձրահասակ ու գեղեցիկ դերասան Գրիգորի Մանուկովը: Նրա ջութակահար Անդրեասն իր «համլետյան» հարցերն ու ներքին ողբերգությունն ունի: «Քառյակի» բոլոր` նույնիսկ մի քանի շտրիխներով ուրվագծված երկրորդական պերսոնաժները, լիարյուն մարդիկ են, ովքեր ապրում են Երեւանում, ունեն իրենց ոճն ու մտքերը: Դրանք սխեմատիկ անձեր չեն, ինչպես վերացական «մաեստրոներն» ու «հայելու մեջ չնայող» սիմվոլիկ հերոսները, այլ մարդիկ են, ովքեր ապրում են կոնկրետ միջավայրում ու կոնկրետ ժամանակահատվածում: Հագնում են գեղեցիկ զգեստներ, ճաշակով կահավորում են իրենց բնակարանները (ինտերիերները ֆիլմում գրեթե գործող անձինք են), եւ իրենց երեխաների հետ խոսում են հավասարը հավասարի պես` հայկական օրորոցային երգեր երգելով, կամ էլ իմիջիայլոց (երաժշտական գործիքներ վերանորոգելու պահին) նրանց հետ դերերով արտասանելով Թումանյանի «Շունն ու կատուն»: Եվ հենց նման բծախնդրորեն ու ազնվորեն (ոչ կոնյունկտուրային) մշակված դետալների շնորհիվ է «Քառյակն» ամբողջական պատմություն դառնում: Ֆիլմի սցենարի հեղինակ Գրիգոր Բաբայանը, օպերատոր Հայկ Կիրակոսյանը, ֆիլմի նկարչական ու ձայնային պարտիտուրան մշակողները կարողացել են այնպես ներկայացնել երեւանցիներին ու Երեւանը, որ անվերապահորեն ընդունում ես` մենք սա ենք: Առանց նմանակման ու շահարկման: Նաեւ` առանց պարոդիայի:
«Քառյակը» Երեւանի մասին է, մեր մասին է (չէ՞որ «մենք» ասելով` միայն փնթի կենցաղով ապրող, կիսագրագետ, գեր ու տգեղ մարդկանց կամ էլ ինքնասիրահարված անձերի չենք պատկերացնում): «Մենքը» նաեւ բժիշկն ու երաժիշտն է, ջութակ վերանորոգող փիլիսոփան, խորաթափանց չարաճճի մանուկը, սլացիկ կազմվածք ունեցող կանայք, որոնց, ի դեպ, Մ.Փանոսյանն այնքան նրբանկատորեն է ընտրել, որ, թերեւս, առաջին անգամ կարողացել է ցայտուն կերպով էկրանին ներկայացնել ժամանակակից քաղաքում ապրող հայ կնոջը (ոչ գեղջկուհուն, այլ` հենց քաղաքաբնակ եվրոպացի հայուհուն): Չխնամված արտաքինով, տնային շորերով տոլմա փաթաթող ու նեոռեալիստական ֆիլմերի ոճի համաձայն` անընդհատ երեխաների վրա գոռգոռացող կին այս ֆիլմում չկա: Մ.Փանոսյանը կնոջը նայում է բոլորովին այլ դիտակետից. նրա կանայք ազատ են շինծու էթնո-ձեւավորումից ու խոսում են` միայն իրենց անունից (դաշնամուր են նվագում երեխայի համար, քանի որ այդպես են ընկալում մոր դերը, գեղեցիկ հագնված են դիմավորում նույնիսկ իրենց էքս-ամուսիններին, քանի որ այդպիսին է կնոջ բնությունը, իսկ երբ գալիս է ստեղծագործելու պահը, նրանք ստեղծագործում են ու հարկ եղած դեպքում էլ` «թարմացնում» են քառյակի ներսում թուլացած կապերը):
Իրականում այս բոլոր շեշտադրումները բնավ էլ մանրուքներ չեն, դրանք կինոմիջավայր կառուցող շատ կարեւոր էլեմենտներ են, որոնք վաղուց արդեն վերացել են մեր կինոյից: Մեր այսօրվա կինոյում իրականությունն արդեն ճանաչելի, եւ հետեւաբար` ընդունելի ու սիրելի չէ: Իսկ «Քառյակ» ֆիլմի պերսոնաժներին սիրում ես, քանի որ հեղինակների համար քո մեջ սեր, կարեկցանք, հուզմունք արթնացնելը կարեւոր է: Այլապես ֆիլմ նկարահանելն անիմաստ զբաղմունք է…
Կորած կինոշերտ
«Քառյակ» ֆիլմի մեջ այնպիսի մշակութային ֆոն-ենթատեքստ է ներդրվել, որը զարմանք ու հպարտություն է առաջացնում: Պարզվում է, մենք նման ֆիլմ ենք ունեցել, սակայն գռեհիկ այլաբանությունների իշխանության տարիներին` այն համարելով «նոնսենս»` շտապել են անտեսել: Երեւի ինքներս մեզ այս հայելու մեջ չենք տեսել կամ էլ` թաքցրել ենք այդ հայելին, որպեսզի եղած` ծուռ ու կեղտոտ արտացոլման սարքերը գոյության իրավունք ստանան:
Սուրեն Հասմիկյանը նկատում է. «Զարմանալի է, բայց մենք չգիտենք, թե ի՞նչ է կատարվում մեր կողքին (ես, օրինակ, չեմ էլ հասցնում մեր կինոպրոդուկցիայի կեսն անգամ դիտել): Եվ դա կինոգիտական լուրջ խնդիր է: Կան ֆիլմեր, որոնք անտեսվում են, մոռացվում են կամ էլ տարբեր պատճառներով չեն հասցնում ճիշտ ժամանակին «հնչել»: «Քառյակի» դեպքում, կարծում եմ, նշանակություն ուներ ժամանակը: Ֆիլմն ավարտվեց 1987 թվականին, երբ Հայաստանում համազգային շարժումն էր սկսվել, եւ ֆիլմը «կորավ» այդ տարիների թոհուբոհի մեջ: Ընդ որում` հայ կինոյի համար «կորավ» նաեւ Մարտիրոս Փանոսյանը` նա իր լիամետրաժ դեբյուտից հետո հեռացավ Հայաստանից: Եվ դա շատ սիմվոլիկ է… Այսօր մենք հասանք այն կետին, երբ հայկական կինոյից լրիվ դուրս է մղվել մարդը: Մարդն անհետացել է, նա այլեւս ունակ չէ հարաբերվել իր շրջապատի հետ, կինոպերսոնաժները շեղվում ու հեռանում են իրենց միջավայրից ու մարդկային հարաբերություններից: Եվ հենց այդ պատճառով էլ մեր կինոյից վերացել են միջին պլանները»:
Երիտասարդ կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը, ով կինոռեժիսոր Դիանա Կարդումյանի հետ արխիվից «պեղել» է «Քառյակ» ֆիլմն ու ներկայացրել հանդիսատեսին, նկատում է. «Քառյակի» մասին ոչ մի քննադատ տող անգամ չի գրել, կարծես նման ֆիլմ չի էլ եղել: Կարծում եմ, որ եթե ժամանակին այս ֆիլմի մասին իմանայինք, մեր կինոն բոլորովին այլ ճանապարհով զարգանալու հնարավորություն կստանար: «Քառյակը» շատ նուրբ թեմատիկա ու շեշտադրումներ ունի: Օպերատորական դպրոցը, հնչյունային շերտը, հագուստի ընտրությունը, պատմության կառուցումը ֆիլմը մոտեցնում են եվրոպական լավագույն ֆիլմերի որակին: Իսկ մեր կինոգետներն իրենց անտարբերությամբ պարզապես ոչնչացրեցին ֆիլմը»:
Մարտիրոս Փանոսյանն այժմ Մոսկվայում է ֆիլմեր նկարահանում, իսկ Գրիգորի Մանուկովն ապրում է Ֆրանսիայում ու ակտիվորեն նկարահանվում է եվրոպական ֆիլմերում:
Հայկական կինոն կարծես վաղուց արդեն կազմված, էջադրված ու փակված մի հատոր է, որտեղ շրջանառվում են նույն մարդկանց անուններն, ու որպես լավագույն ֆիլմեր հիշատակվում է կեսդարյա արտադրանքը: Րաֆֆի Մովսիսյանը նշում է, որ երբ 10 հայտնի կինոգետները փորձել են լավագույն հայկական ֆիլմերի սանդղակը գծել, նրանք հիշատակել են «Պեպոն», «Նամուսը», «Բարեւ, ես եմ» եւ էլի մի քանի հայտնի ֆիլմերը: Նորագույն հայկական ֆիլմերից ոչ մեկը նրանց (ինչպես թերեւս` հանդիսատեսի) ուշադրությանը չի արժանացել:
Մեր այսօրվա կինոն միապաղաղ ու անընկալելի է թերեւս հենց այն պատճառով, որ հարուստ չէ տարբեր ձեռագրերով, կինոհայացքներով ու ոճերով: Եվ հիմա հասունացել է «ծոցից լավ խաղաքարտեր հանելու» պահը: «Քառյակը» հենց այդպիսի խաղաքարտ է: Եթե 20 տարի առաջ մենք նման ֆիլմ ենք ստեղծել, ապա հիմա արդեն (եթե ամեն ինչ ճիշտ զարգանար) հաստատ կարող էինք եթե ոչ լավ կինոդպրոց ունենալ, ապա գոնե հոդաբաշխ սցենարներ գրել ու կադր կառուցող մասնագետներ ունենալ: Ս.Հասմիկյանը վստահ է, որ այսօրվա կինոդաշտում էլ քիչ չեն հայտնությունները, պարզապես պետք է կարողանալ տեսնել դրանք ու փոքր դիտումներ-ակցիաներ կազմակերպել: Եվ այս գործում շատ կարեւոր է «Նարեկացի» կենտրոնի աշխատանքը, որը կարողանում է որոնել ու մեզ վերադարձնել մեր ունեցվածքը` որոշ իմաստով կատարելով պետական մարմինների աշխատանքը: