Պարտություն` բոլոր ոլորտներում

26/02/2011

«Մեր կյանքի բոլոր ոլորտներում ծանր ճգնաժամ է, ինչը նշանակում է, որ հասարակական, հանրային ընդվզումն արդեն առկա է»,- Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: «Ցանկացած ոք ամեն օր քաղաքում կարող է տեսնել որեւէ մակարդակի հանրային ընդվզում, որեւէ հարցի նկատմամբ դժգոհության արտահայտում: Եվ այս ամենը մատնանշում է, որ հրդեհն արդեն բռնկվել է, մնացել է, որ առանձին օջախները միանան իրար եւ մաքրեն երկիրն այս օկուպացիոն ռեժիմից, որը ցանկանում է ամեն գնով պահել իշխանությունը»,- ասել է Տ. Խզմալյանը` ավելացնելով, որ սոցիալական բունտ կոչվածը հենց հանրային ընդվզումն է, որը «ոչ միայն հացի խնդիր է կամ դժգոհություն շաքարավազի թանկացումից, այլ կյանքի բոլոր ոլորտներում առկա ճգնաժամի դրսեւորում»: «Մեզ շրջափակել են մեր կյանքի բոլոր ոլորտներում: Գործազրկության այս մակարդակը, քաղաքացիական ազատությունների ստորացնող բացակայությունը, վեցօրյա աշխատելու այս օրենքը, հեռուստատեսությունների խայտառակ զոմբիացումը, այս ամենը նշանակում է, որ մենք պարտություն ունենք մեր կյանքի բոլոր ոլորտներում»,- ասել է Խզմալյանը: Խոսելով արաբական հեղափոխությունների եւ Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին` «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը նշել է, թե դրանք զուտ արաբական հեղափոխություններ անվանելը սխալ է: «Ցանկացած ապստամբության ազգությունը կարող է փոխվել»,- ասել է նա` հավելելով, որ աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունները ժողովրդական ապստամբություններ են, որոնց թիրախը կոռումպացված, հակաժողովրդական բռնակալներն են, որոնք իշխանության են եկել 20-րդ դարի վերջին ու ցանկանում են ամեն գնով պահպանել իշխանությունը: «Նոր սերունդը չի ցանկանում անցնել այդ իշխանության թրի տակով, չի ցանկանում իր ապագան վաճառել 30 արծաթով: Սա է նման հեղափոխությունների պատճառը»,- ասել է Խզմալյանը, ում կարծիքով՝ արտաքին սպառնալիքների մտավախության պատճառով է, որ Հայաստանում նման ապստամբություններ չեն սկսվել, եւ պահպանվում է «այս փխրուն իրավիճակը»: Խոսքը, ըստ նրա, մասնավորապես Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգի մասին է: «Բայց դա ցնորք է` իշխանությունը պահպանելու համար»,- ասել է նա: