Ինչպե՞ս մաքրել օրգանիզմը
– Աթերոսկլերոզի դեպքում օգտակար է սոխից պատրաստված թուրմը։ Կանաչ կամ գլուխ սոխը կտրատել, ավելացնել 100 գրամ սպիրտ։ 1 շաբաթ թրմել մութ տեղում։ Oրը 2-3 անգամ ընդունել 20-30 կաթիլ։ Ըստ մասնագետների՝ աթերոսկլերոզի կանխարգելման համար անհրաժեշտ է, որպեսզի օրվա սննդաբաժնի 70 տոկոսը բաղկացած լինի մրգերից ու բանջարեղենից։ Աթերոսկլերոզի դեպքում սննդակարգի մեջ խորհուրդ է տրվում օգտագործել բուսական յուղեր` արեւածաղկի, եգիպտացորենի եւ գետնանուշի։ Օգտակար եւ սննդարար է ձուկը։
– Օրգանիզմն ախտահանելու-մաքրելու դյուրին եւ անչափ արդյունավետ միջոց. 1 ճաշի գդալ բուսական յուղը (նախընտրելի է՝ արեւածաղկի) պահել բերանի խոռոչում՝ ատամնաշարին մոտ, եւ կոնֆետի պես ծծել։ Կուլ տալ չի թույլատրվում։ Գործողությունը պետք է տեւի 20 րոպե։ Սկզբում յուղը կարծես թանձրանում է բերանում, ապա դառնում ջրիկ, որից հետո հարկավոր է այն թափել։ Արտանետված հեղուկը պետք է սպիտակ գույն ունենա. եթե դեղնավուն է, ուրեմն գործողությունը պետք է երկար կատարել։ Վերջում անհրաժեշտ է բերանի խոռոչը ջրով ողողել։
– Օրգանիզմը ճարպային ու աղային նստվածքներից մաքրող, կարծրախտը, կրծքահեղձուկը, ինֆարկտը կանխող եւ նյութափոխանակությունը կարգավորող հին արեւելյան բուժամիջոց.
100-ական գրամ երիցուկը, սրոհունդը, անթառամը (կամ եգիպտացորենի մազիկները) եւ կեչու բողբոջները խառնել, սրճաղացով մանրացնել եւ պահել ամուր փակված ապակե ամանի մեջ։ Երեկոյան դեղաբույսերի խառնուրդի 2 ճաշի գդալի վրա ավելացնել 0,5լ եռջուր եւ 30-40 րոպե թրմել թերմոսում։ Քամել, մեկ բաժակ եփուկին ավելացնել մեկ թեյի գդալ մեղր եւ խմել։ Եփուկն ընդունելուց հետո ոչինչ չուտել եւ չխմել։ Գործողությունը կատարել քնելուց առաջ։ Առավոտյան մնացած հեղուկին ավելացնել 1 թեյի գդալ մեղր եւ խմել նախաճաշից 15-20 րոպե առաջ։ Այդպես՝ ամեն օր, մինչեւ խառնուրդի վերջանալը։ Այս բուժամիջոցն օգտակար է նաեւ տեսողությանը։
– Սխտորը (150-200 գ) մանրացնել, խառնել մեկ ճաշի աղի հետ եւ լցնել մեկ բաժակ եռացրած-սառեցրած ջրի մեջ, խառնել։ Սխտորաջուրն ավելացնել օրվա ընթացքում օգտագործվող պինդ եւ հեղուկ կերակուրների մեջ։ Սխտորաջուրն օրգանիզմը մաքրող եւ ախտահանող լավագույն միջոցներից է։ Սխտորը ոչնացնում է ժամանակակից բժշկությանը հայտնի համարյա բոլոր մանրէները։
– Օրգանիզմը խարամներից մաքրող միջոց. ամեն առավոտ 1,5 ճաշի գդալ աղացած կտավատի, 1 ճաշի գդալ մաքուր մեղրի եւ 1 թեյի գդալ ձիթապտղի յուղի խառնուրդը ուտել 1 բաժակ թեյի հետ։ Մինչեւ կեսօր ոչինչ չուտել։ Կրկնել մեկ ամիս շարունակ։
– Առավոտյան, նախաճաշից 30 րոպե առաջ օգտակար է խմել հետեւյալ հեղուկը. 1 բաժակ գազը հեռացրած ջերմուկի մեջ ավելացնել 1 թեյի գդալ մեղր, մի կտոր կիտրոն։
Օրգանիզմի առողջության հիմնական նախապայմանը մաքրությունն է։ Խարամներից օրգանիզմի մաքրումը կատարվում է 3 ամիսը 1 անգամ։ Օրգանիզմի կանոնավոր մաքրումն ամուր առողջության, նաեւ երկարակեցության գրավականն է։
Մաքրման մեթոդները բազմազան են։
– Օրգանիզմի մաքրում սովապահությամբ. մաքրման այս տեսակի մասին ասվում է Աստվածաշնչում (ի դեպ՝ պահքի նպատակը հենց դա է)։ Սակայն առանց հոգեւոր մաքրման պահքն անիմաստ է դառնում, այն ընդամենը վերածվում է դիետայի)։
– Օրգանիզմի մաքրման մեթոդներից մեկը, որը հանձնարարում է հին արեւելյան բժշկությունը, հիմնված է յուրաքանչյուր օրգանի առանձին-առանձին եւ հաջորդական մաքրման վրա։ Դոկտոր Ուոքերի կողմից առաջարկված՝ օրգանիզմի մաքրումը թարմ հյութերով, հանդիսանում է առավել արագ եւ արդյունավետ մեթոդներից մեկը։
– Կայծքարաջուրը հրաշալի միջոց է աղեստամոքսային տրակտի, աղերի կուտակման եւ այլեւայլ հիվանդությունների դեպքում։ Պատրաստվում է միայն սեւ կամ գորշ կայծքարից։ Մի կտոր կայծքարը խոզանակով լավ լվանալ օճառաջրի մեջ, ապա մաքրաջրել։ Շատ մանր փշրել, լցնել արծնապատ, կավե կամ ապակե ամանի մեջ եւ վրան ջուր ավելացնել։ 10 օր հետո այն պատրաստ է օգտագործելու համար։
– Աղիները մաքրելու հրաշալի միջոց. 2 ճաշի գդալ բուսական յուղը լուծել 1 լիտր գոլ ջրի մեջ։ Այս հեղուկով հոգնաները շատ են օգնում փորկապության դեպքում։
– Օրգանիզմը խարամներից մաքրող, ինչպես նաեւ՝ զարկերակային ճնշումը կարգավորող պարզ միջոց. ամեն երեկո 1 սուրճի բաժակ բրնձի հատիկների վրա ավելացնել ջուր, գիշերը թողնել, առավոտյան քաղցած ժամանակ ուտել։ Բուժման կուրսը՝ մեկ ամիս։
– Օրգանիզմից թթվային թույները հեռացնելու նպատակով խորհուրդ է տրվում նեխուրի (քարավուզ) սերմերից թեյ պատրաստել։ Մեկ թեյի գդալ նեխուրի տրորած սերմերի վրա ավելացնել 1 բաժակ եռջուր եւ թրմել 5-10 րոպե։ Ըմպելիքին ավելացնել մեկ թեյի գդալ մանր կտրատած թարմ մաղադանոս։ Այնուհետեւ քամել։ Թեյը պատրաստ է։ Օգտագործել ամեն օր մեկ բաժակ։ Բուժման տեւողությունը՝ երկու շաբաթ։
– Լյարդը մաքրելու պարզ միջոց. նախաճաշին օգտակար է հնդկաձավարի (չՐպփՍՈ) ապուրը` բուսական յուղով: Ընդ որում, պետք է եփել ընդամենը 1-2 րոպե: Հնդկաձավարը նվազեցնում է խոլեստերինի քանակն օրգանիզմում, մաքրում է շլակները:
– 500 գրամ սխտորը քերել-մանրացնել եւ լցնել փայտյա կամ հախճապակյա տարայի մեջ (սխտորը երկաթյա տարայի մեջ չպետք է լինի): 30 րոպե թողնել մնա: Վրան ավելացնել 200 գրամ 96%-ոց սպիրտ: Լցնել շշի մեջ, բերանը փակել եւ 10 օր մութ տեղում պահել: Այնուհետեւ քամել, թողնել եւս 2-3 օր, ապա կաթիլ առ կաթիլ խմել սառը կաթի հետ (յուրաքանչյուր անգամ` թեյի բաժակի 1/4 չափով կաթ): Խմել ուտելուց 20 րոպե առաջ, օրը 3 անգամ: Առաջին օրը` 2-ական կաթիլ՝ նախաճաշին եւ ճաշին, 3 կաթիլ` ընթրիքին: Հաջորդ օրերին խմել՝ 1-ական կաթիլ ավելացնելով: Այդպես շարունակել` մինչեւ 15 կաթիլ: Այնուհետեւ 1-ական կաթիլով պակասեցնելով շարունակել խմել այն: 10-րդ օրը ընթրիքին կմնա 1 կաթիլ: Այնուհետեւ 11-րդ օրը յուրաքանչյուր խմելուց օգտագործել 25-ական կաթիլ: Այսպիսով կմաքրեք ձեր օրգանիզմը ճարպային կուտակումներից, կարգավորվում է նյութափոխանակությունը, անոթները մաքրվում եւ էլաստիկ են դառնում: Այս դեղատոմսը կարելի է կրկնել 6 տարին 1 անգամ հաճախականությամբ:
Առողջ եղեք: