Գազը չի թանկանա

26/02/2011

Երեկ Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հանդիպման մասին տեղեկատվություն էր տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը, որի համաձայն, Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը քննարկել են ռուս-հայկական համագործակցության հետ կապված հարցեր, քննարկել են հրատապ միջազգային խնդիրներ: Հայտնի էր նաեւ, որ հանդիպման օրակարգի հիմնական հարցերից է եղել առեւտրատնտեսական համագործակցությունը, մասնավորապես` ատոմային էներգետիկայի բնագավառում: Քաղաքական օրակարգի հարցերից էր համագործակցությունը ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում, ԵվրԱզԷՍ-ում, ինչպես նաեւ՝ Ղարաբաղի հարցը, որի կարգավորման բանակցությունների շրջանակում ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կայանալու է մարտի 5-ին Սոչիում: Հանդիպումից հետո նախագահները որեւէ հայտարարություն չեն արել: Դ. Մեդվեդեւը, ի պատասխան լրագրողների հարցերի, ասել է միայն. «Կարեւորն այն չէ, թե ինչ կասենք, այլ այն՝ թե ինչ կանենք»: Իսկ հանդիպումից հետո ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն ասել է. «Մենք բավարարված ենք հանդիպման արդյունքներով: Նախագահ Սարգսյանի սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ: 2011 թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի: Ավելին, սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը կնվազի: ՀՀ նախագահը հանձնարարել է մշակել համապատասխան մեխանիզմներ»: Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հրապարակվել: