Տեխզննումը կվերանա՞

26/02/2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին հանձնարարել է ուսումնասիրել ավտոմեքենաների տեխզննման ոլորտում առկա վիճակը: «Հիմնական գանգատն այն է, որ իրական տեխզննում չի իրականացվում, բայց լրացուցիչ գումարներ են վերցնում: Բազում անհարմարություններ ենք պատճառում մարդկանց, որի դիմաց բյուջեն ընդամենը 17 մլն դրամ է ստանում»,- ասել է Տ. Սարգսյանը: Նա խորհուրդ է տվել պայմաններ ստեղծել տեխզննումը կամավոր դարձնելու համար:

Հայաստանում տեխզննում են իրականացնում 31 կազմակերպություններ, որոնցից 10-ը` Երեւանում: Մեր տեղեկություններով՝ տեխզննում իրականացնող կազմակերպությունների մի մասը պատկանում է մոտ 2 տարի առաջ կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ ներկայացուցիչներին, այդ թվում` նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանին: Մի մասն էլ պատկանում է ՏԿ նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանին: Թե ՀՅԴ ներկայացուցիչները, թե Ա.Մանուկյանը համարվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի գործիչներ: Հենց Ռ. Քոչարյանի ու Ա.Մանուկյանի պաշտոնավարման ընթացքում ավտոմեքենաների տեխզննման համար ստեղծվեցին այս 31 կազմակերպությունները, որոնց շահագործման արտոնությունները տրվեցին նրանց մերձավոր շրջապատի մարդկանց: Քաղաքական շրջանակներում խոսում են, որ այս քայլը թեեւ արդարացի է, սակայն ուղղված է Ռ. Քոչարյանի ու նրա մերձավոր շրջապատի դեմ: