«Անկախացումից ի վեր Հայաստանն ու Վրաստանն ավելի լավ հարաբերություններ չեն ունեցել, քան հիմա է»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: «Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում բոլոր մակարդակներով, ընդ որում` դրանք ոչ թե պարզապես արձանագրային հանդիպումներ են, եւ ոչ էլ կովկասյան երդումներ հավերժական եղբայրության, բարեկամության մասին, այլ շատ կոնկրետ, պետքական եւ անհրաժեշտ հանդիպումներ են, որոնց ընթացքում մենք քննարկում ենք ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի, գիտության եւ մշակույթի ոլորտներում համագործակցության մասին հարցեր,- ասել է Վաշաձեն` ավելացնելով,- Վերջերս` բառացիորեն մեկ շաբաթ առաջ, մեր վարչապետը Հայաստանում էր, երկու վարչապետերը հանդիպեցին եւ քննարկեցին բոլոր հարցերը, որ հուզում են կողմերին` մեր տնտեսական համագործակցության ոլորտում: Այդ պատճառով, հավատացեք, եթե Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները բնութագրելու լինենք, ապա ես կասեի, որ դա փաստացի ռազմավարական գործընկերություն է»: Ի պատասխան դիտարկմանը, որ վրաց-ռուսական հարաբերությունները շարունակում են լարված մնալ, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանի բարեկամն է, Վրաստանի արտգործնախարարն ասել է, որ Ռուսաստանի` որեւէ երկրի հետ ունեցած հարաբերությունները չի ցանկանում մեկնաբանել: Նա շեշտել է, որ դա միայն տվյալ երկրին վերաբերող հարց է եւ որեւէ կերպ չի ազդում Հայաստան-Վրաստան հարաբերությունների վրա: Վրաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջ հակամարտության կարգավորման ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլին, որ մեկնարկում է մարտի 4-ին Ժնեւում, նշելով, որ այժմ քայլեր ձեռնարկելու հերթը Ռուսաստանինն է: «Վրաստանն արդեն սպառել է նախաձեռնությունների լիմիտը: Վերջին նախաձեռնությունը նոյեմբերի 23-ին էր, Վրաստանի նախագահը Եվրախորհրդարանում ելույթ ունենալով՝ իրավաբանորեն պարտավորություն ստանձնեց` ուժ չկիրառել օկուպացիոն ուժերի նկատմամբ: Այդ մասին նամակները մենք ուղարկեցինք ժնեւյան բանակցությունների բոլոր մասնակիցներին եւ Եվրամիություն, եւ ԱՄՆ-ի նախագահին: Այժմ հերթը Ռուսաստանինն է: Նրանք էլ պետք է ստանձնեն նույնպիսի պարտավորություն, որ Վրաստանի նկատմամբ ուժ չեն կիրառի: Իսկ այդպիսի ռազմական ծրագրեր կան»,- հայտարարել է Վաշաձեն: