– ԱՄՆ պետքարտուղարների, ՌԴ փոխարտգործնախարարի վերջին այցերը Հայաստան, երեկ՝ Դմիտրի Մեդվեդեւի, առաջիկայում՝ նաեւ Իլհամ Ալիեւի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումները նշանակո՞ւմ են արդյոք, որ ԼՂՀ կարգավորման գործընթացում նոր փուլ է սկսվում:
– Նախ՝ տարի է սկսվել: Ամփոփվեց նախորդ տարին, եւ անհրաժեշտ է ինչ-որ քայլեր ձեռնարկել: Թե՛ Կարասինի, թե՛ Սթայնբերգի այցելությունները հավանաբար կարծիքներ փոխանակելու նպատակ ունեին. տեսնել, թե կողմերն ինչքանով են պատրաստ ավելի ռեալ խաղաղ կարգավորման ճանապարհին քայլեր կատարելու համար: Իհարկե, նաեւ պետք է հաշվի առնել, որ կոնկրետ ԱՄՆ-ի եւ Եվրամիության պարագայում այլ խնդիրներ էլ կան, որ շատ մտահոգիչ են իրենց տեսանկյունից` այն հաղթական հեղափոխությունների տարափը, որ գալիս է Հյուսիսային Աֆրիկայից եւ մոտենում է արդեն այս տարածաշրջան: Այս ֆոնի վրա նավթի գների բարձրացումը եւ իրավիճակի հնարավոր սրումը Սաուդյան Արաբիայում: Նաեւ կարեւորվում է արդեն Նաբուկոյի կամ, այսպես կոչված, Հարավային հոսքի վերաբերյալ ինչ-որ քայլեր անելը: Այս պարագայում պետք է ասել, որ ռուս-ադրբեջանական հնարավոր համագործակցությունը Հարավային հոսքի ուղղությամբ կարող է դիտարկվել՝ որպես գազի արտահանման ոչ վտանգավոր ճանապարհ: Եվ դա կարող է խոչընդոտել Նաբուկոյին: Այդ այցելությունները կարելի է դիտարկել այս ամբողջ խնդիրների համատեքստում:
– Փաստորեն այդ այցելություններն ավելի շատ տնտեսակա՞ն նպատակներ էին հետապնդում:
– Միշտ էլ ասել եմ, որ տնտեսությունը եւ քաղաքականությունն իրարից տարանջատել չի կարելի: Շատ հաճախ հենց տնտեսությունն է թելադրում քաղաքականությունը եւ՝ հակառակը: Կամ փոխկապակցված են:
– Իսկ պատերազմի վերսկսման հավանականությունը մեծացե՞լ է, որ արտասահմանցի բարձրաստիճան այդ պաշտոնյաները մտահոգություններ ունեն:
– Վտանգը միշտ էլ եղել է, հիմա ուղղակի Ադրբեջանի հռետորաբանությունն է սրվում: Բայց այցելությունները գոնե վերջին տասնամյակում միշտ էլ եղել են: Տարին ամփոփվել է ԵԱՀԿ-ում, նոր տարին սկսվում է նոր գաղափարներով ու նոր նախաձեռնություններով: Եթե հետեւում եք լրատվական արտահոսքին, արդեն խոսք է գնում, որ Թուրքիան Ադրբեջանի հետ համաձայնեցված՝ փորձում է նաեւ այն տարբերակը, որ մեկ-երկու տարածքների հանձնման պարագայում հնարավոր է հայ-թուրքական հարաբերությունների բարելավում: Այսինքն՝ որպես նախապայման՝ չի պահանջում ԼՂՀ հարցի համապարփակ լուծում: Տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն: Կունենանք հերթական տեղեկատվության ծավալը, որը հնարավորություն կտա որոշակի վերլուծել ապագա զարգացումները:
– Արաբական երկրների հեղափոխական ալիքի տարածման դեպքում բարձրաստիճան այդ պաշտոնյաներին ավելի շատ հետաքրքրում է մեր երկրում էլ նման իրավիճակի հավանականությո՞ւնը, թե՞ հակառակը` ներկայիս վիճակի պահպանումը:
– Շատ կարեւորագույն բան տեղի ունեցավ, բոլոր դիկտատորները գիտակցեցին, որ իրենց ամենակարեւոր զենքը` մարդկանց հիմարացնելու եւ պետական պրոպագանդա տանելու միջոցով մարդկանց սուտը հրամցնելու դարն անցել է: Նոր տեխնոլոգիաների զարգացումը հասարակությանը հնարավորություն է տալիս ավելի իրազեկ լինել եւ ավելի հստակ պայքարել իր իրավունքների համար: Եվ դա է, թերեւս, պատճառը, որ ԱՄՆ արտաքին գերատեսչության բոլոր ղեկավարների վերջին հայտարարություններում շատ ավելի շեշտադրվում է ժողովրդավարական փոփոխությունների կարեւորությունը, մարդու իրավունքների պաշտպանության հարցերը: Լուրջ բանավեճ կա արդեն ամերիկյան հասարակությունում, թե ինչքանով է կարեւոր մարդու իրավունքների եւ ժողովրդավարության կայացումը նման երկրներում: Եվ, որ ժամանակն է հռետորաբանությունից անցնել մարդու իրավունքների համար կոնկրետ աջակցության: Եվ այս ամբողջ ալիքը դեռ տարածվելու է ողջ Մեծ ու Միջին Արեւելքով: Շատ փոփոխություններ են լինում: Ինչո՞ւ էր ԱՄՆ-ը կամ Եվրոպան հանդուրժում այդ դիկտատորներին: Որովհետեւ շատ դեպքերում այնտեղ նավթային եւ գազային շահերը ստիպում էին: Մի պարագայում՝ դա քաղաքական աջակցության խնդիր է, մյուս պարագայում` նավթի եւ գազի առկայություն: Դրա համար աշխարհը հիմա սրտատրոփ նայում է, թե Սաուդյան Արաբիան կդիմանա՞ այս փորձությանը, որովհետեւ շատ կարեւոր դերակատարություն ունի նավթ արտահանող երկրների կազմակերպությունում: Այս բոլոր հարցերը փոխկապակցված են:
– Աֆրիկյան երկրների ընդվզումների այդ ալիքը Հայաստան հասնելու հավանականությունը ինչպե՞ս եք գնահատում:
– Հայաստանի ժողովուրդն է դա որոշում: Եթե ժողովուրդը հանդուրժում է այս իշխանություններին, ուրեմն այդ ալիքն այստեղ չի հասնի: Հիմա փորձը ցույց տվեց, որ այն երկրներում, որտեղ արդեն, ինչպես ժողովուրդն է ասում, դանակը ոսկորին էր հասել, պատրաստ չէին այլեւս հանդուրժել: Եվ դա ուղղակի լավ ազդակ եղավ մյուսների համար` թե, եթե կարելի է այս երկրում, ինչո՞ւ չի կարելի մեր երկրում էլ անել: Այդ առումով դա լավ պատգամ է հայ ժողովրդին, որ ցանկացած դիկտատորի կարելի է վռնդել երկրից:
– Մեր ժողովրդին չհաջողվեց փոփոխություններ իրականացնել: Իշխանական լծակնե՞րն էին ուժեղ, թե՞ ժողովուրդը չպայքարեց մինչեւ վերջ: Միգուցե Հայաստանում իրավիճակն այդքա՞ն վատթար չէր:
– Երկուսն էլ կա, եւ իշխանություններն են ամեն գնով փորձում վախեցնել հասարակությանը, ահաբեկել: Նույնիսկ երեկվա դեպքերը` ընդամենը երիտասարդները փորձում են իրազեկման թերթեր բաժանել: 21-րդ դարում թերթ բաժանելու համար երիտասարդ աղջիկներին տանում են Ոստիկանություն՝ ահաբեկելու: Սա ոչ թե կոնկրետ այդ երիտասարդներին են ցանկանում ահաբեկել, այլ հասարակությանը: Եվ քանի դեռ հասարակությունը չի գիտակցում, որ հաջորդն ինքն է լինելու, իր երեխան է լինելու, մենք բոլորս պետք է գիտակցենք, սա շատ փոքր երկիր է, որ ինչ կատարվում է, դա մեզանից յուրաքանչյուրի հետ կարող է կատարվել: Այսօր այս մարդու երեխային են բանակում սպանում, վաղը` մեկ ուրիշինը: Եթե սկսենք գիտակցել որպես մեր ընդհանրական խնդիր, այդ դեպքում ցանկացած շարժում էլ հաջողության կհասնի: Առանձին-առանձին կան դժգոհություններ, հավանաբար կա՛մ պետք է իրավիճակը բարելավվի, կա՛մ այդ մարդիկ իրենց իրավունքների համար պետք է մինչեւ վերջ պայքարեն: Մեկ-երկու պիկետով հարցեր չեն լուծվում, երկարատեւ պայքար է պետք: Ոչ մի հասարակություն ազատությունը չի ձեռք բերել մեկ-երկու պիկետով: Պետք է պայքարեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց իրավունքները չեն վերականգնվել: Սոցիալական հարցերով այս բոլոր խմբերը պետք է նաեւ քաղաքական հարցեր առաջ քաշեն: Ի վերջո, սոցիալական այս վիճակը տխմար քաղաքականության հետեւանք է:
– Վերջերս միջազգային հանրությունը չընդունեց Բելառուսի ընտրությունները, արաբական երկրների դեպքում էլ Արեւմուտքն անընդհատ հետեւում է եւ արձագանքում, պահանջներ ներկայացնում այդ երկրների ղեկավարներին: Հայաստանի դեպքում այդպես չեղավ: 2008-ի ընտրություններից հետո էլ հայ հասարակությունը բազմահազարանոց ցույցեր ու երթեր արեց, հետո տեղի ունեցան մարտի 1-ի դեպքերը: Ինչո՞ւ Հայաստանի ժողովուրդը չստացավ միջազգային հանրության աջակցությունը:
– Բոլորն առաջնորդվում են իրենց ազգային շահերով: Սա մեր խնդիրն է, մենք պետք է մեր խնդիրը լուծենք: Ի վերջո, Եգիպտոսում կամ Թունիսում ոչ մեկն աջակցություն չէր ցուցաբերում, ուղղակի ողջ աշխարհը սպորտային հետաքրքրությամբ նայում էր, թե ինչ է լինելու: Ժողովուրդը ստիպեց, որ իրենց դիկտատորները փախչեն: